1 դոլարը կհավասարվի 250 դրամի՞

27/11/2007

Այս շաբաթ դոլարը նորից սկսեց կտրուկ արժեզրկվել: Երեկ արդեն 1 դոլարն արժեր 300 դրամ (որոշ փոխանակման կետերում` 290 դրամ), այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 326 դրամ էր: Ի դեպ, 2003թ. համեմատ դոլարն արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով: Ընդ որում, այս օրերին նշվում էր հայկական դրամի 14-րդ տարեդարձը, եւ կարծես թե կուրսի այս փոփոխությունը յուրօրինակ նվեր էր մեր ազգային արժույթին: Հիշեցնենք, որ 14 տարի առաջ երբ դրամը շրջանառության մեջ մտավ, 1 դոլարն արժեր 14,5 դրամ: 2003թ. սկզբին 1 դոլարն արժեր 590 դրամ: Իսկ մինչեւ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, 1 դոլարը կհավասարվի 250 դրամի: Այս օրերին բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի աշխատողները միմյանց հետ խոսում եւ մտերիմներին զգուշացնում են, թե առաջիկա 1 ամսվա ընթացքում 1 դոլարի արժեքը կհասնի 250 դրամի: Տարեվերջ է, եւ արդեն սկսվել է ամանորյա տոների նախապատրաստությունը: Այդ առիթով մեր ազգաբնակչությունը միայն դեկտեմբեր ամսին արտերկրի իր բարեկամներից ստանում ու ծախսում է այնքան դոլար, որքան կծախսեր մի քանի ամիսների ընթացքում: Այնպես որ, մեր ազգաբնակչությունը միայն դեկտեմբերին կկորցնի միլիոնավոր դոլարներ: Դոլարն արժեզրկվում է նաեւ ամբողջ աշխարհում, բայց մի քանի անգամ ավելի ցածր տեմպերով, քան դա տեղի է ունենում Հայաստանում: Օդանավեր արտադրող ֆրանսիական «Էյրբաս» ընկերության ղեկավար Թոմաս Էնդերսը զգուշացրել է, որ եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի արժեզրկումն արդեն «կյանքին սպառնացող» չափերի է հասնում: Նա հայտարարել է, որ չնայած բազմաթիվ նոր կանոններին, «Էյրբասը» վիթխարի կորուստներ է կանխատեսում կապված տարադրամի փոխարժեքի հետ, եւ կարծիք է հայտնել, թե հարկ կլինի այդ ուղղությամբ արմատական միջոցներ ձեռնարկել: «Էյրբասում» արդեն իսկ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, որոնք կհանգեցնեն շուրջ 10 հազար աշխատատեղի կրճատման մինչեւ 2010թ.: Ամենայն հավանականությամբ, նման դաժան ճակատագիր է սպառնում նաեւ Հայաստանի արտադրողներին: