Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Տաքսու վարորդներն ակտիվ քննարկում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իսկ նրանք, ովքեր ներկա են եղել հանրահավաքին, կարելի է ասել՝ հիացած են առաջին նախագահի «ապաշխարության» ելեւէջներ պարունակող ելույթով:
«Ժողովուրդը խոսքի նկատմամբ շատ զգայուն ա»
Վարորդ Համլետը ոչ միայն մասնակցել է «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, այլ՝ դրանից հետո որոշել է անդամագրվել «Հանրապետություն» կուսակցությանը. «Էն, որ Լեւոնի հանդեպ ատելություն կար մեջս` էդ հաստատ, բայց էս վերջին ելույթներն իմ համար լրիվ բացահայտում էր: Ես Լեւոնի հետեւից ավելի շատ գնալու եմ նրա համար, որովհետեւ Արամ Սարգսյանն ա կոչ անում ընտրել իրան: Եթե ինձ մնար՝ Լեւոնին ձայն չէի տա, բայց, քանի որ Արամ Սարգսյանն ա կանգնել նրա թիկունքին՝ հաստատ ընտրելու եմ, որովհետեւ էս քաղաքական անբարոյականության մեջ միակ մաքուր մարդը Արամն ա: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես ու իմ բոլոր հարազատները քվեարկել ենք «Հանրապետություն» կուսակցության համար ու ինչքան էլ իրանց տեղ չտան՝ մեկ ա` չեմ հիասթափվելու: Էն օրը հեռուստատեսությամբ իրա հետ հարցազրույց էր, ու ինքը շշմելու մարդ ա, որովհետեւ պարզ ու շիտակ ա, ամեն մի խոսքը սրտից դուրս եկած խոսք ա: Եթե իրա նման շիտակ տղեն կոչ ա անում ընտրել Լեւոնին, ուրեմն՝ իմ նման տղերքն իրա կոչին կհետեւեն: Արամը ճիշտ ա ասում, որ էս իշխանությունն ուզում ա Ղարաբաղի հարցով ժողովրդին շանտաժ անի իրա աթոռը պահելու համար: Լեւոնի ելույթը լսելուց հետո ես համոզվեցի, որ Լեւոնն արդարության կողմնակից ա, իսկ սրանք շանտաժով ու խաբեությամբ աթոռ պահող են: Գիտե՞ք ինչն ա վատ, որ ժողովուրդը լսում ա խոսքը ու էդ խոսքերի ազդեցությամբ ա ընտրություն կատարում: Եթե էդ խոսքը համոզիչ ա, ուրեմն՝ կգնա էդ ասողի հետեւից: Մեր ղեկավարների ելույթների հանդեպ մարդիկ շատ զգայուն են, ու նրանց ամեն մի խոսքը եթե կպնում ա սրտիդ` հավատում ես: Երբ Արամը խոսում ա՝ ես գիտեմ, որ էդ մարդն իրա սրտի թելադրանքով ա խոսում, իսկ, երբ խոսում ա մեր նախագահը կամ վարչապետը՝ զգում ես, որ տեքստն ուրիշը գրել ա, որ իրանք կարդան: Ուզում եմ ասել, որ ժողովուրդը շատ զգայուն ու նրբանկատ ա, շատ լավ կարողանում ա ճանաչել մարդկանց, տարբերել սուտն ու ճիշտը: Օրինակ՝ Լեւոնի ելույթից ես ցնցվեցի, որովհետեւ ինքը փաստեր բերեց մութ ու ցուրտ տարիներից, որ մենք չգիտեինք: Լեւոնը Քոչարյանի շնորհակալագրերն ու գովեստի խոսքերը ներկայացրեց, որն իսկականից մեր համար զարմանալի էր: Շատ հավանեցի, որ ասեց` ուրախ եմ, որ հայ ժողովուրդը էդ տարիները կոչում ա ցրտի, մթի տարիներ ու պատերազմի արհավիրքը չի զգացել: Ընդունեք, որ էդ մարդը ճիշտ բան ա ասում ու եկե՛ք ընդունեք, որ իրա բացակայությունը թույլ ա տվել իրա մասին լիքը հերյուրանքներ տարածել: Էսօր բոլորն ասում են, թե Լեւոնին չեն ընդունում, բայց գնում եմ միտինգի ու շշմում եմ, թե ինչքան համակիրներ ունի: Մարդիկ ինչքան էլ բացասական են խոսում, մեկ ա, միտինգներին միահամուռ կերպով գնում են իրա խոսքը լսելու»,- ոգեւորված ասում է Համլետն ու ավելացնում, որ մարդիկ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից վախենում են՝ նրան ասոցիացնելով մթի ու սովի հետ: Մինչդեռ, նրա կարծիքով՝ այդ կարծրատիպը ձեւավորել են ներկայիս իշխանությունները` ժողովրդի մեջ ՀՀՇ-ին ներկայացնելով իբրեւ ոհմակ:
«Մեր կենցաղը մեզ ստիպում է ծխել»
«Էն օրը լուրերով ցույց էին տալիս, որ ջահել երեխեքը ծխելու դեմ պայքարի ակցիա էին անում, իբր՝ որպես բողոքի նշան, դուրս էին եկել փողոցներ: Հաղորդում ա, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ եվրոպական երկրների համեմատ Հայաստանը համարվում ա ամենաշատ ծխողների երկիր: Բա էդ մեր երկրի համապատասխան մարմինները ինչի՞ մի հատ ուսումնասիրություն չեն անում, թե Հայաստանի բնակչությունը խի՞ ա էդքան ծխող, թե՞ էդ մեկն իրանց ձեռք չի տալիս: Կարող ա՞ մենք ուզում ենք ծխենք, որ ռակից մեռնենք: Մարդիկ հոգեբանորեն լարված, ճնշված են: Մեր բնակչության 80%-ը ծխող ա, սկսած՝ երեխեքից, վերջացրած՝ կանանցով, որովհետեւ մենք ապրում ենք շատ ներվային պայմաններում: Մեր կենցաղը ստիպում ա մեզ ծխել, որովհետեւ ամեն րոպեն, ամեն քայլափոխը մեր համար ներվային իրավիճակ ա: Հիմա ես երթեւեկում եմ ու սթրեսային վիճակում եմ, ընկնում եմ խցանման մեջ, ժամերով կանգնում եմ: Էնքան խաչբառ եմ լուծել, որ բոլոր հարցերն ու պատասխաններն անգիր գիտեմ, եթե 30 րոպե նույն տեղում նստած ես՝ ի՞նչ անես՝ պիտի ծխես համ ներվերդ թուլացնելու, համ էլ զբաղվելու համար: Հիմա ինչի՞ են կանայք շատ ծխում, որովհետեւ Հայաստանի կանայք իրանց ամբողջ ուժով տղամարդ են զգում,- ասում է վարորդ Հովհաննեսը, ու շարունակում,- որովհետեւ կնոջ հոգսերը շատ-շատ են: Էսօր հայ տղամարդը կոտրված, ճնշված ա, որովհետեւ չես կարողանում ընտանիքիդ համար նորմալ պայմաններ ապահովես: Գնում ես բժշկից մի տեղեկանք վերցնելու` քեզ կաբինետներով էնքան են չլում, մինչեւ զզվես, հանես կաշառք տաս. ստիպված ծխում ես, որ ներվայնությունից էդ շենքը պաժառ չտաս: Կնիկդ ամեն օր 1500 դրամ ուզում էր, որ հաց-մաց առներ, բայց հիմա 3000 դրամ ա ուզում, որովհետեւ 500 դրամանոց ձեթը դարձրել են 1100 դրամ, իսկ 80 դրամանոց հացը՝ 110 դրամ: Էլի ուզում ես ծխես, որ տան մեջ կռիվ չգցես, որովհետեւ ոչ ոք մեղավոր չի, որ քո երկրի ղեկավարները չգիտեն, թե ո՞նց ա վարորդ մարդն էս փողոցների պայմաններում օրվա հացի փող աշխատում: Փողոցում մի ֆիրմա ավտոյից քշում-անցնում ես, որ շուտ տեղ հասնես` պատվիրատուդ վրեդ չմրթմրթա՝ հելնում քեզ մեր են քրֆում, ու դու էլի ծխում ես, որովհետեւ, եթե իրա պես մեր քրֆես՝ կարող ա դիակդ փռի: Հիմա ո՞նց անես` ծխե՞ս, թե՞ չծխես. եթե չծխես՝ պիտի քնաբեր խմած ապրես, որ թուլանաս ու հանկարծ քեզ ինֆարկտը չխփի»,- զայրացած ասում է Հովհաննեսն ու սիգարետը սիգարետի ետեւից հանգցնում:
Էլի ժողովրդին փուռը կտան
Վարորդ Վարդգեսը հիասթափվել է ընդդիմության միտինգից։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի լռելուց հետո հանկարծ մեյդան ա գալիս ու ասում` ես եմ ձեր փրկիչը: Ո՞նց հավատաս նրա խոսքերին, երբ իրա օրոք մեր մաշկի վրա էինք զգում էս տառապանքները: Հա, ես նրանցից չեմ, ովքեր մտածում են, թե Ղարաբաղի պատերազմ տարած ժողովուրդը պիտի դրախտի ու լիության մեջ ապրեր ու դժվարություններ չունենար: Բայց փաստը մնում ա փաստ, որ նախկինները` Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ու իրա մտերիմները, լավ կլպեցին էս ժողովրդին, թալանեցին, ու հիմա էլ նույնը սրանք են շարունակում, բայց ավելի մեծ մասշտաբներով: Մի ելույթում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գովքն ա անում, թե ինչ լուրջ քաղաքական գործիչներ են, մյուս ելույթում նրանց կպնում ա: Էս ժողովուրդը էլ չի կարա ոտքի կանգնի նենց, ոնց կանգնեց ղարաբաղյան շարժման տարիներին: Լեւոնենք մարդկանց ոգեւորությունը կոտրեցին, հիասթափացրին, մարդիկ հասկացան, որ էդ մարդկանց ուզածը նախագահի աթոռն ա ու մյուս պաշտոնները: Հիմա, որ Սուքիասյան Խաչիկին ստուգում են, բայց չէ՞ որ Սուքիասյանները Լեւոնենց օրոք Վանո Սիրադեղյանի շնորհիվ դարձան մեծ բիզնեսմեն ու էս իշխանությունների օրոք ավելի մեծացրեցին իրանց ընտանեկան բիզնեսը: Նրանց օրոք էլ են օգտվել, սրանց օրոք էլ: Ոնց որ հիմա ա, էն ժամանակ էլ, եթե Սուքիասյանները Վանոյի հետ մոտիկ չլինեին`իրանք էդքան բան չէին կարա ունենան: Պարզից էլ պարզ ա: Հիմա չեմ հասկանում, թե Լեւոնի մտքին ինչ ա, ժողովուրդը էլ նույնը չի, որ իրա խոստումներին հավատա ու իրա հետեւից գնա, մի անգամ արդեն էդ արել ենք: Վերջն էլ տեսել ենք: Մի բան գիտեմ, ժողովուրդը հեղափոխություն չի ուզում, էս միտինգների վախտն անցել ա, էլ ժողովուրդը իրանց չի հավատա, չի գնա միլիցեքի ոտի տակ ընկնի, ու իրանք էլ փախնեն, ժողովրդին էլ փուռը տան: Էսօր մեզ ստաբիլ մարդ ա պետք, էդ էլ, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ա, որ սաղին կարողանում ա հավաքի, հարցերին լուծում տա, վախկոտ չի, իրա խոսքը լսում են: Չե՞ք տեսնում, ով հարց ա ունենում, վերջին վարիանտ` Սերժին ա դիմում, որովհետեւ մարդիկ գիտեն, որ ինքը կարա լուծում տա»,- ասում է վարորդ Վարդգեսն ու լրագրողներին խորհուրդ տալիս՝ մարդկանց վերքերի վրա անտեղի աղ չլցնել, չբորբոքել, կեղծ ինֆորմացիաներ չտպել:
«Երկիրը շալվար չի, որ երեք տարի հագնես, հետո հանես-շպրտես»
Վարորդ Սուրենն էլ հեգնանքով մատնանշում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունն, ըստ որի՝ նրան երկիրը ղեկավարելու համար անհրաժեշտ է 3 տարի: «Ես չեմ հասկանում, թե ինքը ի՞նչ ա մտածել էդ խոսքերն ասելուց առաջ: Իրա էդ նախադասությունը հերիք ա, որ մարդիկ իրան չընտրեն: Սերժը լավ ասեց՝ քաղաքականությունը հո փորձադաշտ չի՞: Եթե պիտի գա 3 տարի ինչ-որ փորձարկումներ անի ու գնա, էլ ինչի՞ ա եկել նորից: Ինքը լրիվ սխալ քայլ արեց, որովհետեւ էս ժողովուրդը վախենում ա պատերազմներից ու հեղափոխություններից: Մենք կտրուկ փոփոխություն, շրջադարձ չենք ուզում: Իրան ընտրենք, գա երեք տարի բզբզի, ու հետո էլ Աստված գիտի, թե ինչ կլինի: Չէ, ախպեր, հազիվ խաղաղության մեջ ապրում ենք, պետք չի անորոշ փոփոխությունը: Ուրիշ բան, որ ինքը տենց չասեր, էլի կմտածեիր, որ կարող ա լավ բան լինի, բայց իրա ասածը սկի խելքին մոտ բան չի: Երկիրը շալվար չի, որ երեք տարի հագնես, հետո հանես-շպրտես: Նորից արյունահեղություն սարքեն, ընտրությունների ժամանակ զենքերով մարդկանց վրա տան, Լեւոնը գա 3 տարի նստի էդ աթոռին ու գնա՞… Ես իրանից չէի սպասում, որովհետեւ իրա էդ խոսքերը շատերին հիասթափեցրեց: Ես էլի իրան չէի ընտրելու, բայց հիմա ընդհանրապես բացառում եմ Լեւոնին: Իրան երեւի պետք ա, որ էդ 3 տարվա ընթացքում Վանոյին բերի, գործերը դասավորի ու գնա, հա, մեկ էլ կարող ա «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար ա իրան էդ ժամանակը պետք: «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար արժեր էդ 3 տարին զոհաբերել, բայց ախր էլ մեջներս ուժ չի մնացել, որ դժվարությանը դիմանանք»,- ասում է վարորդ Սուրենն ու վստահեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն առեղծվածային էր, որովհետեւ նա պիտի գիտակցեր, որ կարող է մարդկանց հիասթափեցնել:
Արձանիկներով դղյակները կդառնան Օլյայի «բուդկեն»
Մեր մյուս զրուցակիցը` վարորդ Կամոն ուշադրություն է հրավիրում իշխանավորների խորամանկության վրա. «Սուքիասյանների մոտ ստուգումներից հետո մարդիկ սկսեցին քննադատել ղեկավարությանը, ոնց որ դեմ դուրս եկան: Մենք բոլորս էլ գիտենք, որ էդ հաստագլուխ օլիգարխների միջի միակ կիրթ, գրագետ մարդը Խաչատուր Սուքիասյանն ա, ու ինչքան գիտեմ՝ նա օրինավոր հարկ վճարող ա: Տեսան, որ էս ոսկորը մնաց իրանց կոկորդին, այսինքն՝ ժողովուրդը սկսեց քննադատել իրանց տրյուկը՝ հիմա էլ ասում են, իբր Վարդանյանի, մյուսների մոտ էլ են ստուգումներ անում: Եթե իրանց թվում ա, թե իրանք խորամանկ են ու կարան խաբեն` սխալվում են, որովհետեւ լավ էլ հասկանում ենք, որ ստից են տենց անում, որ չմեղադրենք, ասենք՝ Սուքիասյանը Լեւոնին պաշտպանեց, դրա համար էլ իրան ճնշում են: Խի չգիտե՞նք, որ, եթե ես վաղը կանգնեմ, ասեմ՝ էսինչին կաշառք եմ տվել, կսկսեն ինձ հետապնդել, ոչ թե կաշառք վերցնողին: Կվախացնեն, կուզեն բերանս փակել: Նույնն էլ Սուքիասյանինն ա, որը Լեւոնի հետ ա, ինչը նշանակում ա՝ իրանց դեմ ա: Պետք ա գլխին սարքե՞ն, թե՞ չէ: Բայց հալալ ա իրա դուխին, ես իրան շատ հարգեցի: Էս օրինակը պիտի օլիգարխներին մտածելու տեղիք տա: Եթե իշխանությունը վաղը Ծառուկյանին կամ Վարդանյանին թարս աչքով նայի, ուրեմն՝ գլխներին կտցնելը 2 րոպեի գործ ա: Էդ արձանիկներով դղյակները մի րոպեում կարան դառնան մեր մայլի բոմժ Օլյայի բուդկեն: Նենց որ, սաղին էլ ուշ թե շուտ նույն ճակատագիրն ա սպասվում: Չնայած, ասեմ ձեզ, որ, եթե վաղը Հարկայինը կանգնի, հայտարարի, որ օրինակ՝ Վարդանյանի մոտ կամ Ծառուկյանի մոտ հարկային չարաշահում են հայտնաբերել, ես կասեմ՝ հալալ ա մեր երկրի ղեկավարներին, որ կոռուպցիայի դեմ պայքարում են: Իրոք կհավատամ, որ էս պայքարը քաղաքական չի, տնտեսական ա ու տարածվում ա բոլորի վրա: Այ էդ ժամանակ ես իրոք ներողություն կխնդրեմ ասածներիս համար ու կասեմ, որ Սուքիասյանն արժանի էր պետության էդ քայլերին»,- ասում է Կամոն: