Նրբագեղություն իտալական ձեւով Brioni-ի կոստյումներն առաջին հայացքից ցանկալի եւ անհասանելի են թվում, սակայն, եթե դուք սպասեք, մինչեւ այն կարեն ձեզ համար, վարձատրված կլինեք: Դուք հանգիստ կարող եք դրանով մեկնել Ֆլորենցիա` նորաձեւության փառատոնին մասնակցելու: Տարին մեկ անգամ հենց այստեղ են նախընտրում գալ նրանք, ում համար կարեւոր է Brioni-ի ոճը` նրբաճաշակություն, նորարարություն եւ ավանդապահություն:
Նորարարության ու ավանդապահության, շքեղության ու գործնականության հետ համադրվող դասական նրբագեղության կատարյալ օրինակ համարվող Brioni-ն ծնվել է Երկրորդ աշխարհամարտի վերջում` Իտալիայում: Ընդամենը մի գարնան ընթացքում այս ոճը նվաճեց Հռոմը: Իսկ «Brioni» անունը կրող փոքրիկ խանութն առաջինն էր, որ ներկայացրեց տղամարդկանց հագուստի կոլեկցիա եւ տղամարդկանց պոդիումի վրա բարձրացրեց իբրեւ մոդելների: Սակայն միայն այս փաստով չէ նորաձեւության զարգացման պատմությունը պարտական Brioni-ին: Կինոյի եւ թատրոնի մեջ իտալական նեոռեալիզմի հետ միասին այն դարձավ Dolce Vita-ի դարաշրջանի այցեքարտն ու տարածվեց ողջ աշխարհում: «Հռոմի բնակիչների համար հագուստը ուտելիքից կարեւոր է»,- գրում էին հետպատերազմական Հռոմ այցելած լրագրողները:
1945թ. դերձակ Նազարենո Ֆոնտիկոլլին եւ վաճառական Գաետանո Սավինին սեփական խանութ բացեցին Վիա Բարբերին փողոցում եւ այն կոչեցին «Brioni»` ի պատիվ Ադրիատիկում գտնվող կղզու, որտեղ հավաքվում էր նախապատերազմյան Եվրոպայի հասարակության սերուցքը: Նազարենոյի եւ Սավինիի բարեկամությունը դարձավ ստեղծագործական իդեալական միության կատարյալ օրինակ. Հռոմի պճնամոլներն ու հարուստ արտասահմանցիները շատ արագ սովորեցին փոքրիկ խանութի հասցեն:
Brioni-ի պատմության մեջ շրջադարձային եղավ իտալական նորաձեւության կնքահայր մարկիզ Ջովանբատիստա Ջորջիանիի հետ հանդիպումը: Նա բարեկամներին առաջարկեց փորձել նվաճել Ամերիկան: 1951թ. ամերիկացի լրագրողների եւ գնորդների համար մարկիզը Ֆլորենցիայում կազմակերպեց առաջին Italian High Fasion Show-ն: Դա աննախադեպ դեֆիլե էր. առաջին անգամ կին մոդելների հետ հագուստ էին ներկայացնում նաեւ տղամարդ մոդելները: Շուտով ամերիկյան «B. Altman&Co» պատրաստի հագուստի խանութի տերերը Brioni-ին շահավետ պայմանագիր առաջարկեցին, եւ Նյու Յորքի 5-րդ պողոտայում հայտնվեց առաջին իտալական հավաքածուն:
1950-ականներին իտալական «վերածննդի» հերթական ալիքն էր տիրում ամենուր: Հենց այդ ժամանակ էր, որ Հռոմը սկսեց Ամերիկային սովորեցնել նոր կինոէսթետիկայի: «Հռոմեական արձակուրդ» ֆիլմը դարձավ Իտալիայի այցեքարտը: Կլարկ Գեյբլը, Կերկ Դուգլասը, Էնթոնի Քուինը, Գարրի Կուպերը դարձան հագուստի այս նոր ոճի ջատագովները:
1954թ. եւս մի կոլեկցիա հատեց Ատլանտյան օվկիանոսը: Նյու Յորքում եւ եւս 8 այլ քաղաքներում տեղի ունեցան Brioni-ի առաջին ցուցադրությունները: Իսկ երկու տարի անց տեղի ունեցավ փառահեղ շոու` Նեապոլից Նյու Յորք լողացող նավի վրա: 1957-1977թթ. Brioni-ի տղամարդկանց նորաձեւության թատրոնը տվել է 288 ներկայացում: Նույնիսկ փարիզցի պճնամոլները` նոր ալիքի ապագա ռեժիսորները` Գոդարը, Բրեսսոնը եւն, այս հագուստն էին նախընտրում:
Թատրոնի եւ կինոյի համար հագուստ կարելն ավելի հանրահայտ դարձրեց Brioni-ին: Վիա Բարբերինում գտնվող խանութը դարձավ զբոսաշրջիկների այցելության վայր:
Նույնիսկ այսօր Brioni-ի մի կոստյումի վրա ծախսվում է մոտ երկու ամիս ժամանակ, քանի որ աշխատանքի մեծ մասն արվում է ձեռքով: Այսօր հանրահայտ բրենդն ավելի քան 500 խանութներ ունի աշխարհով մեկ եւ մոտ 25.000 մշտական հաճախորդ: Brioni-ի կոստյումը դարձել է հանրահայտ կինոաստղերի, քաղաքական գործիչների, արքայազնների, սուլթանների ու շեյխերի իմիջի մի մասը: Ահա Brioni նախընտրող մարդկանց ոչ լրիվ ցանկը՝ Քոֆի Անան, Լուչանո Պավարոտտի, Նելսոն Մանդելա, Ջոն Ուեյն, Մայքլ Դուգլաս եւ այլք։