Այս նոր տարին ավելի չոխ է լինելու

26/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Այս օրերին Հայաստանի համար նախատեսված բեռները կուտակվել են Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում: Ծովային այս միակ ելքի ճանապարհի փակման դեպքում Հայաստանը կրկին հայտնվում է շրջափակման մեջ: Նշենք, որ Վրաստանով դեպի Ռուսաստան անցնող ցամաքային ճանապարհը` Վերին Լարսի անցակետը, արդեն երկու տարի է, չի գործում` ռուսական կողմի բացատրությունների համաձայն պատճառը վերանորոգումն է:

Հայաստանն իր բեռները հիմնականում ներմուծում եւ արտահանում է Փոթի-Իլյիչեւսկ նավահանգստով, իսկ Ռուսաստանի Վլադիկովկաս նավահանգիստը բաց է միայն ակցիզային բեռների համար, այն համարվում է Ռուսաստանի հարավային ակցիզային սահմանը: Կապի եւ տրանսպորտի նախարարության տվյալներով` Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված 300 վագոնից Հայաստանի համար բեռներ են տեղափոխում մոտ 120-ը, իսկ կուտակված 120 բեռնատար ավտոմեքենաներից, դեռեւս ճշտված չէ, թե քանիսն են նախատեսված Հայաստանի համար: Վագոններից ու բեռնատարներից բացի, ծովային սահմանը չեն կարողանում հատել եւս 70 մարդատար մեքենա: Ո՞րն է այս կուտակումների պատճառը, եթե բեռներ փոխադրող լաստանավերը շարունակում են աշխատել սահմանված գրաֆիկով: Այստեղ օրեր առաջ ծովի մակերեւույթին առաջացած փոթորկի պատճառով «ֆորս մաժորային» իրավիճակ էր ստեղծվել, ինչն արդեն վաղուց հարթվել է: Ավելին, Կովկաս-Փոթի լաստանավի շահագործման դեպքում որոշակի պետք է թեթեւանար Իլյիչեւսկ նավահանգստի ծանրաբեռնվածությունը: Սակայն այս լաստանավն էլ գործարարները չեղածի հաշիվ են համարում: Կովկաս-Փոթի լաստանավն ամսական կատարում է 2-3 ուղերթ եւ աշխատում է միակողմանի: Այս միակ լաստանավը Սեւ ծովի մի ափից մյուսը հասցնելու համար պահանջվում է 10-15 օր, իսկ գործարարի համար բեռի 15 օր ուշացումը ճակատագրական կարող է լինել: Բացի այս էլ` իր փոքր ծավալներով պայմանավորված՝ ընդհանրապես մրցակցություն չի ստեղծում Իլյիչեւսկի նկատմամբ: Կովկաս-Փոթի լաստանավը կարող է տանել մինչեւ 50-55 վագոն, իսկ դեպի Ուկրաինա գործող երկու լաստանավերից առաջինը, կախված վագոնի տեսակից՝ 50-55 վագոն, իսկ երկրորդը` 100-110 վագոն է տանում: Բացի այս էլ Իլյիչեւսկի ուղղությամբ լաստանավերն աշխատում են երկկողմանի (երկուսը մեկնում է, երկուսը վերադառնում է) եւ բեռների նման կուտակումների պատճառ թերեւս առերեւույթ չպետք է լիներ: Այս ուղղությամբ բեռնափոխադրումները կատարվում են 2-3 օրը մեկ հաճախությամբ: Անկանոն բեռնափոխադրումների դեպքում խնդիրն անմիջապես քաղաքականացվում է, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, սա արտաքին աշխարհին կապող մեր միակ ճանապարհն է: Սակայն այս դեպքը մի փոքր այլ է, եւ ոչ ոք մեզ միտումնավոր չի շրջափակել: Միայն հետո է պարզ լինում, որ առջեւում Նոր տարի է, եւ գործարարներն անասելի ավելացրել են ներկրումների ծավալները, ինչն էլ մեծ հերթերի պատճառ է դարձել: Բնականաբար, լաստանավն էլ գերապատվությունը տալիս է վագոններ տեղափոխելուն, եւ պատահական ճամփորդությունների մեկնած մարդատար մեքենաները ստիպված են լինելու դեռ երկար սպասել իրենց հերթին: «Այստեղ զարմանալու ոչինչ էլ չկա, ամեն տարի էլ այս վիճակն է լինում, նոյեմբեր-դեկտեմբերին մի քանի անգամ ավելանում են ներկրումների ծավալները: Առջեւում խելահեղ առեւտրի շրջան է, եւ շատերն են ցանկանում օգտվել եկամուտները եռապատկելու ընձեռված հնարավորություններից: Այս իրավիճակը պահպանվելու է մինչեւ դեկտեմբերի վերջը, այնուհետեւ կտրուկ կնվազեն ներկրումների ծավալները»,- ասում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ փոխտնօրեն Էլբակ Թարփոշյանը: «Լաստանավի սեփականատեր ուկրաինական «Ուկրսերի» ընկերությանը ոչ ոք չի կարող պարտադրել, թե որ ուղղությամբ բեռներ տեղափոխի: Նա մասնավոր շահագործող է եւ փոխադրումներ է կատարում այն ուղղությամբ, որտեղ եկամտաբերությունն ավելի բարձր է: Թեպետ Հայաստանի բեռների փոխադրման հարցում նման խնդիր չի էլ առաջացել: Ընկերությունը կանոնավոր շարունակում է Իլյիչեւսկ-Փոթի բեռների փոխադրումը, եւ այդ բեռները միանշանակ Հայաստանինը չեն, այնտեղ զգալի ծավալ են կազմում Վրաստան եւ այլ երկրներ ներմուծվող բեռները: Այս պահին արդեն 99 վագոն ժամանել է Փոթի նավահանգիստ»,- ասում է Էլբակ Թարփոշյանը: Տարվա կտրվածքով «Հայկական երկաթուղին», եթե 2005-ին տեղափոխել է 4041 վագոն կամ 190.000 տոննա բեռ, 2006-ին արդեն 4406 վագոն` 255.000 տոննա բեռ, իսկ այս տարվա 9 ամսվա ցուցանիշներով՝ 170.000 տոննա բեռ: Փոխտնօրենը վստահեցնում է, որ տարվա վերջում 2007թ. ցուցանիշները գերազանցելու են նախորդ տարվան:

Ամանորյա առեւտրի ցուցանիշների աճն արտացոլվում է նաեւ Մաքսային պետական կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ: 2005թ. նոյեմբեր-դեկտեմբերին ներմուծումներից մաքսային վճարները կազմել են 169.4մլրդ դրամ, իսկ 2006թ.` 171.2մլրդ դրամ: Մաքսային պետական կոմիտեից վստահեցնում են, որ Բագրատաշենի մաքսակետում ներմուծողների հերթեր չեն գոյանում, քանի որ նրանք կարող են մաքսազերծումը կատարել մեկ այլ մաքսակետում` համաձայն իրենց գրանցման վայրի: Դատելով ներմուծումների ծավալներից՝ տեղական շուկան Նոր տարվա նախաշեմին ոչնչի պակաս չի զգալու, սակայն սա բնավ էլ չի նշանակում, թե շուկայում գերառատության դեպքում մրցակցություն է լինելու ու նվազելու են ապրանքների գները: