Մոսկովյան հանդիպումներ

12/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մարտի 24-ին Մոսկվայի Համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպվել էր հայ-ռուսական հարաբերություններին նվիրված կլոր սեղան, որին հայկական կողմից մասնակցում էին ԱԺՄ ղեկավար, պատգամավոր Վազգեն Մանուկյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը, Վարդան Խաչատրյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ռուսական կողմից կլոր սեղանին մասնակցել են Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Եվգենի Կարտոգինը, տնօրենի օգնական Աջար Կուրտովը, Պետդումայի ներկայացուցիչ Անդրեյ Կակոշինը, «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի գլխավոր խմբագիր Վիտալի Տրետյակովը, տարբեր գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, Արտգործնախարարության ներկայացուցիչներ, ամսագրերի խմբագիրներ եւ այլք:

Հայկական կողմից կլոր սեղանին մասնակցած Վ. Մանուկյանի խոսքերով` «Ընդհանուր քննարկումներ էին գնում ռուս-հայկական հարաբերությունների մասին` ինչն է իրական, ինչն է թվացող: Իմ կարծիքով, հետաքրքիրն այն էր, որ Հայաստանից հրավիրված էին ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք համարվում են ոչ ռուսամետ, եւ փորձ էր արվում այս նոր իրավիճակում քննարկել հարաբերությունների հարցը: Նոր իրավիճակ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը տանուլ է տալիս իր ազդեցության տակ գտնվող տարբեր երկրներում: Բնական եւ բավականին անկեղծ քննարկումներ էին: Փորձ էր արվում նոր տեսակից հասկանալ` ինչն է միավորում, ինչն է անջատում»: Պ. Հայրիկյանի կարծիքով էլ` «Հայ-ռուսական հարաբերությունները կարգավորված չեն, չկա ռազմավարություն: Ընդհանուր առմամբ առկա է ոչնչով չհիմնավորված ռուսամոլություն: Իրենց մտավորական համարող մարդիկ իրենց իրավունք են վերապահել փառաբանել ամպագոռգոռ եւ բացարձակապես ոչինչ չնշանակող «հավերժ Ռուսաստանի հետ» տխմարաբանությունը: Ժամանակն էր, որ հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը հանգամանալից քննության արժանանար: Ազատ քննարկում, հանգամանալից վերլուծություն իրենք (իշխանությունները.-Ռ.Թ.) չեն իրականացրել: Մեզ մոտ այդ գաղափարը հստակ է` քննարկել, բայց անաչառ լինելու համար որոշեցինք առաջին քայլերն անել ռուսների հետ»: Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմն էր այս քննարկումների նախաձեռնողը: Ըստ ԱԻՄ առաջնորդի` «Կարող եմ ասել, որ նաեւ մենք էինք, բայց միայն մենք չէինք, որովհետեւ մենք առավել մտահոգներն էինք: Իրական նախաձեռնողները չեմ կարող ասել ովքեր էին: Դա շատ ցանկանալով, ես չեմ կարող ասել, որ նախաձեռնողները մենք` հայերս էինք: Չեմ էլ խորացել այն հարցում, թե ովքեր էին»: Պ. Հայրիկյանը կարծում է նաեւ, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը, մանավանդ՝ Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունը, որեւէ տեղ չի մշակվում, չի վերահսկվում, «դրա համար էլ տեղի են ունենում ոչ միայն անտրամաբանական, այլեւ անթույլատրելի` «Գույք՝ պարտքի դիմաց» եւ այլ նման բաներ: Անաչառ վերլուծություն երբեք չի եղել»: Վ. Մանուկյանը քննարկումներից այն տպավորությունն էր ստացել, որ «Ռուսաստանը հստակ չի պատկերացնում, թե ինքն ինչ է ուզում, եւ դրա համար էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ դժվարացված են»: «Մեր կողմից ասվող հիմնական միտքն այն էր, որ Ռուսաստանը շատ ավելի խորը պետք է գիտակցի, թե ինքն ինչ է ուզում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես կարելի է բարեկամություն անել»,- շարունակում է պարոն Մանուկյանը: Ե՛վ Վ. Մանուկյանը, եւ՛ Պ. Հայրիկյանն ասացին, որ սա պաշտոնական հանդիպում չէր: Կլոր սեղանի ընթացքում չեն քննարկվել Ռուսաստանի` Վրաստանի հետ ունեցած խնդիրների եւ Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված հարցեր:

Ըստ Պ. Հայրիկյանի` «Արտառոց հեռանկարային էին Վիտալի Տրետյակովի մոտեցումները: Նա հնարավոր էր համարում Օսմանյան Կայսրության վերականգնումը»:

Քննարկումները շարունակվելու են, եւ նախատեսվում է հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում` մայիսի երկրորդ կեսին: Պ. Հայրիկյանի խոսքերով` «Առայժմ հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունն էր քննարկման առարկա` թե հանուն ինչի՞ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ունենան առանձնահատուկ հարաբերություններ, պե՞տք է ունենան, թե՞ ոչ: Այս կլոր սեղանը որեւէ պրակտիկ նպատակ չէր հետապնդում: Հետագայում այս ուսումնասիրությունները կարող են օգնել գործնական, կիրառական քաղաքականությամբ զբաղվողներին, մարդկանց կողմնորոշելու` ունենալով 2 կողմերի փորձագետների վերլուծությունները»: