Դեկտեմբերին կորոշվի կրկեսի հարցը

27/11/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի Կրկեսը ֆինանսական խոշոր պարտքեր ունի պետությանը եւ չի շտապում կատարել նաեւ իր ներդրումային պարտավորությունները: Պարտավորությունները չկատարելու փաստը պետք է արձանագրի Կրկեսում ստուգումներ անցկացնող մոնիտորինգային խումբը, որը նաեւ պետք է տուգանային սանկցիաներ կիրառի Կրկեսի կոլեկտիվի նկատմամբ, քանի որ Կրկեսի սեփականատերը հանդիսանում է հենց կոլեկտիվը:

Կրկեսի ներդրումային եւ հարկային պարտավորությունները վերահսկող աշխատախումբը դեռ չի ավարտել ստուգումները: Ստուգումները պետք է արդեն ավարտված լինեին, սակայն մոնիտորինգ իրականացնող խումբը եզրակացրել է, որ հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն կա: «Ներդրումներին եւ սոցերաշխիքներին վերաբերող փաստաթղթերը լիարժեք հիմնավորված չեն եղել, մենք հավելյալ հիմնավորումների ենք սպասում: Ստուգումները դեռ ընթացքում են»,- ասաց Մասնավորեցված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների բաժնի պետ Լյուդվիգ Գրիգորյանը: Այդ բաժինը կտրուկ սանկցիաներ թերեւս դեռ չի կիրառում, քանի որ Կրկեսի սեփականաշնորհման պայմանագրի համաձայն` ներդրումներ անելու ժամկետը դեռ չի լրացել: Ստուգումները պետք է ավարտվեն դեկտեմբերի կեսերին, եւ այդ ժամանակ միան պարզ կդառնա տուգանքների չափը: Ըստ կանոնակարգի` դրանից հետո Կրկեսի հարցը պետք է իրավաբանական ոլորտ մուտք գործի ու լուծում ստանա դատական ատյաններում:

Կրկեսի ներկա վիճակը նույնիսկ անուղղելի լավատեսներին առիթ չի տալիս կարծել, որ Կրկեսում ամեն ինչ ճիշտ է ընթանում, ներդրումներ են արվում եւ ծրագրեր են պատրաստվում: Մրցույթի արդյունքում Կրկեսի սեփականատեր դարձած կոլեկտիվն անհրաժեշտ ներդրումային 300 մլն դրամ գումարն անշուշտ չունի: Դա թերեւս պարզ էր մասնավորեցման գործընթացի հենց սկզբին: Կրկեսի ներկայիս տնօրեն Սոս Պետրոսյանը բազմիցս նշել է, որ իրեն գումար են խոստացել անհայտ մնալ ցանկացող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սակայն այն փաստը, որ գումար խոստացողները չեն շտապում իրենց խոստումները կատարել, թույլ է տալիս ենթադրել, որ իրենց համար ձեռնտու է Կրկեսի «մահը»: Ինչպեսեւ ձեռնտու են ստուգումների ձգձգումները: Կամ էլ` գումար խոստացողներն այլեւս չեն հավատում Սոս Պետրոսյանին` հասկանալով, որ Կրկեսի խնդիրներն անլուծելի են: Այլապես մասնավորեցումից հետո անցած երկու տարիների ընթացքում նրանք կփորձեին Կրկեսի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել ու կործանումից փրկել եզակի այդ արվեստի ճյուղը:

Կրկեսը, բացի ներդրումներից, պետք է ապահովեր կոլեկտիվի անդամների նվազագույն 50 հազար դրամ աշխատավարձն ու պահպաներ աշխատատեղերի քանակը: Այդ կետի կատարումը նույնպես պետք է ստուգի մոնիտորինգային խումբը: Ընդ որում` Երեւանի Կրկեսը, որը «կենդանի շնչառության» արվեստ է համարվում, շուրջ մեկ տարի է, ինչ նվագախումբ չունի. այստեղից ու այնտեղից հրավիրված դերասանները ելույթներ են ունենում ֆոնոգրամայի տակ: Եթե Կրկեսին նվագախումբ հարկավոր չէ, ստացվում է, որ ներկայացումներ էլ հարկավոր չեն, քանի որ դժվար է պատկերացնել, որ աճպարարը նախապես ձայնագրված երաժշտական ուղեկցության ներքո կարող է լիարժեք կրկեսային համար ցուցադրել: Իսկ Կրկեսի տնօրենը չի էլ մտածում դերասանների համար գոնե փոքր-ինչ նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին (հերիք է հիշել ուղղված նրա հայհոյանքները` փորձեր անող դերասաններին, որ ցուցադրվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում): Ե՛վ պետական մարմինները, եւ՛ հասարակությունը շարունակելով անտեսել Կրկեսում առկա խնդիրների կծիկը՝ միայն ավելի խորը փոս են փորում այն արվեստի համար, որը պետք է ուրախություն ու տոն բերի հայ մանուկների նորանոր սերունդներին: