Հրահանգը կատարել է

28/11/2007

«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի գործով դատավարության ժամանակ ՀՀ Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը երեկ սենսացիոն որոշում է կայացրել: Նա առանց որեւէ բացատրության դադարեցրել է գրավոր ապացույցների ուսումնասիրությունը եւ հայտարարել է, որ դատավարությունն ավարտվել է: Մինչդեռ դատարանը դեռ նոր էր սկսել ուսումնասիրել գործում եղած գրավոր ապացույցները: Դատավորը «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների դատապաշտպան Աշոտ Սարգսյանին նույնիսկ թույլ չի տվել որեւէ միջնորդություն ներկայացնել: Ավելին, Ս. Ղազարյանը դատապաշտպանին ընդամենը 1 ժամ է տվել պաշտպանական ճառն ասելու համար: Վերջին խոսքն ասելու համար նույն վիճակի մեջ է դրել նաեւ մեղադրյալներ Գ. Հակոբանին եւ Ա.Ղազարյանին: Ա. Սարգսյանի կարծիքով՝ դատավորին ուժեղ «կլիզմա» են արել, դրա համար էլ նա փորձում է շուտափույթ ավարտել այդ դատավարությունը: Ա. Սարգսյանն ընդհանրապես հույս չունի, որ Վերաքննիչ դատարանը «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների նկա-տմամբ արդարացի դատավճիռ կկայացնի: Պարզապես միակ մխիթարող հանգամանքն այն է, որ Դատախազության մեղադրողներն իրենց պահանջը դատարանից մեղմել են՝ 11 տարվա փոխարեն նրանք Ա. Ղազարյանի համար պահանջել են 2, իսկ Գ. Հակոբյանի համար՝ 6 տարի ազատազրկում: Իսկ դատավոր Ս. Ղազարյանն, ի տարբերություն Պարգեւ Օհանյանի, հավանաբար այս պահանջը կկատարի: «Ստացվում է` մենք օգնում ենք Ս. Ղազարյանին նոր պաշտոն ստանալու համար,- ասում է դատապաշտպան Ա. Սարգսյանը: -Ոնց էլ լինի` մի տեղ դատարանի նախագահ կտան»: Դատարանը որոշեց դատավճիռը հրապարակել նոյեմբերի 29-ին: