Ավարտեցին

21/11/2007

ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանում երեկ ավարտվել է «Ռոյալ Արմենիայի» համասեփականատեր Գագիկ Հակոբյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» երկու ղեկավարներ՝ Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը ՖԻԳ ընկերության կողմից մեղադրվում են մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման եւ հարկերից խուսափելու մեջ: Սա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, թե մաքսային մարմինների բարձրաստիճան ղեկավարներն իրենցից կաշառք են պահանջել: Դատախազ Հովսեփ Սարգսյանը եւ ՖԻԳ ընկերության շահերի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը երեկ ներկա չէին: Դատական նիստին ներկա չէր նաեւ ՖԻԳ-ի ղեկավար Վաչե Պետրոսյանը: Հարցաքննությունը երեկ շարունակել է դատախազ Լեւոն Մելքոնյանը: Նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը մի քանի անգամ բարկացել է նրա վրա՝ ասելով, որ նրա հարցերից շատերը կրկնվում են: «Ռոյալ Արմենիայի» համասեփականատեր Գագիկ Հակոբյանը երեկ նորից բերել է փաստարկներ այն մասին, որ փաստաթղթերի կեղծում եղել է հենց Պետրոսյանի կողմից, որը Մաքսային պետական կոմիտեի հետ համագործակցելուց հետո «հենց Մաքսայինի պատվերով նոր ապրանքագրեր է սկսել նկարել»: Ինչ վերաբերում է Պետրոսյանի հայտարարություններին, թե իբր «Ռոյալ Արմենիան» իրեն դեռ պարտք է, Հակոբյանը նշել է, որ 2002թ. Պետրոսյանի հետ ստորագրել են փոխադարձ պարտավորությունների արձանագրություն, ըստ որի՝ երկու կողմերը ոչ մի պարտք-պահանջ չունեն էլ: Ի դեպ, դատական փորձագետների ղեկավար Վասիլ Առուստամյանն իր եզրակացության մեջ այս արձանագրությունը համարել էր հաշվապահական հաշվառման ամփոփ փաստաթուղթ: