«Անֆայմ» դիվանագիտություն

16/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում 2007 թվականին եղավ այն, ինչ եղավ 2006-ին կամ 2005-ին, այսինքն՝ ոչինչ էլ չեղավ: Գալիք տարվա ընթացքում էլ կարգավորման գործընթացում էական փոփոխություններ հազիվ թե լինեն:

Նախօրեին «Պրեսսինգ» ակումբում «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած՝ ղարաբաղյան խնդրին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, վերլուծաբաններ, ԱԺ պատգամավորներ: Հնչող տեսակետների մեջ գերակշռում էին վերը նշված կամ դրան մոտ տեսակետները: Սակայն թերեւս հատուկ ուշադրության է արժանի իշխող կուսակցության ներկայացուցչի տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ: Վերոնշյալ քննարկմանը մասնակցում էր եւ իր տեսակետը ներկայացրեց նաեւ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Եթե պարոն Աշոտյանի արտահայտած մտքերում ինչ-ինչ բաներ տարակուսանք առաջացնեն, հիշեք, որ համաձայն ՀՀԿ-ի կանոնադրության, կուսակցության պաշտոնական տեսակետները կարող են ներկայացնել միայն կուսակցության նախագահն ու նրա տեղակալները: Ուստի, շատ հնարավոր է, որ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն արտահայտում է զուտ իր անձնական տեսակետը եւ այդ տեսակետը ոչ մի կապ չունի կառավարող կուսակցության դիրքորոշման կամ վարվող քաղաքականության հետ: Եվ այսպես, ըստ Ա. Աշոտյանի, ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի: «2007 թվականին Ղարաբաղն այլեւս կոնֆլիկտ չէ, Ղարաբաղը պետություն է»,- նշեց նա: Այնուհետեւ ԱԺ պատգամավորը փաստեց, որ Ղարաբաղն էթնոտարածքային միավոր է, ապա կտրուկ անցում կատարեց դեպի Ադրբեջանի «անֆայմ» դիվանագիտություն: Բանն այն է, որ ըստ Ա. Աշոտյանի` «ադրբեջանական դիվանագիտությունը չի ֆայմում գոնե այդ հակամարտությանը տալ քաղաքացիական կարգավիճակ, ինչը կփորձեր հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այսպես ասած, քաղաքացիական պատերազմ լինելու խնդիրը»: Պարոն Աշոտյանը վստահեցրեց, թե կարելի է շատ գեղեցիկ ու անգամ փափուկ բարձեր տեղադրել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայաստանցիների, թե՛ ԼՂ քաղաքական վերնախավի գլխի տակ եւ ասել, որ «եվրաինտեգրումը նմանատիպ կոնֆլիկտների լուծման լավագույն տարբերակ է»: Սակայն, ըստ նրա, «եվրաինտեգրումն այնուհանդերձ չի հարթում պատմական, ազգամիջյան, լեզվաբանական, կրոնական եւ այլ բոլոր տեսակի բարիերները, որոնք պատմության ընթացքում ձեւավորվել են»: Այս մասին, բանախոսի հավաստմամբ, անգամ միավորված Եվրոպան է «ինքն իր սրտում հարց քաշում»: Դեռեւս անհասկանալի է մնում, թե վերջին շրջանում ՀՀԿ-ականներն ինչո՞ւ են համառորեն փորձում կրոնական ենթատեքստը տեղավորել ԼՂ հիմնախնդրի մեջ: Ա. Աշոտյանը երեկ նաեւ կրկնեց վաղուց շրջանառվող այն պնդումը, թե ԼՂ խնդիրը մենք վաղուց լուծել ենք: «Հայկական կողմի համար խնդիրը ոչ թե կոնֆլիկտի լուծման, այլ լուծված կոնֆլիկտին միջազգային լեգալություն հաղորդելու մեջ է: Սա է մեր խնդիրը եւ ոչ թե կոնֆլիկտի լուծումը»,- շարունակեց նա: Իրոք որ՝ բան չի մնացել, իսկ խնդիրը «լուծված է», եւ ընդամենը մնում է, որ դա ուրիշներին էլ հասկացնենք, ու նաեւ բացատրենք, թե եթե խնդիրը «լուծված է», էլ ի՞նչ իմաստ ունեն «բանակցությունները»: Պարոն Աշոտյանի հաջորդ միտքն էլ գալիս էր համոզելու, որ միջնորդները ժամանակ առ ժամանակ ավելորդ լավատեսություն պարունակող հայտարարություններ են անում ԼՂ հարցի մասին, որպեսզի ադրբեջանական հասարակությունը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ: «Որքան իրականությանը չհամապատասխանող հայտարարություն ես անում, բայց մեկ է՝ գալիս ես կոտրած տաշտակի առաջ, դա բերում է նրան, որ ադրբեջանական հասարակությունը գնալով ավելի շատ է համակերպվում ստեղծված իրավիճակի հետ»,- բացատրում է նա: Վերջում էլ ՀՀԿ-ական պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ՝ 2008 թվականի պետական բյուջեում առաջին անգամ նվազել է ռազմական ծախսերի տեսակարար կշիռը: «Մենք կարծեք թե արդեն հագեցել ենք»,- այդ փաստն այսպես բացատրեց նա: Սակայն, օրինակ, «Միջազգային ճգնաժամային խումբը» (ՄՃԽ), բանից պարզվում է, սա չի նկատել: ՄՃԽ-ն երեկ զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, թե «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, փոխարինելով դրանք ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով կարգավորելու ջանքերով»: ՄՃԽ-ի փորձագետները փաստում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակ ավելացնում են ռազմական ծախսերը: Նշվում է նաեւ, որ կողմերի քաղաքական կամքի բացակայությունն ու միջազգային համայնքի «անբավարար վճռականությունը» մշտապես խաթարել են դիվանագիտական հանգուցալուծման հույսը, իսկ «երկու երկրների» ղեկավարությունն իրենց հասարակություններին գնալով ավելի են տրամադրել փոխզիջման դեմ: «Միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ ընկալի պատերազմի վտանգը: Ռազմական հակամարտության վտանգն աճում է, եւ ջանքերը թուլացնելուց բխող վտանգները հսկայական են»,- ասում է ՄՃԽ Կովկասյան ծրագրի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան: Ըստ զեկույցի, «պրահյան գործընթացը» կարող է հիմք ծառայել խաղաղ կարգավորման համար, իսկ 2008-ին Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները կբարդացնեն քաղաքական միջավայրը, ուստի կողմերը մինչեւ ընտրությունները պետք է հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ ընդունեն, անգամ, եթե այն կնշի դեռ չհամաձայնեցված կետերը: Փաստորեն, զեկույցի հեղինակները ծանոթ չեն Ա. Աշոտյանի այն թեզին, որ Ղարաբաղը ոչ թե կոնֆլիկտ է, այլ պետություն, իսկ կոնֆլիկտը վաղուց «լուծված է»:

Հ.Գ.
«Պրեսսինգի» քննարկման ամբողջական նյութը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում: