Ռուսներն արդեն սկսել են

28/11/2007

ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2008թ. մարտի 2-ին: Դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի իշխանության թեկնածուն, եւ փորձագետների կարծիքով՝ այդ մասին Վլադիմիր Պուտինը կհայտարարի դեկտեմբերի

2-ին անցկացվելիք Պետդումայի ընտրություններից հետո: Ի տարբերություն իշխանությունների, ընդդիմադիր որոշ թեկնածուների անուններ արդեն հայտնի են, եւ նրանցից երկուսը նախօրեին ձերբակալվել են: Մասնավորապես «Դրուգայա Ռոսիա» դաշինքի կողմից նախագահության թեկնածու հայտարարված Գարրի Կասպարովին ձերբակալեցին շաբաթ օրը` Մոսկայում կայացած բողոքի ակցիայի ընթացքում: «Ակնհայտ է, որ եթե այս վարչակազմը փոքր-ինչ տեւական կյանք ունենա` դա կվտանգի Ռուսաստանի գոյությունը: Սա է պատճառը, որ մեր գլխավոր նպատակն է՝ կոռումպացված, ստախոս, հանցավոր ռեժիմի ապամոնտաժումը», – լրագրողներին ասել է Կասպարովը, որից մի քանի րոպե անց ոստիկանները ձերբակալել են շախմատի աշխարհի նախկին չեմպիոնին: Նույն օրը երեկոյան Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի դատարանը Կասպարովին դատապարտել է 5 օրվա ազատազրկման: Իսկ կիրակի օրն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել Սանկտ Պետերբուրգում: Ոստիկանությունը, սակայն, արագ ցրել է ցույցի մասնակիցներին` բերման ենթարկելով նախագահական հավակնությունների մասին հայտարարած մեկ այլ ընդդիմադիր գործչի` Աջ ուժերի միության առաջնորդ Բորիս Նեմցովին, որն էլ իր հերթին ձերբակալությունից մի քանի րոպե առաջ հայտարարել է. «Մենք բացարձակապես համաձայն չենք ոչ Պուտինի պլանին, ոչ էլ Պուտինի քաղաքական կուրսին, որովհետեւ այդ կուրսը տանում է դեպի երրորդ աշխարհի երկրներ»: Մի քանի ժամ անցկացնելով Ոստիկանության բաժանմունքներից մեկում` Նեմցովն ազատ է արձակվել: