Նոյեմբերի 19-20-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում «ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտությունը»: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Անկասկած, նախագահների հանդիպմանը ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը»,- ասել է Մամեդովը: Նա հայտնել է, որ Ալիեւի առաջիկա այցելության ընթացքում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. «Այցելությունը աշխատանքային բնույթ ունի»: «Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները դրական են, եւ համագործակցությունը շարունակելու համար երկխոսություն է անհրաժեշտ: Մյուս կողմից, Սարկոզիի համար եւս կարեւոր է հանդիպել Ադրբեջանի նախագահին՝ տարածաշրջանային խնդիրների մասին լավ պատկերացում կազմելու եւ Եվրասիայի «տաք կետերի» մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի դիրքորոշումները իմանալու համար»,- ասել է Մամեդովը: