Պետք է գոհ լինեն, որ էդքան աշխատում ենք

16/11/2007

«Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդի` գործարար պատգամավոր Միքայել Վարդանյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ կատարվող իրադարձությունների մասին տեղյակ չէ:

«Ես նրա հետ չեմ կապվել եւ չեմ կարող մամուլի գրածների վրա հիմնվելով ինչ-որ մեկնաբանություն ասել»,- նշել է Մ. Վարդանյանն՝ ի պատասխան Հարկային պետական մարմինների կողմից Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում հանկարծակի սկսված ստուգումների մասին հարցի: Մ. Վարդանյանը նշել է, որ Հարկային պետական ծառայության աշխատակիցներն այժմ իրենց մոտ են «նստած ստուգումներ անում»: Լրագրողի այն հարցին, թե ինքը վտանգ չի՞ զգում, որ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսը կարող է Հարկային մարմինների ոտնձգության թիրախը լինել, Մ. Վարդանյանը պատասխանել է. «Եթե գործդ մաքուր է, եթե ես վստահ եմ, որ ամեն ինչ ինձ մոտ ճիշտ ա արվում, թող ինչքան ուզում են` գան, ստուգեն: Եթե էդքան էլ աշխատում ենք, պետք է գոհ լինեն, որովհետեւ հազարավոր ընտանիքներ ենք պահում, հարկեր ենք վճարում»: Ի դեպ, Մ. Վարդանյանը նախագահական ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Մ. Վարդանյանը ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցության աջակցությամբ: