Բուրդ ունենք, աշխարհը չունի

27/11/2007

Հանրապետությունում խնամվող ավելի քան 633.000 գլուխ ոչխարներից տարեկան ստացվում է շուրջ 1500 տոննա բուրդ, որի հիմնական մասն անասնապահական տնտեսություններն իրացնում են ներքին շուկայում եւ Վրաստանում: Տարատեսակ թելեր պատրաստելու նպատակով զգալի քանակով բուրդ է գնում Սուրենավանի «Բրդի վերամշակման գործարանը»: Դրանք «Հայգորգ» եւ «Արմեն-կարպետ» գործարանները գնում եւ օգտագործում են ձեռագործ գորգերի, գոբելենների ու կարպետների հյուսվածքների մեջ: Մնացած բրդից անհատ ձեռներեցները պատրաստում են անկողնային պարագաներ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին «Հասկ-96» հ/կ-ն ու «Թուֆենկյան» հիմնադրամը հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային գյուղերի անասնապահական տնտեսություններում սկսել են խնամել եւ բազմացնել հայկական «Բալբաս» կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարներ: «Բալբասից» ստացված սպիտակ բուրդը, որը հեշտությամբ մշակվում եւ ներկվում է տարբեր գույներով, անգերազանցելի է գորգագործության մեջ: Ստացված հումքը կազմակերպությունները տրամադրում են մասնավոր տնայնագործներին, որոնք այն թելի վերածելուց հետո օգտագործում են հայկական հին նախշազարդերով ձեռագործներ, գորգեր եւ կարպետներ հյուսելու համար: Դրանք հիմնականում գնում են զբոսաշրջիկները: ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը գորգագործական ճյուղն առավել զարգացնելու եւ բրդի իրացման ծավալները մեծացնելու նպատակով սկսել է համապատասխան օժանդակություն ցուցաբերել «Արմեն-կարպետ» եւ «Սուրենավանի բրդի վերամշակման» ձեռնարկություններին: Բացի դրանից, ամերիկյան համապատասխան կազմակերպությունների միջոցով աջակցում է նաեւ հանրապետությունում արտադրված հայկական հին նախշեր կրող ձեռագործների, կարպետների, գորգերի արտահանմանն ու իրացմանը:

Ա. Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ, հյուսվածքներից բացի, հանրապետության մասնավոր ձեռնարկությունները տարեկան արտադրում են շուրջ 400-600 հազար հատ ոչխարի մազածածկով կաշվե բաճկոն եւ նույնքան էլ հովվական այծենակաճ, որոնք արտահանվում եւ սպառվում են Թուրքիայում: Նշենք, որ բրդից բացի՝ հանրապետությունում տարեկան կուտակվում է նաեւ 240-250 հազար խոշոր եղջերավոր անասունների կիսամշակված (աղադրված) կաշի: Այն Հանրապետական կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում փորձաքննության ենթարկվելուց հետո արտահանվում է Թուրքիա, Իտալիա, Ռուսաստան, Իրան: Կաշվի մի մասն էլ գնում են անհատ եւ փոքր ձեռներեցները` օգտագործելով գոտիների, պայուսակների, դրամապանակների, մասամբ էլ` կոշիկների արտադրության մեջ: