Շաքարային դիաբետ է ախտորոշված 580 երեխայի մոտ

16/11/2007

Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այն նշվում է «Դիաբետը երեխաների եւ դեռահասների մոտ» խորագրով: Հայաստանում այսօր հաշվառված է 7100 ինսուլինակախյալ եւ 30 հազարից ավելի դեղորայքով ապրող հիվանդ: Հանրապետությունում շաքարային դիաբետ է ախտորոշված 580 երեխայի մոտ, որոնցից 495-ն ինսուլինակախյալ են: Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդներին պետպատվերի շրջանակներում հատկացվում է անհրաժեշտ քանակությամբ ինսուլին եւ դեղորայք:

Նշենք, որ շաքարային դիաբետը երեխաների մոտ հանդիպող ամենատարածված քրոնիկական հիվանդությունն է: Դիաբետի միջազգային կոմիտեի տվյալներով` տարեկան մինչեւ 15 տարեկան շուրջ 70 հազ. երեխայի մոտ ախտորոշվում է 1-ին կարգի դիաբետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամբողջ աշխարհում շուրջ 180 մլն մարդ տառապում է այս հիվանդությամբ: Ըստ կանխատեսումների` մինչեւ 2030-ն այդ ցուցանիշը հավանաբար կկրկնապատկվի:

Շաքարային դիաբետից 2005-ին աշխարհում մահացել է 1,1 մլն մարդ: Դեպքերի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներին: Մահերի մեծ մասը գրանցվում է մինչեւ 70 տարեկանների շրջանում, որոնց 55 տոկոսը կանայք են: ԱՀԿ կանխատեսումներով` եթե հաջորդ 10 տարիների ընթացքում այս հիվանդության դեմ պայքարի համապատասխան քայլեր չձեռնարկվեն, մահերի թիվը կաճի շուրջ 50 տոկոսով: