Ամենահայտնի շվեդուհու տարեդարձը

19/11/2007

Այս օրերին աշխարհը նշում է հիանալի հեքիաթային հերոսների «մայր» Աստրիդ Լինդգրենի 100-ամյա տարեդարձը։

Նա զարմանալի ազատատենչ ու արտասովոր կերպարներ է ստեղծել, որոնք մանուկների, նաեւ՝ մեծահասակների համար մնալու են երեւակայական աշխարհում ապրող ու միշտ անկախ կյանքին ձգտող էակներ։ Աստրիդի կյանքը նույնպես նման ազատագրական տարրերով է լեցուն եղել։ 16 տարեկանում, դպրոցը ավարտելուց հետո, Աստրիդ Աննա Էմիլիա Էրիքսոնը հրաժարվեց իր երկար հյուսերից, գերմոդայիկ սանրվածք ձեռք բերեց ու որոշեց աշխատանք գտնել իր հայրենի փոքրիկ գավառական շվեդական մի քաղաքում։ Աստրիդի կարծիքով՝ պրոգրեսիվ կնոջ համար Շվեդիայում միայն մեկ զբաղմունք կար, եւ դա լրագրությունն է։ Ֆեմինիստական հովերով տարված աղջիկը շատ հեռահար նպատակներ էր դրել իր առջեւ, ուզում էր կամ հայտնի լրագրող, կամ էլ հայտնի դերասանուհի դառնալ։ 16 տարեկանում նա դարձավ լրագրող։ Սակայն մեկ տարի հետո փախավ մայրաքաղաք եւ որդի ունեցավ, ում ծննդականում նշված չէր՝ թե ով է երեխայի հայրը։ Աստրիդը ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ փող, իսկ Ստոկհոլմը բնավ էլ բարեհամբույր չէր նրա նկատմամբ։ Աստրիդը ստիպված է լինում իր որդուն տալ բոլորովին անծանոթ մարդկանց՝ հասկանալով, որ միայն այդպես կարող է փրկել նրան։ Նրա կյանքը շատ նման է սիրային ֆիլմերի տարածված սյուժեներին։ Աստրիդը կարողանում է «ոտքի կանգնել», քարտուղարուհու մասնագիտություն ձեռք բերել, ամուսնանալ հիմնարկության տնօրենի հետ, ետ վերցնել իր որդուն, դուստր ունենալ եւ ապրել տնային տնտեսուհու կյանքով։ Նա այլեւս չէր մտածում աշխարհին զարմացնելու կամ այն նվաճելու մասին, նա պարզապես իր օրերն անցկացնում էր երեխաների մասին հոգ տանելով ու խոհանոցում ճաշ պատրաստելով։ Նա արդեն քառասուն տարեկան էր եւ հասկանում էր, որ ոչինչ չհասցրեց անել իր կյանքում։ Աստրիդ Լինդգրենն ասում էր, որ ապրեց իր կյանքը՝ այդպես էլ չհասկանալով, թե ե՞րբ այն մոտեցավ վերջին կանգառին։

Աստրիդի համար շրջադարձային դարձավ 1944 թվականը, երբ նա շատ պատահական որոշեց հեքիաթ գրել։ Ձմեռ էր, նա սայթաքել-ընկել էր ու կոտրել ոտքը։ Երկար ժամանակ նա պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ գրեց այն հեքիաթներից մեկը, որը սովորաբար պատմում էր իր երեխաներին։ Երբ հեքիաթի ձեռագիրն ուղարկեց հրատարակչություն, մերժում ստացավ։ Նրան պատասխանեցին, որ դա հեքիաթ չէ, այլ՝ տարօրինակ պատմություն է։ Աստրիդ Լինդգրենը շատ բարկացավ ու փոքր հեքիաթի փոխարեն մի ամբողջ գիրք գրեց, որը կոչվում էր «Երկարագուլպա Պեպպիի արկածները»։ Այդպես սկսվեց նրա փառքն ու ճանաչումը։ Հետո ծնվեցին Կարլսոնը, ավազակուհի Ռոնին եւ էլի շատ հերոսներ, որոնց գիտի ողջ աշխարհը։

Աստրիդ Լինդգրենը 20-րդ դարի ամենախոշոր մանկական գրողն է, որն ապրել է երկար, ցնցումներով լի կյանք եւ հորինել այնպիսի հերոսներ, որոնք կարծես հասկանում են, որ տարօրինակ լինելն իրենց առավելությունն է։ Նրանք միշտ պատրաստ են փախչել իրենց տներից, միօրինակությունից, հասնել այն վայրերը, որոնց առկայության մասին հուշում է իրենց երեւակայությունը։ Անտառում, տանիքի վրա կամ կենդանիների հետ ապրող Աստրիդի հերոսները չեն սիրում ենթարկվել ընդունված կանոններին, նրանք իրենք են սեփական կանոնները ստեղծում։ Թերեւս այդ պատճառով էլ նրանց սիրում են բոլոր մանուկները։