«Գոլդի» նվերն է լավը

27/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Արդեն երկրորդ անգամ է, որ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դահլիճում անց է կացվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող պետհամարանիշերի աճուրդը: Նշենք, որ «գոլդ» համարանիշերն աճուրդով վաճառելու առաջին փորձն անց է կացվել նոյեմբերի 3-ին, որին մասնակցել են 21 քաղաքացի:

Առաջին աճուրդից եւ դիտորդների տոմսերի վաճառքից գոյացած ընդհանուր գումարը կազմել է 10մլն 678 հազար դրամ: Պետհամարանիշերի երկրորդ աճուրդին մասնակցելու հայտերն արդեն կրկնապատկվել էին. 42 հայտ էր ներկայացվել աճուրդի հանված 50 պետհամարանիշի համար: Ավելացել էր նաեւ դիտորդների քանակը: Որպես հանդիսատես մուտքը վճարովի է, Ճանապարհային ոստիկանության վարչական շենքին կից գործում է դրամարկղ, որտեղ 5000 դրամ վճարելով կարող ես մուտք գործել աճուրդի դահլիճ: Ժամը 10:00-ին հայտարարված աճուրդը սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով, քանի որ տարածքը հոսանքազրկված էր: Երկար սպասելուց հետո այդպես էլ մութ դահլիճում կազմակերպիչները սկսեցին իրենց գործը: Շենքի դիմաց հավաքված բազմությունից տպավորություն էր ստեղծվում, թե այնտեղ լուրջ իրադարձություն է տեղի ունենում: Աճուրդի մանրամասներին քաջածանոթ մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աճուրդի մասնակիցներից շատերն իրականում իրենց «շեֆերի» հանձնարարությամբ են եկել եւ իրենց ավտոմեքենաների համար չէ, որ ջանում են ձեռք բերել ավտոմեքենաների սակարկվող համարները: Մենք դրանում համոզվեցինք աճուրդի ավարտից հետո, երբ միլիոնով ձեռք բերված պետհամարանիշի տերը` «որտե՞ղ եք աշխատում» մեր հարցին պատասխանեց` չեմ աշխատում: Աճուրդին տղամարդու ընկերակցությամբ ներկայացած միակ կին ներկայացուցիչը շատ հեշտ հասավ իր նպատակին: Նախքան մրցույթը մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր նախընտրած համարանիշն իրեն նվեր են տալու, եւ գնի մասին չի մտածում: Նա նաեւ նշեց, թե իր համար ավտոմեքենայի լավ համարներ ունենալն ուղղակի «պրեստիժի հարց» է: Վերջինիս «Շկոդայի» համար, իրեն ուղեկցող ջենտլմենն առանց աչք թարթելու` 696 հազար դրամով գնեց «20 ՕՕ 001» պետհամարանիշը: Այս նույն ջենտլմենը 1մլն 200 հազար դրամ մեկնարկային գնով ձեռք բերեց նաեւ իրավաբանական անձանց համար աճուրդի դրված «555 ՍՕ 55» պետհամարանիշը: Աճուրդից հետո տեղեկացանք, որ նա ներկայացնում է «RG» շինարարական կազմակերպությունը: 1մլն 200 հազար մեկնարկային գնով վաճառվեց նաեւ «007 ՏՕ 07» պետհամարանիշը, որի համար միակ հայտը ներկայացրել էր հենց համարանիշը գնած անձը: Աճուրդի սենսացիան 240.000 դրամ մեկնարկային գին սահմանված, սակայն 1մլն 614 հազար դրամով վաճառված համարանիշն էր` «88 ՍՍ 808»-ը: Աճուրդը շահած քաղաքացին ասաց, որ ինքը ոչ մի տեղ չի աշխատում, իսկ համարանիշն էլ իր սեփական «Մերսեդեսի» համար է: Ամենաբարձր գին արժեցած վերոնշյալ համարանիշի երկրորդ հավանական գնորդը 840.000 դրամ վճարելով՝ ձեռք բերեց «40 ԼԼ 400» պետհամարանիշը եւ մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման ցանկանում էր ութերով սկսվող պետհամարանիշ ունենալ: Ի դեպ, «գոլդ» համարանիշերը միայն արտասահմանյան արտադրության մեքենաները չէ, որ զարդարում են: Մի քաղաքացի, օրինակ, 600.000 դրամով զարդարեց իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: «Մեքենան նոր էի գնել, մի համար պետք է դնեի՞, թե՞ ոչ: Ոչ մի առավելություն չեմ տեսնում լավ համարի մեջ, սակայն լավ համար է, թող լինի»,- իր առատաձեռնությունն այսպես մեկնաբանեց «Նիվայի» սեփականատերը: Այս աճուրդում զարմանալիորեն անտեսվեցին չորսերով եւ վեցերով պատհամարանիշերը: Մասնակիցները դա պատճառաբանում էին նրանով, թե քաղաքում նշյալ թվերով մեքենաներն արդեն իսկ «ասում են, թե ում են պատկանում», եւ եթե դու այդ մարդկանց հետ կապ չունես, ապա նրանց «տարածքը» մտնելը ճիշտ չի հասկացվի: Աճուրդի հանված 50 պետհամարանիշից 15-ն ընդհանրապես չսակարկվեց, եւ դրանք որպես հատուկ համարանիշ՝ այլեւս չեն կարող դրվել հետագա աճուրդներին: Պարզվում է` չափազանց մեծ է հատուկ պետհամարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, դրա համար էլ պարբերաբար նման աճուրդներ են անցկացվում: Հաջորդ աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: Աճուրդի մասնակիցները գոհ էին այս կարգից, որտեղ քաղաքացին իր նախընտրած համարանիշի համար վճարում է այնքան, որքան ինքն է ցանկանում: «Եթե աճուրդ չլիներ, այլ համարների համար ավելի շատ կաշառք պետք է տայինք, ծանոթ պետք է գտնեինք, մի բան էլ նրան պետք է տայինք»,- ասում էին մասնակիցները: