«Հիմնականում ջահելների դիակներ են բերում»

21/11/2007

ՀՀ Վիճվարչության տվյալներով՝ 2004թ. Հայաստանում մահացել է 25.679, իսկ 2005թ.՝ 26.278 մարդ: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում հրապարակվող պաշտոնական թվերին հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում, քանի որ հրապարակվող վիճակագրական տվյալները, որպես կանոն, չեն արտացոլում մեր իրականության պատկերը: Պաշտոնական տվյալների համաձայն` բնակչության կենսամակարդակն աստիճանաբար բարելավվում է: Ենթադրվում էր, որ սրան զուգահեռ՝ պետք է կրճատվեր նաեւ մահացությունների ցուցանիշը:

Մենք փորձեցինք որոշ տեղեկություն ստանալ գերեզմանատների աշխատակիցներից, ովքեր անմիջական առնչություն ունեն ՀՀ-ում տեղի ունեցող մահվան ելքերի հետ: Շրջելով գերեզմանատներում՝ մենք խոսեցինք մի քանի աշխատակիցների հետ, ովքեր խնդրեցին իրենց իրական անունը չնշել (նյութում տեղ գտած անունները պայմանական են): Մայրաքաղաքի հայտնի գերեզմանատանը շուրջ 15 տարի աշխատող Արթուրը վստահեցնում է, որ նախորդ տարիների համեմատ մահացությունն անհամեմատ ավելացել է: Եթե նախկինում օրական 1-2 կամ 3 դիակ էին հանձնում հողին, ապա այսօր դրանց թիվը կարող է հասնել 4-5-ի, անգամ 10-ի: Սակայն մտահոգիչն այն է, որ ներկայումս շատ են երիտասարդների մահերը. «Առաջ բերում էին հիմնականում ծերերի, ասենք՝ 70-80 տարեկան մարդկանց: Հիմա երիտասարդների մահերը շատ-շատ են: Դիակը բերում են՝ սպանված, գողական ռազբորկեքից, կռիվներից մահացած, վթարից մահացած, ինքնասպանություն գործած, մեկը կախվել ա, մյուսն իրան մոստից գցել ա, ու սենց լիքը դեպքեր: Վթարներից մահացածներն են շատ-շատ: Շատ են նաեւ քաղցկեղից, շաքարից մահացածները,- ասում է Արթուրը՝ վստահեցնելով, որ ծերերի դի հազվադեպ են բերում: -Հիմա, եթե ծեր, տարիքն առածի դիակ են բերում՝ հարազատներն ասում են՝ գնանք-ուրախանանք, քեֆ անենք, որ էսքան տարի ապրեց մեր հարազատը»: Գերեզմանափոր Վարդանը վստահեցնում է, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի դիակների մուտքը գերեզմանատուն անփոփոխ է. «Օր կա՝ 5 դիակ են բերում, օր էլ կա՝ ընդհանրապես հուղարկավորություն, դիակի հանձնում չի լինում: Որ ասեմ՝ փոփոխություն կամ աճ կա՝ սուտ կլինի, բայց, եթե համեմատենք, ասենք, Սովետի տարիների հետ՝ իհարկե, աճ կա: Ուղղակի հիմիկվա դիակների մեծամասնությունը ջահելությունն ա: Առաջ տենց չէր, հիմնականում մեծահասակներ էին, ծերության, բնական մահ էր, իսկ հիմա ջահելներ ա, որ բերում են»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ երիտասարդներից շատերն էլ մահանում են անբուժելի հիվանդությունների պատճառով:

«Ահավոր ապրումներ ես ունենում, ազդում ա վրեդ»

Այն, որ գերեզմանատներում աշխատելը բարդ գործ է՝ անհերքելի փաստ է: Մեր զրուցակիցները վստահեցնում էին, որ ամեն օր հանգուցյալների հետ շփվող մարդկանց հոգեբանությունը, բնականաբար, փոխվում է: «Մարդը ծերանում ա»,- ասում է Վարդանն ու վստահեցնում, որ աշխատանքի բնույթը փոխում է մարդու բնավորությունը: «Նայե՛ք, մազերս ամբողջ սպիտակել են, ոնց որ 60 տարեկան լինեմ, բայց ես 43 տարեկան եմ, սա շատ դաժան ու անշնորհակալ գործ ա, ահավոր ապրումներ ես ունենում, ազդում ա վրեդ»,- ասում է նա՝ վկայելով, որ շատ է պատահում, երբ դիակի համար փոս փորելիս բահի հետ մեկ այլ դիակի մասունքներ են դուրս գալիս: «Դե՛, պատկերացրե՛ք մեր հոգեվիճակը: Նման բաներ պատահում են, երբ հարազատներն ուզում են իրենց հասանելիք տարածքում վերահուղարկավորություն անել»,- ասում է Վարդանը: Արթուրն էլ վկայում է, որ տարիների ընթացքում իր համար նման երեւույթները սովորական են դարձել: «Առաջին անգամ տեսել եմ զոնում թույնած մի գողականի դիակ, որն աննկարագրելի սեւացած էր: Չեմ կարա պատմեմ, թե ինչ զգացի էդ ժամանակ, աչքերիս առաջ սեւացավ, գլուխս պտտվեց, բայց հետո դարձավ սովորական: Էդ էլ մեր աշխատանքն ա, ի՞նչ կարանք անենք: Շատ ա եղել, որ հողը փորել ենք, մեկ էլ տակից դիակի գլուխ, ոտք, ձեռք, նույնիսկ աչքեր են դուրս եկել: Եսիմ, արդեն սովորական ա դարձել: Պատահել ա, որ տան մեջ մահացած ու շաբաթներով մնացած, բորբոսնած դիակ են բերել, ու ստիպված ենք եղել նայել, շփվել էդ ամեն ինչի հետ: Երբ սովորում ես՝ ռոբոտի պես ես դառնում»,- ասում է նա: Ի դեպ, գերեզմանատների աշխատակիցները վստահեցնում են, որ մեր հասարակության մեջ կա մի կատեգորիա, ասել է թե՝ ծայրահեղ անապահով մարդիկ, որոնք իրենց գոյությունը պաշտպանում են գերեզմանատանը շրջելով եւ հուղարկավորությունից մնացած հոգեհացի ավելցուկը հավաքելով: Վերջիններս, որպես կանոն, ամեն օր շրջում են այդ տարածքներով, որպեսզի հոգեհացի մնացորդները հավաքեն. «Դե՛, տեսնում ես, որ մարդը սովամահ ա լինում՝ ո՞նց կարաս չթողնես ներս: Գալիս էդ մնացորդները հավաքում, տանում են»,- ասում է գերեզմանատան պահակը, ով վկայում է, որ դեպքեր են լինում, երբ՝ «մի երկու բաժակ խմում են ու իրանց հարազատին, ախպերությանը հիշում են, կարող ա գիշերվա հազարին գան, ուզենան մտնել, բայց վա՛յ, եթե չուզենաս էդ ժամին թողել, կարող ա տան, գլուխդ ջարդեն»: Գերեզմանատների աշխատակիցները վստահեցնում են, որ նման տարածքներում կարելի է հանդիպել նաեւ «բոմժերի», ովքեր գալիս են օղորմաթասից մնացած ալկոհոլային խմիչքների ետեւից: «Ուտելիքները հավաքում են, խմիչքի մնացորդներն էլ խմում են, դե՛, բնական ա, որ շշերն էլ հանձնում, էլի խմիչք են առնում»,- պատմում է Վարդանը՝ վկայելով, որ գերեզմանատներ ներխուժել ցանկացողների ցուցակի առաջին տեղում՝ «խուժաններն են», ավելի ճիշտ՝ գիշերային թիթեռնիկները: Վերջինս վստահեցնում է, որ էժանագին գիշերային թիթեռնիկների պատվիրատուները հաճախ իրենց «գործն անելու համար» տեղ վարձելու հարցում վճարունակ չեն, հետեւաբար գերադասում են մարդկությունից հեռու վայր, իսկ գերեզմանատունը տվյալ դեպքում ամենահարմար տեղն է: «Շատ ա եղել, որ դրանց գտել ենք ստեղ ու հանել, լարել ենք: Գիշերները շատ վտանգավոր ա ստեղ, խուժաններ, գողականներ, այլանդակներ, դե՛, արի ու դրանց բան բացատրի»,- պատմում է Վարդանը: Ի դեպ, գերեզմանատան աշխատակիցներից մեկը պատմում էր, որ «բոմժերին», որպես կանոն, թույլ չեն տալիս գերեզմանատներում հուղարկավորել: Նրա պատմելով՝ նման մարդկանց այրում եւ նետում են «Նուբարաշենի» աղբավայր: «Եթե փողոցում գտնում են անտեր, առանց փաստաթուղթ, առանց անձնագիր մարդու, տանում-վառում, գցում են էնտեղ: Վերջերս մի կնոջ, որը մահացել ու շաբաթներով բնակարանում հոտել էր, հայտնաբերել էին որդնած վիճակում, մեշոկի մեջ, վառել, գցել էին Սովետաշենի զիբիլանոցը»,- պատմում է գերեզմանատներից մեկի աշխատակիցը: Այս տեղեկությունը ճշտելու համար մենք զանգահարեցինք ՀՀ Ոստիկանություն, որի Հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վարուժան Բալյանը պատասխանեց. «Ոստիկանությունը դիակի հետ առնչվում է, եթե հանցակազմ է լինում: Հայտարարվում է հետախուզում, դիակի ինքնությունը ճշտվում է, ապա ուղարկվում է հիվանդանոց: Այնուհետեւ Ոստիկանությունն այլեւս դիակի հետ չի առնչվում, որովհետեւ դիակի հանձնումը կատարում է քաղաքապետարանը»,- վստահեցրեց նա: Քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ից փոխանցեցին, որ այս տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նման մարդկանց համար «Նուբարաշենի» գերեզմանատանը հատուկ տարածք կա: Փողոցներում մահացած, այսպես ասած՝ «բոմժերի» դիակ հայտնաբերելիս «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ն այն հանձնում է նշյալ գերեզմանատան հատուկ տարածքում: Որպես կանոն` նման մարդկանց մոտ անձնագիր կամ ինքնությունը պարզող փաստաթուղթ հայտնաբերվում է, հետեւաբար, դիակի հանձնումից հետո, նշված տարածքում ցուցանակի վրա գրվում է հանգուցյալի անուն-ազգանունը եւ ծննդյան, մահվան տարեթիվը:

Ձմռան ցրտերին, ինչպես միշտ, շատանում են անօթեւան մարդկանց սառցակալելու դեպքերը: Մեր առաջիկա համարներից մեկում կանդրադառնանք փողոցներում հայտնաբերվող մահացած «բոմժերի» խնդրին եւ նրանց դիակները հողին հանձնելու՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի կողմից կատարվող արարողակարգին: