Հեղափոխության պտուղները

12/05/2005

«Կոռուպցիան, մեքենայություններն ու բիզնեսում անձնական կապերի օգտագործումն Ուկրաինայի գլխավոր հիվանդություններն են»,- հայտարարել է նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ասել, որ երկիրը դրանք ժառանգել է նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայից։ Յուշչենկոյի համար կոռուպցիայի դեմ պայքարն ամենաառաջնահերթն է։ Նա երկրի պաշտոնյաներին արգելել է ընդունել նվերներ, որոնց արժեքը բարձր կլինի 12 ֆունտից։ Արգելել է նաեւ գործարար շահեր հետապնդելն ու պարտավորեցրել կանոնավոր կերպով ներկայացնել ծախսերի ու եկամուտների զեկույցներ։

Transparency International կազմակերպության կազմած ցուցակում 146 ամենակոռումպացված երկրների շարքում Ուկրաինան զբաղեցնում է 128-րդ տեղը։ Նրանից առաջ Սուդանն է, իսկ հետո՝ Կամերունը։ Յուշչենկոն խոսք է տվել փոխել այս վիճակը։

Յուշչենկոյի կառավարությունն արդեն սկսել է Ուկրաինայի ամենախոշոր մետալուրգիական կոմբինատի սեփականաշնորհման եւ վաճառքի գործարքի վերանայման գործը։ Այդ գործարքը հայտնի է որպես «բացահայտ թալան»։ Բացի այդ, կվերանայվեն նաեւ սեփականաշնորհման այլ գործարքներ։

Ուկրաինայի տրանսպորտի նոր նախարար Եվգենի Չերվոնենկոն խոստացել է աճուրդի հանել 250.000 ֆունտ արժողություն ունեցող Maybach ավտոմեքենան, որը գնել էր երկրի տրանսպորտային աղքատ գերատեսչության նախկին ղեկավարը։