ԱՊՀ։ քաղաքակիրթ ապահարզան

12/05/2005

Ղրղըզստանում կրքերը նոր էին մարել, երբ անցած կիրակի լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Մինսկում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի մասին։ Ցուցարարները պահանջում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

«Ընդդիմությունը միանգամայն պարզ ազդանշան է տալիս Արեւմուտքին, Ռուսաստանին եւ սեփական կառավարությանը,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը։ -Մեր նպատակը Բելառուսում հեղափոխություն սկսելն է»։

Գրեթե միաժամանակ Ուզբեկստանում ընդդիմադիր մի քանի խմբավորումներ համատեղ հայտարարություն են տարածել, որով արտահայտել են Ղրղըզստանի հեղափոխության նկատմամբ իրենց հիացմունքը։ «Այն հետեւանքներ կունենա Միջին Ասիայի բոլոր մասերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղրղըզստանին հարեւան մյուս երկրից՝ Ղազախստանից, ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» թղթակիցը հաղորդում է, թե այդ երկրի իշխանությունները խուճապի մեջ են եւ պատրաստվում են քաղաքացիական պատերազմի։ Նրանք վստահ են, որ հաջորդ հեղափոխությունն իրենց է սրբելու։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ երեւույթին, հաշտվել է այս իրողության հետ։ Նա ինքն էլ արդեն չի հավատում, թե որեւէ կերպ հնարավոր կլինի կանխել ԱՊՀ-ի անկումը։ Նա հայտարարել է, որ բոլոր հիասթափությունները կապված են չափազանց մեծ հույսերի հետ։ Նա գտնում է, որ տնտեսական լուրջ համագործակցություն չի եղել։ ԱՊՀ-ն, Պուտինի կարծիքով, այժմ ծառայում է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքակիրթ ապահարզանն ապահովելուն։