Հանձնաժողով է ստեղծվել

27/11/2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի փոխնախագահն է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, նրա քարտուղարը` կառավարության աշխատակազմի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետը:

Հանձնաժողովի կազմում են նաեւ ԱԺ փոխնախագահը, խորհրդարանի Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, քաղաքաշինության, մշակույթի նախարարները, Հայաստանի նախագահի օգնականը, Ոստիկանության պետը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրիի եւ Սպիտակի քաղաքապետները, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:

Հանձնաժողովին հանձնարարված է մինչեւ 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, իսկ կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումն ու իրականացումը: