Այսուհետ շաքար կարտադրի

19/11/2007

Հայաստանում ներկայումս շաքարի ճակնդեղ չի մշակվում, սակայն մշակման դեպքում այն կարող է լայն իրացում գտնել, որի նախապայմաններն ընդլայնման միտում ունեն, եւ աստիճանաբար լուծվում է դրա սպառման շուկայի հարցը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ Ախուրյանի տարածաշրջանում բացվող շաքարի գործարանում ճակնդեղը կարող է ընդունվել որպես շաքարի արտադրման հումք: «Ճիշտ է, սկզբնական շրջանի համար դեռ հնարավոր չէ մեզ մոտ մեծ ծավալներով շաքարավազ արտադրել, սակայն այս մշակաբույսը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ հանրապետության համար, ուստի կարեւոր է խթանել դրա մշակումը»,- նշել է նա: Ինչպես հայտնի է` Ախուրյանի շրջանում բացվող շաքարի գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, որը հանրապետություն շաքարի (եւ այլ ապրանքների) միանձնյա ներկրողն է: Ս. Ալեքսանյանը գործարանի համար արդեն մեծ քանակության տեխնիկա է ձեռք բերել: Գ. Պետրոսյանի տեղեկացմամբ` հանրապետության մի շարք շրջաններ, մասնավորապես՝ Սպիտակը, Ամասիան, Աշոցքը, շատ նպաստավոր են այս մշակաբույսի աճեցման համար: Շաքարի ճակնդեղի մշակմամբ նաեւ ռոտացիա կապահովվի, քանի որ ներկայումս այդ շրջաններում միայն հացահատիկ է մշակվում: «Փաստորեն, ճակնդեղի մշակումը բավականին շահութաբեր կարող է լինել մի շարք առումներով»,- ընդգծել է նա: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 63 հազար 804 տոննա շաքար` 17 մլն 630 հազար դոլարի շրջանակներում: 2005-ից շաքարը գերակշիռ մասով Հայաստան է ներկրվում Վրաստանից: Այս տարվա նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 1931 տոննա շաքար` 2004-ի` 716 տոննայի, 2005թ.` 1830 տոննայի, 2006թ.` 2210 տոննայի դիմաց: