«Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ն 1991 թվականից իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստան-ԱՄՆ-Հայաստան: Նախկինում «Գյուտ» ՍՊԸ կոչվող կազմակերպությունը վերանվանվել է «Կարգո Ջեթ Լայն», քանի որ պայմանագրային հիմունքներով համագործակցում է ամերիկյան «Ջեթ Լայն» բեռնատար ավիաընկերության հետ: Կազմակերպության տնօրեն Հրանտ Սիմոնյանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ից բերվող բեռներն անհամեմատ մեծ են, քան Հայաստանից ուղարկվող բեռները: Ֆիրմայի պարտավորությունների մեջ չեն մտնում ծանրոցներ ստուգելը, քանի որ դրանք երեք երկրում մաքսատուն են անցնում, այդուհանդերձ, կասկածելի ապրանք հայտնաբերելու պարագայում այն բացվում է, որպեսզի հայտարարագրում կատարվի: Ցանկացած հաճախորդ՝ բեռը ստանալիս, երբ ծանրոցը բացված է տեսնում, սկսում է կասկածանքով վերաբերվել, դրա համար էլ սահմանափակվում են մաքսակետերում տեխնիկական համապատասխան միջոցներով բեռների ստուգումներով: Հարցիս, թե հատկապես հասարակության ո՞ր խավն է օգտվում կազմակերպության բեռնափոխադրումից, պրն Սիմոնյանը պատասխանեց. «Կարելի է ասել՝ մեծամասամբ ցածր խավը: Ցուրտ ու մութ տարիներին ժողովուրդը գոյատեւեց դրսից ստացվող օգնություններով: Ուղարկվում է այն ամենը, ինչը հնարավոր է ուղարկել, սկսած՝ հագուստից, վերջացրած՝ սննդով: Արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն իրենց օգտագործած ամեն հնարավոր բան թափելու փոխարեն ուղարկում են հարազատներին: Ե՛վ իրենք են ազատվում այդ հնությունից, եւ՛ այստեղի ապրող իրենց բարեկամն է շատ ուրախանում, որ ծանրոց է ստանում: Ես անձամբ գնացել եմ բեռ ստացող մարդկանց տուն եւ ականատես եմ եղել, թե ինչեր են ստացել ու ինչ ուրախություն են ապրել անգամ ամենափոքր ծանրոց ստանալու դեպքում: ԱՄՆ-ից օգնությունների հոսքը մեծ էր Լենինականում, բայց աստիճանաբար մարդկանց ապրելակերպը ինչ-որ կերպ կարգավորվեց եւ բեռնափոխադրումների ծավալները նվազեցին: Տասը տարի առաջ Հայաստան-ԱՄՆ բեռնափոխադրումների ծավալները շատ մեծ էին, որովհետեւ բնակչությունը գնում էր՝ այստեղից տանելով իր ունեցած կահույքը, դաշնամուրը, ապրուստը: Հիմա գնացողների թիվը պակասել է, բացի այդ, մարդիկ հասկացել են, որ շատ բաներ տանելն անիմաստ է: Թեեւ «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ն գումարների փոխադրում չի իրականացնում, այնուամենայնիվ, Հ. Սիմոնյանը տեղյակ է, որ գումար ուղարկողների թիվը մեծ է: Մարդիկ արտասահմանից թոշակի պես յուրաքանչյուր ամիս գումար են ստանում, ընդ որում, գումար ստանում է հասարակության չունեւոր խավը: «Այնպիսի բաներ են ԱՄՆ-ից ուղարկում, որ տեսնեք՝ կզարմանաք: Ծանրոցների մեջ ամեն ինչ կարող եք գտնել՝ խաղալիք, սնունդ, բրինձ, լոբի, սուրճ, հագուստ, ծամոն, «բոթաս» եւ այլն,- ասում է նա: -Պատկերացրե՛ք, եթե ապրանք ուղարկելու փոխարեն համապատասխան գումարն ուղարկեն, մարդիկ այստեղ ավելի շատ բան կգնեն: Օրինակ, մեկին երբ հարցրեցի, թե ինչո՞ւ ապրանքի փոխարեն գումարը չի ուղարկում՝ ասաց. «Ծնողներիս համար եմ ուղարկում: Մեր հայկական բնավորության համաձայն՝ ստացած փողերը դնելու են բարձի տակ, պահեն, չեն օգտագործելու, պահելու են նեղ օրվա համար: Դրա համար էլ գերադասում եմ անհրաժեշտ բաներ ուղարկել, ինչի կարիքը որ կա: Գիտեմ, որ չի վաճառի, ուղարկածը ստիպված կհագնի, կօգտագործի»: ԱՄՆ-ից եկող հագուստի մեծ մասն օգտագործված է լինում: Հայաստանից շատ ուղարկում են անկողին, բուրդ, հավանաբար՝ այնտեղ թանկ է կամ էլ մտածում են՝ հայ են, պարտադիր պետք է բրդե անկողնու վրա քնեն»: Հարցիս ի պատասխան, թե մասնավորապես ի՞նչն է արգելված Հայաստանից ԱՄՆ ուղարկել, պրն Սիմոնյանն ասաց, որ ԱՄՆ-ը սնունդ չի ընդունում, ընդունելու դեպքում էլ պետք է լիցենզավորված ապրանք լինի: Օրինակ՝ բաստուրմա, սիգարետ, դեղորայք, խմիչքներ չենք կարող տեղափոխել, իսկ սիգարետ միայն ուղեւորին է թույլատրվում, այն էլ՝ ընդամենը երկու տուփ՝ 400 հատիկ: Բեռնափոխադրումը կատարվում է մոտ 15 օրվա ընթացքում: Եթե ծանրոցի հասցեատերն օրինական բնակիչ չէ, փաստաթղթեր չունի՝ իրավունք չունի բեռը ստանալ: Դրա համար էլ «Կարգո Ջեթ Լայն» կազմակերպությունը բեռն ընդունելիս ճշտում է ստացողի փաստաթղթերի համապատասխանությունը, որից հետո ուղարկում է հասցեատիրոջը: Մինչեւ 1999թ. անհատին թույլատրվում էր 500 դոլարի սահմանում ապրանք ստանալ: Այս օրենքի շրջանակներում օգտվում էին մանր բիզնեսով զբաղվողները: Նույն թվականին այդ իրավունքն արգելվեց եւ մեծ բողոքներից հետո թույլատրվեց 180 օրվա ընթացքում մեկ անգամ 20 կգ, 100 դոլարը չգերազանցող քանակություն անվճար ներմուծել: Եթե մարդ ԱՄՆ-ից 10 դոլար արժողության նվեր էր ստանում, դրան գումարվում էր ճանապարհածախսը եւ 32% մաքսավճար: «Կարգո Ջեթ Լայն» ֆիրման 1կգ ապրանքի համար պահանջում է 4 դոլար 50 ցենտ, 75 դոլար մաքսային ձեւակերպումն է կազմում, եւ՝ կախված ապրանքի քանակից ու տեսականուց: Ընկերությունն ունի մաքսային միջնորդական լիցենզիա, հետեւաբար, իր մշտական հաճախորդից լրացուցիչ գումար չի վերցնում:
Ինչու է ԱԱԾ-ն հետաքրքրված մեդալներով
Մեր ունեցած տվյալների համաձայն՝ բեռնափոխադրումներով զբաղվող «Կարգո Ջեթ Լայն» ֆիրմայի բեռներում հայտնաբերվել են մեդալներ, որոնք արժանացել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուշադրությանը: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ից ուղարկված բեռներն անցել են մաքսակետով, եւ դրանց տեղափոխելու հետ կապված որեւէ արգելք չի եղել: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գալով «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ՝ պահանջել են բեռները եւ ստուգումներ են անցկացրել, իսկ ավելի ուշ փորձանմուշ են վերցրել եւ «կնքել են»: Ներկայումս մեդալներով ծանրոցը գտնվում է «Կարգո Ջեթ Լայնում», սակայն ԱԱ-ն հետաքննություն է անցկացնում: Ըստ հավաստի աղբյուրների՝ վերոնշյալ միջադեպից հետո կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչդեռ ընկերության տնօրեն Հրանտ Սիմոնյանը հերքեց դա՝ ասելով, որ կազմակերպությունը շարունակում է բեռնափոխադրումների աշխատանքը: Այնուամենայնիվ, վերջինս փաստեց, որ ծանրոցներում մեդալներ են եղել՝ հավելելով, թե դրանք արժեք ներկայացնող մեդալներ չեն կամ Ազգային անվտանգության հետ կապ չունեն: Պարզապես ուղարկողները երբեմն այնտեղից ճիշտ տեսականին չեն նշում, թե տվյալ ծանրոցի մեջ ինչ կա, եւ հայտարարագրումը 100%-ով չի համապատասխանում: Ըստ պրն Սիմոնյանի, դրանք հուշանվերային, փաստաթղթերով բրոնզե մեդալներ են, որ տարբեր երկրների գերբերի հավաքածու է: «Դրանք թանկարժեք մեդալներ չեն,- ասում է պրն Սիմոնյանը,- այնտեղից եկած որեւէ ծանրոցի հայտարարագրումը ճիշտ չի լինում: Եթե անձնական ծանրոց է, միանշանակ ճիշտ հայտարարագրում չի լինում, առանձին դեպքերում, եթե միատեսակ ապրանք է՝ համապատասխանում է»: Հարցիս, թե սովորաբար ԱԱԾ աշխատակիցները ստուգումներ իրականացնո՞ւմ են իրենց մոտ, պրն Սիմոնյանը պատասխանեց, որ առաջին անգամ էին ստուգում: Հարկ է նշել, որ Հ. Սիմոնյանն ԱԱԾ աշխատակիցների գործունեության մեջ տարօրինակ միտում չի տեսնում: