«Ամենագլխավոր հարցը, որով փախստականները դիմում են մեզ, այն է, թե ե՞րբ կկարողանան

16/11/2007

– Ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք փախստականների եւ ներքին տեղահանվածների հետ։ Կոնկրետ ինչո՞վ է զբաղվում ձեր կազմակերպությունը։ Ի՞նչ նախագծեր (օգնության ձեւեր) եք իրականացրել եւ այժմ էլ իրականացնում եք։

– Մեր կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվին` որպես Ադրբեջանի իրավաբանների առաջին ոչ կառավարական կազմակերպություն եւ նպատակ ուներ անվճար մասնագիտական իրավաբանական օգնություն ցուցաբերել բնակչության խոցելի խավերին։ Սկզբում մենք պետական գրանցում չունեինք եւ աշխատում էինք որպես նախաձեռնող խումբ` «Իրավական օգնության կենտրոն» անվանումով, իսկ 1999 թվին Արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո` «Իրավական եւ տնտեսական կրթության կենտրոն» անվանումով: Բնական է, որ փախստականները եւ ներքին տեղահանվածներն առաջին իսկ օրվանից մեր կազմակերպության գլխավոր նպատակային խմբերից մեկն են։

Կենտրոնն ի շահ փախստականների եւ հարկադրաբար տեղահանվածների իրականացնում է տարբեր նախագծեր, բայց հիմնական ռազմավարական խնդիրը նրանց անվճար իրավաբանական օգնությամբ ապահովելն է:

Սա նշանակում է, որ մեր իրավաբանները մարդկանց այդ կատեգորիային տրամադրում են անվճար ծառայությունների հետեւյալ տեսակները. անհատական եւ կոլեկտիվ խորհրդատվություններ (համայնքներում, մեկնելով կոմպակտ բնակության վայրեր), հեռախոսային խորհրդատվություններ, բողոքների եւ հայտարարությունների, դատական ատյաններ ներկայացնելու փաստաթղթերի պատրաստում, պաշտպանություն դատարանում (բացառիկ դեպքերում), սեմինարների եւ թրեյնինգների կազմակերպում համայնքների, նրանց հետ աշխատող պաշտոնյաների եւ կազմակերպությունների համար, տարատեսակ տեղեկատվական գրականության (բուկլետներ, բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ) պատրաստում եւ տարածում, իրադրության մոնիտորինգ (ներառյալ օրենսդրության վերլուծությունը), հանձնարարականների պատրաստում փախստականների եւ հարկադրաբար տեղահանվածների իրավիճակի բարելավմանը վերաբերող հարցերով (ներառյալ օրենսդրական փոփոխությունները), փախստականների եւ ներքին տեղահանվածների շահերի լոբբիավորումը։

– Մեր երկրում այսօր ուրիշ ի՞նչ հասարակական կազմակերպություններ են զբաղվում փախստականների խնդիրներով, արդյոք փոխվե՞լ է այդ կազմակերպությունների թիվն անցյալ տարվա նկատմամբ, ձեր կարծիքով՝ դա ինչի՞ հետ է կապված։

– Եթե հաշվի առնենք, որ ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանի բնակչությունը 8 միլիոն 600 հազար է, իսկ փախստականների թիվը կազմում է մոտ մեկ միլիոն, ապա դժվար թե գտնվի մի կազմակերպություն, որն, անկախ իր պրոֆիլից, գոնի մեկ անգամ նրանց որեւէ բանով օգնած չլինի։ Փախստականներով զբաղվող կազմակերպությունների թիվն աճում է, քանի որ առհասարակ աճում է հասարակական կազմակերպությունների թիվը։ Հասկանալի է, որ ոչ կառավարական կազմակերպությունների միայն մի փոքրաթիվ խումբ է, որ փախստականներին եւ բռնի տեղահանվածներին ցուցաբերում է մշտական օգնություն։ Դրանցից կարելի է առանձնացնել հետեւյալ առավել խոշոր եւ կայուն ազգային կազմակերպություններին. «Հայաթ», «Ումիդ», «Բութա», մեր կազմակերպությունը եւ ուրիշներ։ Բացի այդ, 1998 թվականից գործում է հարկադրված միգրանտների հետ աշխատող ազգային ոչ կառավարական կազմակերպությունների` Կովկասում առաջին ցանցը` «ՖԱՆԳՈՄ»-ը, որը ստեղծվել է մեր կենտրոնի եւ «Հայաթի» նախաձեռնությամբ, իսկ 2000 թվականից գործում է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների Ֆորումը։ Տարածաշրջանային մակարդակի վրա կա Հարավային եւ Հյուսիսային Կովկասի ստիպողական միգրանտներին օգնություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների «CRINGO» ցանցը, որի մեջ մտնում են Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի հարավի եւ չճանաչված (Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղ) կազմակերպությունները։

– Մեր երկրում միջազգային ի՞նչ կազմակերպություններ են զբաղվում փախստականների հարցերով։ Ի՞նչ նախագծեր են իրականացնում այդ կազմակերպությունները, եւ արդյո՞ք դուք համագործակցում եք նրանց հետ։ Դուք համագործակցո՞ւմ եք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փախստականներով զբաղվող կազմակերպությունների հետ։

– Դժվար է թվարկել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք Ադրբեջանում զբաղվում են փախստականների եւ հարկադիր տեղահանվածների օգնության հարցերով, բայց կարծում եմ, որ այդ տեղեկությունները կարելի է գտնել փախստականների հետ աշխատանքի Պետական կոմիտեում։ Սակայն, կարելի է առանց դժվարության թվարկել այն առավել խոշոր եւ կայուն միջազգային գործակալություններին, որոնք էական ներդրում են կատարել Ադրբեջանում փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրների լուծման գործում. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR) եւ ՄԱԿ-ի այլ կառույցներ (UNDP, UNICEF, UNIFEM, UNHCHR), Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը (IOM), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հետեւյալ միջազգային կազմակերպությունները. Care International, Relief International, Save the Children, հետեւյալ մասնագիտացված կազմակերպությունները. Փախստականների հարցերով Դանիական խորհուրդը (DRC), Փախստականների հարցերով Նորվեգական խորհուրդը (NRC)։ Ինչպես նշեցի՝ անհնար է թվարկել բոլորին։ Վերոհիշյալներից բացի` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, British Petrolium, արտասահմանյան երկրների դեսպանատները։ Անցած տարիների ընթացքում մեր կազմակերպությունը համագործակցել եւ այժմ էլ համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Կենտրոնը ներգրավված է տարածաշրջանային եւ միջազգային ցանցերի մեջ, ուր մտնում են նաեւ հայկական ոչ կառավարական կազմակերպություններ։ Այդպիսին է միջազգային մարդասիրական գործակալությունների ձեւավորած պրակտիկան, որոնք զբաղվում են հակամարտությունների լուծմամբ եւ հակամարտությունների զոհերին օգնություն ցուցաբերելով։ Օրինակ` պետական կառույցների հետ միասին մենք Ժնեւյան գործընթացի մասնակից ենք եղել 1998-ից մինչեւ 2000 թվականը, որտեղ ներկա էին նաեւ Հայաստանի պաշտոնական դեմքերը եւ ոչ կառավարական կազմակերպությունները։ ՄԱԿ-ի ֆինանսական օժանդակությամբ մենք անցկացրել ենք իրավաբանական ուսումնասիրություններ` նվիրված Ադրբեջանում գտնվող փախստական երեխաներին։ Նման աշխատանք զուգահեռ իրականացնում էին հայ իրավաբանները Հայաստանում եւ վրացիները` Վրաստանում։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի առաջարկությամբ՝ մենք կատարել ենք Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համեմատական վերլուծություն` պարզելու, թե որքանո՞վ է այն համապատասխանում բռնի տեղափոխությունների մասին ՄԱԿ-ի Ղեկավար սկզբունքներին։ Միեւնույն ժամանակ, իրենց երկրներում նմանատիպ աշխատանքներ են կատարել հայ եւ վրացի իրավաբանները։

– Ո՞վ է ֆինանսավորում ձեր կազմակերպությանը։ Դուք օգնություն ստանո՞ւմ եք կառավարությունից։ Խնդրեմ, համեմատեք իրավիճակը եւ մարդասիրական օգնության չափերը 1994-1999թթ., 2000-2004թթ. եւ ներկա պահին։

– Այդ հարցին ես պատասխանեցի վերը։ Դրանք նույն միջազգային կազմակերպություններն են, որոնց հետ Կենտրոնը նախկինում համագործակցել է եւ այժմ էլ համագործակցում է։ Ցավոք, մենք կառավարությունից օգնություն չենք ստացել եւ չենք ստանում։ Բայց ոչ կառավարական կազմակերպությունների համար հատուկ պետական հիմնադրամ ստեղծելուն ուղղված նպատակասլաց աշխատանքը, որ պարոն Ազայ Գուլիեւի ղեկավարությամբ կատարում են Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները եւ, առաջին հերթին, ոչ կառավարական կազմակերպությունների Ֆորումը, որի անդամն ենք մենք, մոտ է հաջողության։

Ինչ վերաբերում է մարդասիրական օգնությանը, ապա ես պաշտոնյա չեմ եւ չունեմ ճշգրիտ տվյալներ այդ օգնության չափի մասին։ Հակամարտության եւ օկուպացիայի սկզբում հարյուր-հազարավոր մարդիկ մահվան սպառնալիքի ներքո ստիպված էին հապճեպ լքել իրենց տները եւ ունեցվածքը։ Դրանով իսկ ստեղծվեց մի իրավիճակ, որը կարելի է բնորոշել որպես հումանիտար աղետ։ Ուստի մարդասիրական օգնությունը իրականացվում էր սննդամթերքի, հագուստի, հեղուկ վառելիքի, շինանյութի եւ այլնի տեսքով։ Ժամանակի ընթացքում մարդասիրական օգնության կառուցվածքը սկսեց փոխվել։ Առաջին անհրաժեշտության ապրանքների հետ միասին, փախստականներին եւ բռնի տեղահանվածներին սկսեցին մատուցել այնպիսի օգնություն, որն անհրաժեշտ է համայնքների ստեղծման, տարբեր տեխնոլոգիաների յուրացման եւ այլնի համար։ Բայց, հաշվի առնելով նավթի եւ գազի արդյունահանման աճը, կապիտալի ներհոսը եւ այլ գործոններ, միջազգային կազմակերպությունները սկսեցին քիչ-քիչ կրճատել մարդասիրական օգնության ծավալները, իսկ որոշ գործակալություններ դադարեցրին իրենց գործունեությունն Ադրբեջանում։ Կարծում եմ, որ միջազգային կազմակերպությունների գործունեության հաջորդ աշխուժացումը կլինի վերադարձված տարածքների վերականգնման շրջանում։ Իսկ փախստականների եւ հարկադրաբար տեղահանվածների կարիքները հոգալու համար անհրաժեշտ փողը սկսեց հատկացվել Ադրբեջանի նավթային հիմնադրամից։

– Ավելի հաճախ փախստականներն օգնության համար ո՞ր կազմակերպություններին են դիմում. պետական կառույցների՞ն, թե՞ մեզ մոտ գործող միջազգային կազմակերպություններին։

– Ադրբեջանում փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ նպատակասլաց աշխատանք է կատարվում ըստ պետական Ծրագրի։ Այդ ծրագրին մասնակցում են թե՛ պետական կառույցները (առաջին հերթին` Փախստականների հարցերով պետական կոմիտեն), եւ թե՛ հասարակական եւ միջազգային կազմակերպություններն ու գործակալությունները։ Պետությունն ավելի ու ավելի է մեծացնում իր բաժինը փախստականների եւ վերաբնակիչների օգնության նախագծերի ֆինանսավորման մեջ։ Վերջին տարիներին շոշափելի օգնություն է ցուցաբերում Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որի ղեկավարն է Ադրբեջանի նախագահի կինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիեւան։ Հիմնադրամը փախստականների համար կառուցում է դպրոցներ, մանկապարտեզներ, ավաններ։ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները նույնպես իրենց ավանդն են ներդնում այդ ընդհանուր գործի մեջ։ Օրինակ՝ վերջին տասը տարում մեր կենտրոնի իրավաբանները փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին մատուցել են մոտ 10.000 իրավաբանական խորհրդատվություն։

– Ի՞նչ կարող եք ասել փախստականների եւ ներքին տեղահանվածների իրավիճակի փոփոխության մասին վերջին 12-13 տարում։ Փախստականներն ավելի շատ ի՞նչ խնդիրներով են դիմում ձեզ։

– Ինչպես մատնանշեցի վերը, տնտեսական իրադրության փոփոխության հետ միասին` երկրում փոխվեց նաեւ փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վիճակը։ Առաջին` 1998 թվին Ադրբեջանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքն ընդունելուց հետո, Խորհրդային Հայաստանից փախած էթնիկ ադրբեջանցիները ստացան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ։ Դրանով իսկ պետությունը փախստականներին ցուցաբերեց ամենաբարձր մակարդակի՝ քաղաքական օժանդակություն` նրանց իրավունքները հավասարեցնելով Հանրապետության մյուս քաղաքացիների իրավունքներին։ Համաձայն 1951 թվականի փախստականների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի եւ նրան վերաբերող 1967 թվականի Արձանագրության` փախստականների, ապաստան փնտրող եւ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լավագույն լուծումը նրանց այն երկրի քաղաքացիություն շնորհելն է, որտեղ նրանք ապաստան են գտել։ Դա ավելի բարձր կարգավիճակ է, քան փախստականի կարգավիճակը, որը տրամադրում է ՄԱԿ-ը։ Սակայն քաղաքացիության ընդունումը փախստականների համար ստեղծում էր երկու խնդիր. նրանք զրկվում էին արտոնություններից եւ բոնուսներից, ինչպես նաեւ՝ կորցնում էին հարազատ վայրեր վերադառնալու իրավունքը, որտեղից նրանց ստիպել էին փախչել Հայաստանում տեղի ունեցած «էթնիկական մաքրումների» ժամանակ։

Այս հանգամանքը պատճառ դարձավ, որպեսզի պետությունն ընդունի այլ որոշում. ընդունվեց նորմատիվային ակտ, համաձայն որի` Խորհրդային Հայաստանից եկած փախստականները հավասարվեցին ներքին տեղահանվածներին` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով։ Այսինքն` մարդկանց այդ խումբը (մոտ 250.000 հոգի) եւ՛ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է, եւ՛ հարկադիր տեղահանվածներին հավասարեցված մարդիկ, ինչը նրանց հնարավորություն տվեց օգտվել արտոնություններից։ Եթե նախկինում փախստականներն ու տեղահանվածները ապրում էին ճամբարներում եւ ինքնաշեն տներում, ապա հիմա նրանց համար կառուցվում են նոր ավաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հատկացվում է հող, ստեղծվում են աշխատատեղեր։ Ըստ պաշտոնական աղբյուրների` այդ աշխատանքը կավարտվի 2008 թվականին։ Սակայն, ամեն ինչ այնպես հարթ չէ, ինչպես կուզենայինք։ Փախստականների համար որոշ ավաններ կառուցվում են ռազմաճակատի գծի մոտ գտնվող վայրերում, ինչը հակասում է ներքին տեղահանումներին վերաբերող ՄԱԿ-ի Ղեկավար սկզբունքներին, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում փախստականները նորից կարող են դառնալ առաջին զոհերը։ Բացի այդ, բոլոր ավաններում չէ, որ կան ենթակառուցվածք, աշխատատեղեր։ Ոչ բոլոր փախստականներն են հող ստացել, իսկ նրանք, ովքեր ստացել են, չունեն այն մշակելու հնարավորություն, քանի որ բավարար ֆինանսական միջոցներ չկան գյուղտեխնիկա, պարարտանյութեր եւ այլ բաներ գնելու համար։ Տները, որոնցում ապրում են, նրանց սեփականությունը չեն։ Անհրաժեշտ օգնություն ստանալու համար նրանք ստիպված են մեկնել խոշոր բնակավայրեր կամ շրջկենտրոններ, որոնք որպես կանոն հեռու են։ Բողոքներ կան շինությունների որակի վերաբերյալ։ Կան բժշկական եւ իրավաբանական օգնության մատչելիությունը դժվարացնող հանգամանքներ։ Չնայած մատնանշված խնդիրներին, վերջին 12-13 տարում փախստականների վիճակը փոխվել է դեպի լավը։ Ամենագլխավոր հարցը, որով փախստականները դիմում են մեզ, այն է, թե ե՞րբ կկարողանան վերադառնալ հարազատ վայրեր։

Հարցազրույցը՝ Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ