Որքան էլ քննադատենք մայրաքաղաքի ճանապարհատրանսպորտային խցանումները, այդուհանդերձ, խցանումների մեջ հայտնվելն ունի նաեւ իր դրական կողմը: Օրինակ՝ մեքենայում գտնվող ուղեւորն անկախ իր կամքից՝ ստիպված է լինում լսել նյարդայնացած վարորդի մենախոսությունը, իսկ, եթե ուղեւորը նաեւ լրագրող է, ապա այդ խոսակցությունները դառնում են նյութի թեմա: Իսկ վարորդների քննարկումները ոչ պակաս հետաքրքիր են, քան ասենք՝ ԱԺ նիստերը, քանի որ վարորդներից շատերն ավելի կրթված-զարգացած են, քան մեր պատգամավորները:
«Ոնց որ իրանք են մեր վրա խաչ քաշել՝ նենց էլ ես եմ իրանց վրա խաչ քաշելու»
Երեւանի Կոնյակի գործարանի մերձակայքում խցանման մեջ կայանած վարորդ Մանուկը նյարդայնացած ասում է. «Ըհը, նայե՛ք, ավտոներն իրար գլխի լցված են, չէ՞, մեզ սենց ապուշ վիճակի մեջ են դնում, բայց օդանավակայանից մարդ են դիմավորել ու հիմա մեր ուսերի վրայով դրսից հյուր են տանում: Էն էլ ծառայողական մեքենաներն ու ԳԱԻ-ի ավտոները: Մենք սենց ժամերով մեր ներվերի հաշվին լռվում ենք, ինչ ա, թե` արտասահմանից մի իծամորուք ա գալիս՝ սենց մեր վրայով անցնելով իրանց են տանում: Բա վիրավորական չի՞, բա մեր երկրի ղեկավարները մեզ էշի տեղ չե՞ն դնում: Մենք սենց ներվային վիճակում ժամերով պրոբկի մեջ ենք մնում, քանի որ, ասենք, դրսից հյուր ա եկել ու ԳԱԻ-ի աշխատողները խառնվել են իրար: Հայ ժողովրդի վրա թքած ունեն: Հետո էլ ասում են, թե դրսում հայերին արհամարհում են, բա ի՞նչ պիտի անեն, երբ տեսնում են, որ օտարների մոտ մերոնց ոտքերը թուլանում են: Հազարավոր վարորդներ ժամերով սենց կանգնում են պրոբկի մեջ, բայց մի հատ իրավապահ չի երեւում, որ երթեւեկությունը մի քիչ կանոնակարգի, իսկ դրսից մարդ գալուց վռազ շողոքորթի նման վազում են, քիչ ա մնում դրանց ոտքերն ընկնեն: Էսքանից հետո ո՞նց հարգես քո երկրի ղեկավարներին կամ իրավապահներին, որոնք իբր կոչված են օրենք պաշտպանելու: Մեր փողերով աշխատավարձ ստացող իրավապահները, փաստորեն, մեր վրա թքած ունեն, բայց դրսից եկողների մոտ պատրաստ են բորենու նման լղոզվել: Նայում ես էս տեսարաններին ու մանթրաժ ես ընկնում, մտածում ես՝ հայի համար ինչի՞ է օտարը միշտ Նոր տարվա լիմոնադի նման, ուրիշներին հաճոյանալու համար ամեն ինչ անում ենք, բայց մեր ժողովրդի վրա թքած ունենք: Հիմա, տեսեք, մենք սենց լռված ենք, համարյա 40 րոպե կլինի՝ խցանումների մեջ ենք, էլի կկանգնեմ, բայց տեսնում եմ չէ՞, որ գայիշնիկներն եկան, արտասահմանցու համար ճանապարհ բացեցին, գնացին: Եթե իրանց համար կարան ճանապարհ բացեն, բա թող մեր երթեւեկությունն էլ կանոնակարգեն, քշենք-գնանք: Էդ արտասահմանցուն մեր պաշտոնյաները շարասյունով բերեցին, տեսան, որ հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ կանգնած են: Կարային, չէ՞, իրավապահների ուղարկեին, որ էս ճանապարհը մի քիչ բացեին, բայց թողեցին, անտարբեր անցան: Այսինքն՝ թքած ունեն: Դե՛, ուրեմն՝ նախագահական ընտրություններին թող էդ իծամորուք արտասահմանցիներին ուսերի վրա բերեն, որ իրանց ընտրեն, ոչ մեկին էլ չեմ ընտրելու: Ոնց որ իրանք են մեր վրա խաչ քաշել՝ նենց էլ ես եմ իրանց վրա խաչ քաշելու,- զայրացած ասում է Մանուկն ու ավելացնում,- Բայց, եթե, օրինակ՝ ես արտասահմանցի լինեի, մի քանի հազար դոլարի էլ Հայաստանում գործ դրած լինեի՝ բոլորը ոտքերիս տակ կլղոզվեին, կդնեին իրանց ուսերի վրա ու օդանավակայանից կհասցնեին հյուրանոց: Մի խոսքով՝ ամոթ, ամոթ մեր ղեկավարներին, համակարգին ու ընդհանրապես ամո՛թ մեր ազգի դրվածքին»:
Ղարաբաղ կոմիտեի քրգործի մասին
Վարորդ Վիգենն, ով խցանումների մեջ ընկնելիս ժամանակն օգտագործում է օրվա մամուլն ընթերցելու համար՝ տեղյակ է Հայաստանում կատարվող բոլոր իրադարձություններին եւ պատրաստ է ժամերով քննարկել, թե որ ոլորտում ինչ է կատարվում. «Տանը հետս կռիվ են անում, թե՝ աշխատածդ տալիս ես անկապ թղթերին, բայց ես սիրում եմ կարդալ: Էն ժամանակ մեր կրպակի աշխատողը՝ ուստա Մկոն, ինձ անգիր գիտեր, միշտ ինձ համար թերթ էր պահում՝ «Սովետական Հայաստան», «Ավանգարդ»: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, երկար տարիներ դպրոցում ուսուցիչ եմ աշխատել, իսկ հիմա իմ ուղեւորներն են գլխիս դասեր կարդում, բայց վա՛յ հիմիկվա ուղեւորների դասերին,- ծիծաղելով ասում է նա ու շարունակում,- հիմա մամուլն ուրախանալու շատ բան ունի, ազատ մամուլ ա: Էն ժամանակ թերթերը բացում էիր՝ չոր, պաշտոնական ինֆորմացիա էր ու լրիվ նույն ոճով էին գրում: Հոդված գրելու հատուկ ոճ կար ու, անկեղծ ասած, մի քիչ ծանր էր կարդալը: Հիմա մամուլը լավացել ա, բայց մեկ-մեկ թերթերը, որ կարդում ես՝ ոնց որ փողոցում նստած՝ խոսակցության ականատեսը լինես: Մեկ-մեկ հայհոյանքը չերեզչուր ա, չի կարելի էդքան իջնել, կոռեկտության զգացումը կորցնել: Ասեմ ձեզ, որ խմբագիրները պիտի հասկանան, որ դա ընթերցողին էլ ա տհաճ, որովհետեւ էդ ձեւակերպումները, անգրագետ արտահայտություններն ամեն ժամի լսում ենք ու, երբ թերթը բացում ես՝ դրա մեջ էլ ա նույնը՝ հիասթափվում ես: Ամեն թեմայի շուրջ թերթերի վերլուծությունները շատ սուբյեկտիվ են, բոլորը նույն թեման գրում են նենց՝ ոնց որ իրանց ա ձեռնտու, ու ըստ դրա եզրակացնում ես, թե էս թերթի «կռիշան» ով ա: Օրինակ՝ վերջին դեպքը Ղարաբաղ կոմիտեի քրեական գործն էր, որ որոշ թերթեր գրել էին՝ իբր Դատախազությունն ուզում ա Լեւոնի գլխին սարքի: Երբ կարդում էիր հոդվածները՝ համոզվում էիր, որ իշխանությունը հրաման ա արձակել, որ Դատախազությունը զրպարտի Լեւոնին: Իրականում ես համոզված էի, որ տենց ա, որովհետեւ որպես ընթերցող կամ սովորական քաղաքացի, որը հետեւում ա նաեւ հեռուստատեսության լուրերին՝ վստահ էի, որ էդ գործերը Դատախազությունում ա, բայց քանի որ Լեւոնը կենդանության նշան ա ցույց տվել՝ ուզում են իրա վրա շանտաժ անել: Բայց դա ահավոր բան ա, գիտե՞ք, որովհետեւ մարդու մեջ ատելություն սերմանելը մամուլի ու հեռուստատեսության միջոցով մեկից մեկ ա: Հետո, երբ լուրերով հայտարարեցին, որ Լեւոնն ասել ա, որ իրա մոտ են էդ գործերը՝ ես նենց վատ զգացի: Ոնց որ մեղքի զգացում ունենայի, որովհետեւ տղաներով խոսում էինք, ասում էինք, որ հաստատ Լեւոնի գլխին ուզում են սարքել, մեր իշխանության հասցեին ինչ ասես ասում էինք: Ախր, սրանք էլ էնքան վատ բաներ են արել, որ անկախ քեզանից իրանց մասին միշտ վատն ես մտածում, եթե անգամ ճիշտ են՝ չես հավատում, որ ճիշտ են: Շատ վատ ա, որ մարդը երկրի ղեկավարների հանդեպ հավատը կորցնում ա, որովհետեւ, եթե անգամ ուզում են լավ բան անել՝ մեկ ա՝ դու իրանց կասկածում ես, չես հավատում: Բայց շատ հանելուկային ա, ինչի՞ ա, օրինակ՝ Լեւոնը պետական սեփականություն համարվող հատուկ քրեական գործը տարել տուն ու 10 տարվա մեջ ոչ մի անգամ չի ասել, որ իրա մոտ ա: Եթե դա Քոչարյանն արած լիներ՝ հիմա մի 10 հատ հանցագործություն էլ կավելացնեինք ու կհայհոյեինք, բայց Լեւոնի արարքը, չգիտես ինչու, ընդունեցինք՝ որպես օրինաչափություն: Գործը գտան, վերադարձրին, ու վե՞րջ: Եթե ասենք՝ Դատախազությունն էդ գործը չուզեր, տենց էլ պիտի կորա՞ծ մնար: Մի խոսքով՝ էս վերջին դեպքը ինձ մի քիչ շփոթացրեց, ես սկսեցի մտածել, որ մենք կորցրել ենք մեր սթափությունը, մեզ ինչ սրսկում են՝ էն էլ վերցնում ու հավատում ենք: Մեր մտածելակերպը ստրուկի մտածելակերպ ա դարձել, որովհետեւ մեզ ինֆորմացիան տալիս են, իսկ մենք հալած յուղի պես ընդունում ենք ու ամենավատ եզրակացությունն ենք անում: Էս դեպքից հետո ես մի քիչ տխրեցի»,- ասում է Վիգենը:
Կարապետիչը դուդուկի դեմքով չի
Վարորդ Կարենն էլ վստահեցնում է, որ Հայաստանի ամենահամով-հոտով, հումորով, հավեսով քաղաքական գործիչը «Ժողովրդական» կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է. «Նախագահական ընտրություններին ձայնս իրան եմ տալու, թող նստի վերին գահին ու մեզ ուրախացնի: Միակ մարդն ա, որ անկեղծ ա, ձեւեր չի թափում, թե եսիմ ինչերի տեր ա, եսիմ ինչ գիտելիքներ ունի, էդ մարդը արհեստական չի, ինչ կա՝ էդ ա: Դրա համար էլ իրան շատ են քննադատում, բայց էն մարդիկ, ովքեր 10 հատ դիմակ հագած են ժողովրդի հետ շփվում՝ գալիս են իշխանության, հիասթափվում ենք, որովհետեւ իրան իսկականից ճանաչելու հնարավորություն չենք ունեցել: Կարապետիչը լրիվ մերկ նստում ա հեռուստաեթերում, ու իրա թերություններն ու առավելությունները լավ էլ գիտենք, իսկ էն մարդիկ, որ մենակ իրանց առավելություններն են ցույց տալիս՝ մեկ ա, անհամ մարդիկ են դուրս գալիս: Ուղղակի էդ տեսակ կերպարը մեր համար խորթ ա, բայց, օրինակ, երբ Բուշը բասկետբոլ ա խաղում՝ մենք ասում ենք՝ էս ինչ լավ նախագահ ա: Թող Կարապետիչը դառնա նախագահ, բայց շարունակի երգել, պարել, էս ազգը դուդուկ սիրող ազգ ա: Մեզ թվում ա, թե մեր նախագահի դեմքը միշտ պետք ա դուդուկի ձեն հանի: Օրինակ՝ Սերժը առաջ դուդուկի դեմք ուներ, բայց հիմա սկսել ա շուտ-շուտ ծիծաղել, որովհետեւ հասկացել ա, որ մարդիկ սիրում են, երբ նախագահը երկաթի կերպար չի լինում, այլ լինում ա նենց, ոնց որ սովորական մարդը: Էդ ո՞վ ա ասել, որ նախագահը պետք ա միշտ ջղային դեմք ունենա ու միշտ պետք ա մատ թափ տա: Ես կսիրեմ էն նախագահին, որը մեկ-մեկ թատրոն կգնա, մեկ-մեկ կերգի, կգնա տրակտորիստի հետ հանդիպման ու չի ամաչի գլխին 5 րոպեով կասկա դնել: Նախագահը պետք ա ցույց տա, որ ինքը իրա ժողովրդից մեկն ա, պետք ա մեկ-մեկ դուրս գա ժողովրդի մեջ ու ճանաչի մարդկանց հոգսերը, մարդկանց դարդ ու ցավը, թե չէ Սպիտակ տանը նստելով՝ չես իմանա, թե քո երկրի միայնակ թոշակառուն կամ ջահել ուսանողը ինչ պրոբլեմ ունի: Վերեւներում լինելով՝ մենակ վերեւների պրոբլեմները կտեսնես, իսկ ներքեւում կյանքն ահավոր ա: Կարապետիչը էն մարդն ա, որը միշտ ներքեւներին ասում ա՝ ես ձեր հետ եմ, իսկ էդ մեր համար մի աշխարհ ա»,- ասում է վարորդ Կարենն ու ժուռնալիստներին կոչ է անում՝ Տիգրան Կարապետյանին լուրջ ընդունել:
Օպոզիցիան աթոռ ա ուզում
Վարորդ Սեդրակն ինֆորմացիա ստանում է թերթերից ու ռադիոյից: Չի հասցնում հեռուստատեսային լուրերին հետեւել: Հիմնականում լսում է «Ազատություն» ռադիոկայանի լուրերը. «Հավանում եմ իրանց լուրերը, բայց դե, իրանք էլ ամերիկյան շահերից են խոսում, հո մե՞նք չենք իրանց դարդը»: Մի թերթով չի բավարարվում վարորդը, մի քանի թերթերից է իրադարձությունների ամբողջական պատկերը ստանում: «Ես մասնակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգին, որպեսզի լսեմ, թե 10 տարվա լռությունից հետո ինչ ունի ասելու ինձ, էս ժողովրդին: Գիտեք, հա, սիրուն էր խոսում, բայց սիրուն-սիրուն շատերը կարան խոսան, էնքա՜ն տենց մարդ կգտնեք: Էն ժամանակ էլ էր սիրուն խոսում, բայց ինչ արեց մեզ հետ: Մենք իրա հետ ոտքի կանգնեցինք, համազգային շարժում էր, հավատում էինք, բայց մեզ խաբեցին ու իրանք փախան իրանց տներով: Ինչ որ ասում ա` ճիշտ ա ասում, բայց նույն բաները իրա ու իրա թիմի մասին կարանք ասենք: Եթե Լեւոնը հեղափոխություն ա ուզում, 10 տարի տանը նստած ա եղել, թոշակ ա ստացել, աղայի պես ապրել ա, գրքեր ա գրել, մենք` էս ժողովուրդը, մի կերպ ոտքի ա կանգնել, օրուգիշեր աշխատել ա, մենք հեղափոխություն չենք ուզում: Սերժ Սարգսյանի մասին որեւէ վատ բան չի կարա ասի անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ ինչ-ինչ, ինքը դրա իրավունքը չունի: Թող գար, էսքան տարի ժողովրդի կողքին կանգներ, որ էդ իրավունքը ձեռք բերեր: Սերժ Սարգսյանը էսօր բոլորի հետ շփվում ա, գյուղեգյուղ ման ա գալիս, մարդկանց հոգսերին մոտիկից ծանոթանում ա, մարդկանց հարցերին ընթացք ա տալիս: Տեսա՞ք` Ամերիկան ու Ֆրանսիան նրան ոնց ընդունեց: Կտեսնեք` մի երկու միտինգ էլ Լեւոնն անի` ընդհանրապես ժողովրդին կհիասթափեցնի: Ինքը էկել-ասում ա` մենք լավն էինք, սրանք վատն են: Սերժը ճիշտ ասեց` փոխանակ ներողություն խնդրի, իրան ա գովում,- ասում է վարորդ Սեդրակն ու ավելացնում,- Լեւոնը ասում էր` մինչեւ ազգովի չխնդրեք՝ չեմ գալու, բա խի՞ նորից մեջտեղ էկավ, ո՞վ իրան ոտի հանեց: Սաղ աթոռի կռիվ ա, օպոզիցիայի փողերը պրծել ա, աթոռ ա ուզում: Թե չէ աչքերներն ուռել ա` ժողովրդի մասին մտածե՞ն»: