ԱՄՆ-ը Ռուսաստանին հարց է տալու

16/11/2007

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեքշաբթի օրը Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարց է առաջադրելու այն մասին, թե ՌԴ-ն պաշտպանո՞ւմ է արդյոք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Առանձին երկրների կողմից արված հայտարարություններում զգացվում է, որ նրանք ցանկանում են ինչ-որ բան շահել Վրաստանում առկա լարվածությունից, օրինակ, ցանկանում են ճանաչել Աբխազիայի անկախությունը կամ կոչ են անում մասնավոր սեփականություն ձեռք բերել Աբխազիայում: Կարծում եմ, որ նման հայտարարությունները վտանգավոր են եւ անտեղի»,- ասել է Բրայզան: Ի դեպ, Միխայիլ Սահակաշվիլիի այցն ԱՄՆ կարող է չեղյալ հայտարարվել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների պատճառով, երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Սահակաշվիլիի այցն ԱՄՆ պլանավորվում էր 2007 թվականի դեկտեմբերին: «Այս այցը պլանավորվել է վաղուց: Իհարկե, այժմ հարկավոր է ամբողջը վերանայել, եթե նա նախագահի պաշտոնի թեկնածու է: Վերջնական որոշումը կընդունի Ջորջ Բուշը, բայց ընդհանրապես ես ծանոթ եմ այդ պրակտիկային»,- հայտարարել է Բրայզան: Նրա խոսքով, ԱՄՆ-ը չի պատշտպանի Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուներից որեւիցե մեկին: «ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել այս կամ այն թեկնածուին, որովհետեւ այդ դեպքում մեզ կթվա, թե մենք պաշտպանում ենք անձնավորությունների: Դա չի արվի»,- հայտարարել է Բրայզան: