Միջնորդություն են ներկայացրել

16/11/2007

Մայիսի 12-ին Ոստիկանության շենքում սպանված 31-ամյա Լեւոն Գուլյանի հարազատները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին՝ մանեկենով փորձաքննություն անելու համար: Լեւոն Գուլյանի կնոջ՝ Ջեմմայի համոզմամբ՝ «չի կարող 7 մետր բարձրությամբ պատուհանից մարդ ընկնի 5 մետր հեռավորության վրա»: «Հիմա ցանկանում ենք տեսնել, թե մանեկենի դեպքում էլ նույնը կլինի՞ արդյոք, թե՞ ոչ, եւ ինչի՞ կարող է այն բախվել»,- ասում է Ջեմմա Գուլյանը: Հիշեցնենք, որ 31-ամյա Լեւոն Գուլյանը, ըստ Ոստիկանության վարկածի, 2-րդ հարկի պատուհանից ցած էր ընկել ու տեղում մահացել: Նրա հարազատների համոզմամբ՝ Գուլյանը ոչ թե պատուհանից ընկնելուց է զոհվել, այլ նրան սպանել ու ցած են նետել: Այդ նպատակով նրանք միջազգային փորձագետներ էին հրավիրել, որոնց եզրակացության օրիգինալը Հայաստան է հասել ընդամենը մի քանի օր առաջ: Հարազատները եզրակացության որոշ դիտողությունների հետ համաձայն չեն: «Դա էր պատճառը, որ այդ միջնորդությունը փորձեցինք ներկայացնել սկզբում մեր գործն ուսումնասիրող քննիչին, ապա նրանց վերահսկիչին»,- «Ա1+»-ին ասել է տիկին Ջեմման: Միջնորդությունները, սակայն, ամեն անգամ մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «մանեկենը չի կարող անել այն նույն գործողությունները, ինչ Գուլյանը»: Եզրակացության մեջ, օրինակ՝ Գուլյանի հարազատները համաձայն չեն այն կետի հետ, որ բարձունքից ընկնելուց Լեւոն Գուլյանի ստացած վնասվածքներն իբր համապատասխանում են իրականությանը: «Սակայն այստեղ չի նշվում, թե ինչ բարձունքից ընկնելու դեպքում է դա այդպես: Լեւոնի վրա կային նաեւ վնասվածքներ, որոնք բռունցքով հարվածի հետքեր են, բռնության հետքեր են»,- վստահեցնում է Ջեմմա Գուլյանը: Նշենք նաեւ, որ այս գործով նախաքննությունը դարձյալ երկու ամսով երկարաձգվել է, քանի որ, ինչպես Գլխավոր դատախազությունից էին Գուլյանի հարազատներին տեղեկացրել, փորձագետների եզրակացության օրիգինալը դեռ չեն ստացել: Գուլյանի կնոջ հավաստիացմամբ, սակայն, այս 6 ամիսների ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել: «Ընդամենը Ոստիկանության երկու աշխատակիցների համար, որոնք սպանությունից մի քանի րոպե առաջ իբր հարցաքննելուց են եղել Լեւոնին, նկատողություն թե տույժ են սահմանել՝ մասնագիտական ցածր պատրաստվածության համար, եւ վերջ»,- նշել է Ջեմմա Գուլյանը: