Ինչո՞ւ մեկ տարի առաջ ճէին ստուգում

16/11/2007

ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանը երեկ հայտարարություն է տարածել ՀՀ Հարկային պետական ծառայության եզրափակիչ արձանագրության եւ դրան նախորդած հաղորդագրության մասին, որում ասվում է.

«2007թ. նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին ՀՀ Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը մյուս օպերլիազորների հետ ներկայացել է ԳԱԼԱ ՀԸ եւ պաշտոնապես ինձ հանձնել «ՉԱՊ» ՍՊԸ-ում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը իրենց իրականացրած ստուգումների վերաբերյալ եզրափակիչ արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, «ՉԱՊ» ՍՊԸ իբր թաքցրած եկամուտների մասով հաշվարկված ԱԱՀ-ի, շահութահարկի եւ համապատասխան տույժերի ու տուգանքների հանրագումարը կազմում է 25.665.100 դրամ: Ես հայտարարում եմ, որ այդ թիվը որեւէ իրական հիմք չունի, այն հաշվարկելիս պաշտոնյաները օգտագործել են ոչ պատշաճ հիմքեր: Այժմ իմ հրավիրած աուդիտորները ուսումնասիրում են փաստաթղթերի փաթեթը, եւ օրենքով սահմանված ժամկետում այն կբողոքարկվի ստուգողների վերադասին կամ դատարան:

ՀՊԾ նոյեմբերի 12-ի հաղորդագրության երրորդ բաժնում ասվում է. « … ընկերության կողմից քաղաք Գյումրի, Վազգեն Սարգսյան 6ա հասցեի հարեւանությամբ օգտագործվող հեռուստաաշտարակը չի պատկանում կամ չի վարձակալված ընկերության կողմից, այն պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին եւ անօրինական ձեւով շահագործվում է ընկերության կողմից»: Գյումրու հին հեռուստաաշտարակի օրինական տիրոջը որոնել եմ 2004-2005թթ., դիմել եմ Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, Արխիվ, այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե ով է դրա տերը: Իմ ուժերով այն ամրացրել ու նորոգել եմ, ապա՝ սկսել եմ օգտագործել հեռուստաընկերության կարիքների համար: Միայն 2007թ. նոյեմբերի 12-ին՝ ՀՊԾ ստուգումների 14-րդ օրը Գյումրու քաղաքապետարանից ինձ տեղեկացրել են, որ աշտարակն իրենց սեփականությունն է: Նոյեմբերի 13-ին քաղաքապետարանից ինձ են տրամադրել Կադաստրի տրամադրած սեփականության վկայականը, ըստ որի՝ Գյումրու հին հեռուստաաշտարակը դատարանի որոշմամբ հանդիսանում է Գյումրի քաղաքի սեփականությունը: Սեփականության վկայականը կադաստրից տրվել է քաղաքապետարանին 2007 թվի նոյեմբերի 5-ին՝ հարկային ստուգումների 7-րդ եւ օպերլիազորների այցելության նախավերջին օրը: Մինչ այդ, ՀՊԾ հաղորդագրության մեջ նշված ամբողջ ժամանակահատվածում (ստուգման ժամանակահատվածը ներառյալ) աշտարակը չի պատկանել որեւէ մեկին, եղել է տիրազուրկ, եւ այդպիսով որեւէ մեկը ԳԱԼԱ ՀԸ-ից պահանջատեր չէր կարող լինել այդ աշտարակի օգտագործման համար: Հաղորդագրության այն հատվածը, թե « … հեռուստաաշտարակը … պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին եւ անօրինական ձեւով շահագործվում է ընկերության կողմից…», բացարձակ սուտ է այն ժամանակահատվածի համար, որ ուսումնասիրել է ՀՊԾ-ն. օպերլիազորները «ՉԱՊ» ՍՊԸ են ներկայացել 2007թ. հոկտեմբերի 29-ին եւ ստուգումները վերաբերել են դրան նախորդած ժամանակահատվածին: Այնինչ աշտարակը, ըստ կադաստրի վկայականի, դարձել է Գյումրու քաղաքապետարանի սեփականությունը միայն 2007թ. նոյեմբերի 5-ին: Աշտարակի սեփականաշնորհման այս հապճեպ գործընթացը եւս մի անուղղակի ապացույց է այն բանի, որ ԳԱԼԱ ՀԸ դեմ իշխանությունները փորձել են մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները. քաղաքապետարանը նախկինում չի դիմել դատարան իր սեփականության իրավունքը աշտարակի նկատմամբ ճանաչելու համար եւ այդ արել է Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի հրապարակումից հետո: Աշխարհում ամենուր խոսքի ազատության սահմանափակման գործողությունները կատարվում են հիմնականում հարկային գործիքների բանեցման, սեփականատերերին կամ լրագրողներին վախեցնելու կամ ոչնչացնելու մեխանիզմով, նրանցից ոմանց՝ քրեական հոդվածներով ազատազրկելով կամ արտաքսելով: Հայաստանի Հարկային պետական ծառայության մոտեցումն այս դեպքում նորարարական կամ ինքնատիպ չէ: ՀՊԾ-ն մոռանում է, որ իր պետը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում ասում է, թե ՉԱՊ ՍՊԸ-ում իրականացված տեւական ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ հարկային չարաշահումներ, այն դեպքում, երբ հարկային օպերլիազորները ՍՊԸ-ում առաջին փաստաթղթին ծանոթացել են 6 օր հետո՝ հոկտեմբերի 31-ին: Էլի ինչ-որ ապացույց հարկավո՞ր է այն բանի, որ ԳԱԼԱ-ի «գործը» քաղաքական է: Ի՞նչն էր խանգարում ՀՊԾ-ին ԳԱԼԱ ՀԸ ստուգումներն իրականացնել մեկ տարի առաջ, կամ ընտրություններից 10 օր անց»: