«Այն, ինչ գյուղացու համար իր տունն է, քաղաքաբնակի համար քաղաքն է»,- կարծում է Շպենգլերը: Նա վստահ է, որ բոլոր քաղաքակրթությունները ձեւավորվել ու զարգացել են քաղաքում: Եթե այս պնդումը ճիշտ է նաեւ մեր ազգային մշակույթի պարագային, ապա տխուր հետեւություն պիտի անենք: Այսօր մեր ազգային մշակույթը ոչնչացվում է մեր մայրաքաղաքում: Անցած շաբաթ հենց մայրաքաղաքում տեղի ունեցավ մի միջոցառում, ինչը փառահեղորեն լուսաբանվեց մայրաքաղաքի ԶԼՄ-ների խիստ պատասխանատու հատվածի` հեռուստաընկերությունների կողմից: Իսկ ազգադավ տպագիր մամուլը հիմնականում որեւէ տեղեկատվություն չհաղորդեց այդ մշակութային միջոցառման մասին: Ես ինքս, խանդավառված, շաբաթ-կիրակի օրերին հեռուստալրատվական ծրագրերին էի հետեւում եւ ըմբոշխնում կարեւորագույն իրադարձության մասին պատմող ռեպորտաժները: Բոլոր լրատվական ծրագրերը սկսվում էին նույն անզուգական նախադասությամբ` «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար»: Ա՛յ դա իսկապես թատրոն էր: Թե չէ նախկինում ի՞նչ էր կատարվում այդ շենքում: Մեր ազգային մենթալիտետին ու բազմադարյա մշակույթին չսազական ինչ-որ երգուպար էին բեմադրում ու անունը թատրոն դնում: Ժամանակին` այսինքն, անցած դարի 30-ականներին, մեր երկրի ղեկավարները սխալվել էին: Ամենամեծ սխալն, իհարկե, ճարտարապետ Թամանյանինն էր: Նա մի խումբ մարդկանց հետ որոշել էր, որ Երեւանը քաղաք է: Հետեւաբար՝ մշակութային ու մշակութաստեղծ տարածք է: Այս թյուր եզրակացությունը հիմք ընդունելով՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը պետական փողերը քամուն տալով՝ Օպերայի ու բալետի թատրոն էր սարքել: Շենքում մի հատ էլ ուրիշ դահլիճ էր սարքել ու համերգասրահ անվանել: Լավ էր, 1990-ականներին ամեն ինչ տեղն ընկավ: Օտար մշակույթի այդ օբյեկտում վերջապես բոկայա-արամա-հայկոյական (սպիտակցի) ազգաշունչ երաժշտություն հնչեց (ու շարունակում է հնչել), ակումբ-ռեստորան բացվեց: Այսօր ձյուդոյի միջազգային մրցաշարը վերջապես իր լրումին է բերում պատմական արդարության վերականգնման գործընթացը: Մնացել է մի քանի փոքր քայլ` շենքից հարկավոր է հեռացնել մի քանի տասնյակ այն աշխատակիցներին, ովքեր դեռ ապազգային դիտավորությամբ ինչ-որ «Նորմա-մորմաներ» են բեմադրում: Հարկավոր է բռնագրավել նաեւ ամբողջ գույքը: Այն պետք կգա: Օրինակ` թատերական հեռադիտակով օթյակից կարելի է մանրամասն ուսումնասիրել ձյուդոիստների լարված դեմքերը եւ այլն: Ձյուդոյի մրցաշարի մասին այսքան դրական խոսքեր գրելուց հետո չեմ կարող չմատնանշել այն փոքրիկ սխալները, որոնք առկա էին: Կազմակերպիչները, հավանաբար, նախապես չէին ուսումնասիրել Օպերայի շենքի հնարավորությունները: Ճիշտ է, նվագախմբի փոսի հատակը հեռատեսորեն բարձրացրել էին, որ որեւէ մարզիկ պատահաբար փոսը չընկնի: Փոխարենը՝ ամենեւին չէին օգտագործել դահլիճի թատերական լույսերը: Հայտնի բան է` ձյուդոն ինքնին գունագեղ երեւույթ չէ: Մարզիկները գորգի վրա իրար քաշքշում էին սպիտակ կիմոնոներ հագած: Նրանց վրա թատերական գունավոր լուսարձակներն ուղղելով՝ կարելի էր գույների խճանկար ստանալ: Գունային տոները կարելի էր ավելի հյութեղ դարձնել ռամպաների` բեմի դիմացի հատվածում տեղադրված լուսարձակներով: Ի վերջո, կարելի էր օգտագործել նաեւ այն, ինչ օպերայի աշխատողներն անվանում են բեմի դեկոր: Օրինակ, եթե կազմակերպիչները ժամանակին պատահաբար «Նորմա» ներկայացումը զննած լինեին, կարող էին օգտագործել այդ բեմականացման առաջին ակտի դեկորը: Այն իրենից ներկայացնում է երկու մեծ վրան: Միջազգային մրցաշարի ժամանակ այդ դեկորը բեմի խորքում տեղադրելով՝ վրանները կընկալվեին որպես ձյուդոյի հայրենիք Ճապոնիայի սրբազան Ֆուձիյամա լեռան պատկեր: Եվ ընդհանրապես սրտացավ վերաբերմունքի պարագային թատրոնի տնտեսության ամբողջ գույքը կարելի է ի պետս օգտագործել: Օրինակ՝ «Անուշ» անունով հայտնի այդ տարօրինակ երաժշտական ներկայացման դեկորներն ապագայում կարելի է օգտագործել, երբ ազգային կոխ ըմբշամարտի միջազգային մրցաշար կազմակերպվի: Հայկական սպորտաձեւը` հայկական սարերի ֆոնին, ու ոչ մի ավելորդ ապազգային դետալ: Հանդիսատեսն անմիջապես կգնահատի, որովհետեւ նախկինում հայկական սարերի ֆոնին ի՞նչ էր ցուցադրվում` մի տխուր պատմություն՝ սիրահարված ու խելագարված հայ աղջկա մասին: Ծայրեծայր հորինված սուտ` ո՞վ է տեսել հայ, հալալ կաթնակեր, գյուղացի աղջիկը սիրահարվի ու էդ հողի վրա գժվի: Հայ աղջիկը Օպերայի շքեղ օթյակում նստած՝ պիտի արեւածաղիկ չրթի ու հանրապետության առաջին դեմքերի հայրական հոգածության ներքո պիտի ձյուդո նայի: Էդ գժվել-մժվելը գյուղական կյանքին բնորոշ բան չէ: Բժշկական վիճակագրության համաձայն՝ խելքից պատուհասվելը քաղաքային երեւույթ է: Դա թերեւս ուրբանիզացիայի ամենատխուր հետեւանքն է եւ հատկապես բնորոշ է մեծ քաղաքներին: Երեւանը մեր ունեցած-չունեցած միակ մեծ քաղաքն է: Հետեւաբար, հարկավոր է դրա վերջը տալ: Եթե մեզ հաջողվի մայրաքաղաքը գյուղի վերածել, ապա լուծած կլինենք սոցիալական այդ պատուհասը: Բան չի մնացել` մի քանի գրադարան, մի հատ Մատենադարան, մի քանի թատրոն, մեկ-երկու համերգասրահ, ու պըրծ: Կարելի է 100 հազար դոլար եւ ավելի մեծ մրցանակային ֆոնդով քաշքշուկների ու ծեծկռտուքների միջազգային մրցաշարեր կազմակերպել: