Զոռբայության զոհը

27/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, որ պետական չինովնիկներից շատերն իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով ոտնահարում են շարքային քաղաքացիների իրավունքները՝ հայտնի է բոլորիս: Սակայն առավել ուշագրավ է, երբ քաղաքացու իրավունքները ոտնահարում է դատական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյան:

«168 Ժամի» խմբագրություն էր դիմել Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Միքայելյանը: Նա իր ահազանգով դիմում էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին. «Պրն վարչապետը շատ է օգտագործում զոռբա բառը: Ես ահազանգում եմ, որ զոռբաների դինաստիա է ձեւավորվել, որոնց դեմ պայքարել կարող են միայն մեր ղեկավարները»: Ա. Միքայելյանի հավաստմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ ինքը նամակներ, դիմումներ եւ բողոքներ է ներկայացնում ՀՀ կառավարություն, նախագահական նստավայր, քաղաքապետարան եւ բոլոր հնարավոր համապատասխան գերատեսչություններ՝ խնդրելով կասեցնել Արդարադատության նախարարության Վերահսկողության վարչության պետ Դավիթ Զաքարյանի անօրինական գործողությունները: Ընդ որում, վերոնշյալ կառույցների պատասխան նամակներում Ա. Միքայելյանի պահանջին դրական լուծում տալու ցուցում է տրվում, սակայն, ինչպես նշում է խմբագրություն դիմած տիկինը, Դ. Զաքարյանի պաշտոնական դիրքն ու կապերն իր օգտին դրական լուծմանը խոչընդոտում են: Բանն այն է, որ Ա. Միքայելյանը եւ ԱՆ Վերահսկողության վարչության պետ Դավիթ Զաքարյանն ապրում են Շենգավիթ համայնքի Ֆրունզե փողոցի 18 շենքի առաջին հարկում, այսինքն՝ հարեւաններ են: Ա. Միքայելյանի խոսքերով՝ Դ. Զաքարյանը 2007թ. մայիսից առանց իր եւ շենքի բնակիչների համաձայնության, առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի եւ թույլտվության, փակել է շենքի միջանցիկ շքամուտքը եւ շենքի շքամուտքից դեպի աստիճանավանդակ տանող ճանապարհը միացրել է իր բնակարանին: Շքամուտքի դիմաց Դ. Զաքարյանն ինքնակամ կցակառույց է ավելացրել, ինչի արդյունքում Ա. Միքայելյանին, ինչպես նաեւ՝ շենքի բնակիչներին զրկել է ելքից դեպի շենքի ճակատային մասը դուրս գալու հնարավորությունից: «Իմ բնակարանի լույսն իրենց ինքնակամ կառույցի պատճառով ընդհանրապես փակվել է: Էլ չեմ ասում, որ տարածքն անօրինական կերպով զավթել է եւ պարիսպներով փակել իմ սեփական նախաձեռնությամբ ստեղծած կանաչ տարածքը»,- ասում է Ա. Միքայելյանը՝ վստահեցնելով, որ ներկայումս իր 11 հոգանոց ընտանիքը հայտնվել է արգելափակված վիճակում: Նրա դիմումին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանը հրահանգել է դադարեցնել ապօրինի շինարարությունը, սակայն այն կասեցվել է կարճ ժամանակով, այնուհետեւ կրկին շարունակվել է կառուցապատումը: Ի դեպ, Ա. Միքայելյանը նաեւ դիմել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն, որտեղից Շենգավիթի թաղապետարանին հանձնարարվել է հետեւյալը. «ՀՀ ՔՆ Քաղաքաշինական պետական տեսչության կողմից ուսումնասիրվել է Երեւանի Ֆրունզե փ., թիվ 18 շենքի 1-ին հարկում իրականացվող քաղաքաշինական գործունեության օրինականությունն, ու հայտնում ենք, որ վերոնշյալ հասցեի բնակիչ Դ. Զաքարյանը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման, ինքնակամ շենքի 1-ին շքամուտքի դիմաց իրականացրել է 2.5X3.5մ. չափերով կցակառույց՝ փակելով շքամուտքից դեպի շենքի աստիճանավանդակ տանող ճանապարհը: Հայտնելով այդ մասին եւ առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների դրույթներով՝ առաջարկում ենք կասեցնել ինքնակամ շինարարությունը եւ ապահովել դրա հետեւանքների վերացումը»: Իսկ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դ. Զաքարյանի կողմից փակված շքամուտքը համարվում է էվակուացիոն ելք, իսկ բնակչության անվտանգության նորմերի պահպանումը պահանջում է երկու էվակուացիոն ելք՝ շենքի բնակչության անվտանգ էվակուացիան ապահովելու նպատակով: Ինչեւէ, տիկին Միքայելյանը վստահեցնում է, որ ապօրինի այդ կառույցի շինարարությունը դադարեցնելուն ուղղված իր քայլերի համար Դավիթ Զաքարյանը եւ նրա որդին սպառնալիքներ են տեղում, մինչեւ անգամ ծեծել են իր ամուսնուն: «Դավիթ Զաքարյանը սպառնացել է, որ բողոքելու դեպքում իմ ընտանիքի անդամներին վատ բաներ են սպասվում, եւ նրա տղան՝ Վահագն Զաքարյանը հունիս ամսին ծեծի է ենթարկել ամուսնուս, որի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժին»,- վկայում է տիկին Միքայելյանը՝ տեղեկացնելով, որ իր որդին ներկայումս հեռացել է տանից՝ հնարավոր վտանգից խուսափելու նպատակով, իսկ տարածքում վախի մթնոլորտ է տիրում, քանի որ Դ. Զաքարյանի որդիներն ինքնակամ կառույցի խնդիրն ուզում են լուծել «տղայական ռազբորկայով»: Մեր ձեռքի տակ է ինքնակամ կառույցն օրինականացնելու գործընթացին խոչընդոտ հանդիսացող հանգամանքը վերացնելու պահանջի մասին Դ. Զաքարյանի կնոջ հայցադիմումը Շենգավիթի առաջին ատյանի դատարանին: Հայցվորը նշում է, որ ինքնակամ կառույցի շինարարությունն իրականացվել է շենքի բնակիչների տված գրավոր համաձայնությամբ, սակայն հետագայում Ա. Միքայելյանը հրաժարվել է իր տված համաձայնությունից: Հայցվորը նաեւ տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի պահանջով ինքնակամ կառույցը հնարավոր է օրինականացնել միայն շենքի բնակիչների համաձայնության դեպքում: «Քաղաքացի Անի Միքայելյանի անհամաձայնության դեպքում, որը պայմանավորված է իբրեւ թե նրա իրավունքների խախտումով, չեմ կարողանում օրինականացնել ինքնակամ կառույցը, մինչդեռ ես նախապես համաձայնեցրել եմ շենքի բնակիչների հետ եւ տեղյակ պահել համատիրությանը»,- նշված է հայցադիմումում, որտեղ հայցվորը խնդրում է բնակիչների անհամաձայնությունն անհիմն համարել եւ վերացնել ինքնակամն օրինականացնելու այդ խոչընդոտը: Ա. Միքայելյանը դատարանում փաստել է, որ ոչ միայն ինքը, այլեւ շենքի մյուս բնակիչները չեն տվել իրենց համաձայնությունն ապօրինի շինություն կառուցելու վերաբերյալ, մասնավորապես, երբ իմացել են, որ դրա արդյունքում բնակչության էվակուացիոն անվտանգությունը խաթարվում է: Առաջին ատյանի դատարանը, պարզվում է, նման հանգամանքները հաշվի չառնելով՝ հայցը բավարարել է, իսկ Ա. Միքայելյանի ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը մերժել է: Վերջինս բողոքարկել է. «Բնականաբար արդարադատության համակարգի աշխատողն իր կապերով պիտի հարցերը լուծեր: Դավիթ Զաքարյանը նախկինում աշխատել է Շենգավիթի ոստիկանության անձնագրային բաժնի պետ, հետո էլ՝ 4-րդ վարչությունում, իսկ հիմա էլ՝ նախարարությունում: Աբսուրդն այն է, որ բոլոր օղակներից հանձնարարում են ապօրինի շինարարությունը քանդել, բայց իր գործողությունը ենթակա չէ փոփոխման: Անգամ Կամո Արեյանն ինձ ասաց, որ հրամայել են շինարարությունը դադարեցնել, բայց նրա խոսքն էլ ուժ չունեցավ»,- ասում է Ա. Միքայելյանը:

Մեր ձեռքի տակ ունենալով Ա. Միքայելյանի տրամադրած փաստաթղթերն, այնուամենայնիվ, փորձեցինք լսել նաեւ երկրորդ կողմին՝ ԱԴ Վերահսկողության վարչության պետ Դավիթ Զաքարյանին, ով ինքնակամ կառույցի վերաբերյալ մեր հարցը լսելուն պես ասաց. «Ես արդեն հոգնել եմ էդ կնոջ արարքներից ու բողոքներից: Նախ՝ ես վճարել եմ ինքնակամի բոլոր վարչական տույժերը, եւ գործը դատարանում է: Չեմ հասկանում, թե ինչ է ուզում, հազար ու մի առաջարկ եմ արել, տարբերակներ եմ առաջարկել իրեն, բայց մեկ է` հայկական տարբերակ է, երբ հարեւանի լավը չեն ուզում: Մարդը պարապ է, ամեն օր ընկած էստեղ-էնտեղ բողոքում է: Թող ինքը սարքեր, ես մեղավո՞ր եմ, որ ինքը հնարավորություն չունի կառուցելու, իսկ ես ունեմ»: Վերջինս պնդում է, թե Ա. Միքայելյանն ի սկզբանե տվել է իր համաձայնությունը, սակայն հետագայում անհնարին պահանջներ է ներկայացրել: Դ. Զաքարյանը վստահեցնում է, որ շենքի բնակիչներից որեւէ մեկը դժգոհություն չունի, իսկ Ա. Միքայելյանը պարզապես «չուզողություն» է անում: Վերահսկողության բաժնի պետ Դ. Զաքարյանի հետ հանդիպման ողջ ընթացքում նա պատմում էր Ա. Միքայելյանի ընտանիքի անհանդուրժողական վերաբերմունքի մասին, սակայն մեր առաջարկին ի պատասխան՝ այն է՝ մեզ տրամադրել հակափաստարկներ, նա այսպես պատճառաբանեց. «Առաջին ատյանի դատարանը հարցումներ է արել բոլոր համապատասխան կառույցներին, եւ ստացվել է դրական պատասխան, այսինքն՝ ինքնակամը չի հակասում որեւէ նորմի եւ ենթակա է օրինականացման: Բոլոր տեղերից էլ դրական պատասխան է ստացվել: Ուղղակի դատարանից այդ փաստաթղթերը չենք վերցրել, որ տրամադրենք ձեզ»,- ասաց նա, ում պատճառաբանություններն ամենեւին էլ տարօրինակ չէին հնչի, եթե նա չներկայացներ դատական իշխանությունը, այսինքն՝ մի գերատեսչություն, որտեղ առաջնորդվում են ոչ թե էմոցիաներով, այլ կոնկրետ փաստերով: Մանավանդ, երբ մեր ձեռքի տակ են ապօրինությունը հաստատող փաստաթղթեր: Նյութի օբյեկտիվությունը պահպանելու նպատակով մենք կմասնակցենք Վերաքննիչ դատարանում ընթացող դատական նիստերին: