Նախագահական ընտրությունների թեման օր օրի ավելի ակտուալ է դառնում հայաստանյան հասարակության համար: Եվ մինչ նախագահի թեկնածուներն ու նրանց թիմերը մտել են անհաշտ պայքարի մեջ, որն արդեն շատ դեպքերում անցնում է թույլատրելի չնշված սահմանները, մենք կփորձենք վերլուծել ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հասարակական տեսանկյունից:
Եթե փորձենք կենցաղային մակարդակով բացատրել ընտրությունների իմաստը, ապա կարելի է փաստել, որ, մեծ հաշվով, յուրաքանչյուր ընտրություն «ավանս» է: Այսինքն՝ յուրաքանչյուր պետության մեջ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները նախապես վստահության քվե են տալիս ապագա նախագահին, որպեսզի վերջինս հետագա 4-5 տարիների ընթացքում աշխատի ի բարօրություն այդ ժողովրդի: Հայաստանում նախագահը հինգ տարով պարտք է վերցնում ժողովրդից: Պարտքը ժամանակին եւ բարեխղճորեն մարելու պարագայում նույն անձին ժողովուրդը կարող է երկրորդ անգամ պարտք տրամադրել: Նորանկախ Հայաստանի նախագահական ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ մինչ օրս ժողովուրդն ինքնակամ այդ պարտքը տրամադրել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, այն էլ՝ միայն 1991թ: Դրանից հետո ժողովրդին կամ «քցել են» (այդ թվում նաեւ՝ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996թ.), կամ «պարտքը զաստավիտով» են վերցրել, կամ էլ ընդհանրապես պարտք չեն վերցրել` պարզապես «գլխանց» փողը տվել են: Որքան էլ տարօրինակ հնչի` ամենավտանգավորը վերջին դեպքն է: Որովհետեւ «պարտք վերցրած» նախագահը ստիպված է լավ աշխատել, որպեսզի կարողանա վերադարձնել այն հինգ տարվա ժամանակահատվածում (հակառակ դեպքում՝ կլինի այն, ինչ եղավ Վրաստանում): «Զաստավիտով պարտք վերցրած» նախագահի պարագայում վտանգ կա, որ ժողովուրդը կարող է հանկարծ ջղայնանալ, եւ իր պարտքը հետ պահանջել (նման դեպքերի մենք ականատես ենք եղել բազմիցս): Իսկ երբ ընտրությունները «գլխանց» գնվում են, ապա ոչ ոք ոչ մեկից պահանջելու բան չունի: «Գնորդն ու վաճառողն» իրարից բաժանվում են հաշտ եւ խաղաղ՝ մինչեւ հաջորդ գործարքը:
Այժմ վերադառնանք ավելի կոնկրետ փաստերին: Նոյեմբերի 16-ին կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ձիով քայլ» կատարեց, երբ հայտարարեց, որ իշխանության գալուց հետո նախագահի պաշտոնում կմնա ոչ թե հինգ, այլ երեք տարի: Բնական է, որ ընտրությունների նկատմամբ հայաստանցիների համատարած անհավատության պայմաններում ժողովուրդը մեծ հաճույքով «պարտք կտրամադրի» ավելի կարճ ժամանակով: Առավել եւս, որ հետո այդ մարդն իրենցից էլ «պարտք» չի ուզելու (Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց նաեւ, որ երեք տարուց հետո նա ընդհանրապես կհեռանա քաղաքականությունից): Սակայն ընդամենը հինգ րոպե հետո պարզվեց, որ առաջին նախագահն իր պայմանը կնքում էր ոչ թե ժողովրդի, այլ քաղաքական գործիչների հետ: Փաստորեն, հրապարակում արված այդ առաջարկն ընդամենը շոու էր, քանզի նման առաջարկ անողի համար (այն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի համար) պետք է, որ այնքան էլ էական չլինի` քաղաքական գործիչներն իրեն միանո՞ւմ են, թե՞ ոչ: Մյուս կողմից, հասկանալի չէ, թե ինչո՞ւ պարոն Տեր-Պետրոսյանն իր այդ առաջարկը քաղաքական գործիչներին չարեց տետ-ա-տետ հանդիպումների ժամանակ: Առավել եւս, որ նրանցից շատերի հետ ինքն արդեն հանդիպել էր: Միգուցե այդ հանդիպումների ժամանակ առաջին նախագահը համոզվել էր, որ վերջիններս իրեն հաստատ չեն միանալու, եւ հենց այդ պատճառով էլ եռամյա պաշտոնավարման առաջարկ արեց, միայն միանալու պայմանով: Չերչիլն ասում էր. «Քաղաքական գործիչը պետք է ասի, թե ինչ կկատարվի վաղը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո եւ մեկ տարի հետո: Այնուհետեւ պարզաբանի, թե ինչու այդ ամենը չկատարվեց»: Ի տարբերություն Չերչիլի, Լ. Տեր-Պետրոսյանի պարզաբանումն ուշացնել չտվեց, քանզի նա իր իսկ առաջարկ-ծրագիրը չկատարվելու փաստը բացատրեց ոչ թե հետո, այլ նախօրոք: Այս պարագայում, կարծում եմ, տարբերություն չկա` քաղաքական գործիչը ընտրողների ձայնը «գլխա՞նց» է ուզում գնել` «նաղդ փողով», թե՞ «նիսյա խոստումով»: Այստեղ, իհարկե, նաեւ չպետք է մոռանալ, որ հայերը «նաղդի ու նիսյայի» մասին ինչ դիպուկ ասացվածք ունեն:
Հ.Գ. Ի դեպ, մեր տեղեկություններով` 2 կամ 3 տարի կառավարելու եւ քաղաքականությունից հեռանալու գաղափարը քննարկվել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյան եւ Վազգեն Մանուկյան հանդիպման ժամանակ: Ավելին, ասում են, որ Վ. Մանուկյանն ասել է, թե միայն այդ դեպքում ինքը կսատարի նրան: Այսքանից հետո հարց է ծագում` ինչո՞ւ Վազգեն Մանուկյանն այս պայմանավորվածությունից հետո (ինչը Լ. Տեր-Պետրոսյանը երկրորդ հանրահավաքում հրապարակեց) խախտեց այն: