«ԶԼՄ-ների գլխավոր նպատակն ու հանրության առաջ պատասխանատվությունը՝ լսարանին անաչառ տեղեկատվության տրամադրումն է»,- կարծում է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: «ԶԼՄ-ի հանրային պատասխանատվությունն ընտրությունների ընթացքում» թեմայով կոնֆերանսի ժամանակ հատկապես ընտրությունների շեմին կարեւորելով ԶԼՄ-ների դերը՝ Տ. Պասկեւիչյանը նկատել է, որ ԶԼՄ-ները պետք է ուշադրություն դարձնեն 3 խնդրի. «Առաջին՝ որքանով է օբյեկտիվ, երկրորդ՝ արդյոք ԶԼՄ-ները բավարարո՞ւմ են հասարակության պահանջարկին, եւ երրորդ՝ արդյոք ինչ-որ հարցեր դուրս չե՞ն մնում ԶԼՄ-ների լուսաբանումից»: Ինչպես են այս երեք հարցերը արտացոլվում ԶԼՄ-ներում, Հանրային հեռուստաընկերության օրինակով ներկայացրեց «ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: «Եթե ԶԼՄ-ները ազդեցություն չունենային ընտրական գործընթացների վրա, ապա նրանք չէին գտնվի իշխանությունների կատաղի վերահսկողության տակ»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նշել է Ս. Սաֆարյանը: Անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող տեսանյութին, որտեղ հիմք են ընդունվել թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումները, պարոն Սաֆարյանն ասել է. «Թուրքական մամուլին հղում կատարելով՝ տեսանյութում ասվում է, որ ավելի լավ է ՀՀ նախագահ դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը, քան Սերժ Սարգսյանը: Սա էլ տեսակետ է, որը կարող է գոյություն ունենալ, սակայն չկա որեւէ մեկը, որը հիշեցնի, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ցանկալի նախագահի թեկնածու է Ադրբեջանում, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որեւէ մի հեռուստաընկերության լրագրող այսօր չի ասում, որ, երբ 1997-98թթ. ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբերակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, իր վերապահումներում, պահանջում էր հանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը, լինելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության մի մասը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով, այսօր ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար Սերժ Սարգսյանն ավելի ընդունելի է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ժամանակին չի ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Այսինքն` այսօր մենք գործ ունենք միակողմանի, կեղծ քարոզչական տեխնոլոգիաների հետ: Չի կարելի քարոզչություն իրականացնել մի թեկնածուի օգտին՝ մյուսի հաշվին»: Քննարկմանը մասնակցել է նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով իր ելույթից հետո, որտեղ, ի դեպ, նշել է, թե լրատվական դաշտում ամեն ինչ «չոտկի» է, հեռացել է քննարկումից:
«Նախընտրական շրջանում ԶԼՄ-ի դերն առավել մեծանում է, եւ որպեսզի կազմակերպվեն ազատ ու արդար ընտրություններ, նախ չպետք է խոչընդոտել լրագրողների աշխատանքներին: Անհրաժեշտ է ստեղծել այդ հարաբերությունները կարգավորող շրջանակներ, որոնք կխրախուսեն կարծիքի ազատ արտահայտումը, ընտրությունների ազատ, արդար լուսաբանումը»,- նշել է ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ժողովրդավարության ծրագրի պատասխանատու Սվեն Հոլդերը երեկ «ԶԼՄ-ի հանրային պատասխանատվությունն ընտրությունների ընթացքում» թեմայով կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով, պետք է շարունակական բնույթ կրի կարգավորող շրջանակների կատարելագործումը եւ չսահմանափակվի միայն ընտրությունների ժամանակաշրջանով:
Կատարելագործման գաղափարն ընդգծեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նշելով, որ առավել աճում է մամուլի հանրային պատասխանատվության դերն ընտրությունների ժամանակ, երբ դաշտում կան բացթողումներ: Դ. Հարությունյանը, անդրադառնալով այդ բացթողումներին, ասաց, որ Հայաստանում ամբողջովին կարգավորված չէ մինչ նախընտրական շրջանը: «Սակայն եթե չկա օրենսդրական կարգավորում, դա չի նշանակում, որ չի կարող լինել ինքնակարգավորում»,- ասաց նա: Ըստ Դ. Հարությունյանի` պատասխանատվության հետ սերտորեն կապված է էթիկան, որն իր մեջ ներառում է ԶԼՄ-ի կողմից ընդունված կամավոր նորմեր: «Պատահական չէ, որ օրեցօր ավելանում է էթիկայի կանոններն ընդունող ԶԼՄ-ի թիվը, իսկ դա նշանակում է, որ մենք ունենում ենք ավելի հասունացած, իրենց առաքելությունը պատկերացնող լրատվամիջոցներ»,- ավելացրեց Դ. Հարությունյանը: Նա առաջարկեց ուշադրություն դարձնել նաեւ տեղեկատվություն-վերլուծություն-քարոզչություն պատկերին, նշելով, որ նախընտրական շրջանում վերլուծություն կատարելն ավելի է մեծացնում լրագրողի պատասխանատվությունը հասարակության առջեւ, քանի որ այդ հրապարակմամբ նա արդեն ազդում է ընտրողի կամքի վրա եւ ուղղորդում նրան: