Քաղաքական վերլուծաբան Լեւոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ` Վրաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը որեւէ էական փոփոխություն չի կրի, քանի որ եւ՛ Միխայիլ Սահակաշվիլին, եւ՛ նրանք, ովքեր փորձում են նրա աթոռը զբաղեցնել, նույն գաղափարների եւ տեսակետների մարդիկ են: Ըստ նրա` Վրաստանում պարզապես ներքին վերադասավորումներ են կատարվում: «Նրանք նույն գաղափարներն են կրում թե ներքին, թե արտաքին հարցերում. պարզապես նախկին գործընկերներն այսօր իրար հետ «լեզու չեն գտել» եւ իշխանությունը չեն կարողացել կիսել»,- ընդգծել է նա` միաժամանակ հայտարարելով, թե հունվարի 5-ից հետո էլ Վրաստանի նախագահ կմնա Սահակաշվիլին, քանի որ «այդ ուղղությամբ բավական լուրջ եւ արդյունավետ աշխատանքներ են տարվում»: Ի դեպ, հայ վերլուծաբանը երեկ նաեւ հայտարարել է, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծին Վրաստանը ոչ բարոյական, ոչ էլ դրացիական իրավունք չուներ մասնակցելու, «քանի որ այս նախագիծը ոչ թե տնտեսական, այլ ուղղակի եւ բացառապես քաղաքական նպատակ ունի` մեկուսացնելու ՀՀ-ն»: «Եթե այն տնտեսական նպատակ ունենար, ապա կօգտագործվեր Կարս- Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որն ընդամենը վերանորոգման կարիք ուներ»,- ասել է նա: Լ. Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է, որ Վրաստանն այս քայլին գնացել է, որովհետեւ «Սահակաշվիլին 225 մլն ԱՄՆ դոլար անվերադարձ վարկ է վերցրել, որը թաքուն կաշառք է»: «Դա ուղղակի կաշառք էր, այլ կերպ չեմ կարող ներկայացնել: Այս անվերադարձ վարկը ստանում է ոչ թե պետական երկաթգիծը, այլ հատուկ այս գործի համար ստեղծված ՍՊԸ-ն: Իսկ ադրբեջանական կողմը հատուկ պայմաններ է դրել. եթե երկաթգծի գործունեության հիման վրա Բաթումի եւ Փոթիի նավահանգիստները սկսեն կորուստներ ունենալ, ապա այս վարկը չի վերադարձվում»,- ասել է նա: