Նամակ-պատասխան

28/11/2007

«168 Ժամի» «Երիցյանին չեն հասկանում» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն խնդրին, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունքում չէր հասցրել որպես «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը «168 Ժամին» պատասխանել է, որ Ն. Երիցյանն արդեն իսկ երկու նիստ է անցկացրել. առաջինը՝ հուլիսի 6-ին, եւ երկրորդը` սեպտեմբերի 11-ին: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, որը հանդիսանում է նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր պաշտոնավարման ամիսների ընթացքում արդեն իսկ գումարել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի թվով երկու նիստ` 2007թ. հուլիսի 6-ին եւ սեպտեմբերի 11-ին: Գումարված նիստերի քննարկումների արդյունքում, նախարարի առաջարկով, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման եւ ծրագրերի կատարելագործման նպատակով ձեւավորվել է Խորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ՓՄՁ աջակցող կազմակերպությունների եւ իրենց գործունեության շրջանակներում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհուրդը ղեկավարում է Հայաստանի գյուղատնտեսության ՓՄՁ շուկաների զարգացման ծրագրի ղեկավար Գարի Քիլմերը: Խորհրդի նիստերը, որոնց մասնակցում է նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ: Այժմ Խորհրդատվական Խորհուրդը ձեռնամուխ է եղել ՓՄՁ ոլորտի զարգացման, ՓՄՁ աջակցության իրականացման մեխանիզմների կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթի մշակմանը, որը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ»,- գրված է պատասխան-նամակում: Առաջին` հուլիսի 6-ին անցկացված նիստի վերաբերյալ «168 Ժամն» իր ընթերցողներին տեղեկացրել է թերթի դեռեւս 2007թ. հուլիսի 7-9-ի թիվ 75 համարում, նշելով, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարն ի պաշտոնե զբաղեցնում է նաեւ ՓՄՁԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Հուլիսի 6-ի նիստի ժամանակ էլ Ն. Երիցյանն ընտրվել է

ՓՄՁԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իսկ երկրորդ` սեպտեմբերի 11-ի նիստին հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ չեն մասնակցել, եւ նրանք մեր լրագրողին տեղեկացրել են, որ նշյալ նիստի մասին տեղեկացված չեն եղել: