Լճացում է նկատվում

14/11/2007

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է անցումային շրջանում գտնվող երկրներին վերաբերող զեկույց, որում Հայաստանին խորհուրդ է տալիս արդյունաբերության ոլորտն ավելի բազմազան դարձնելու համար բարելավել գործարար միջավայրն ու ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականություն իրականացնել: «Արտասահմանյան եւ տեղական ընկերությունները շարունակում են խոչընդոտների հանդիպել Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղեր մտնելիս, ինչն էականորեն խանգարում է արդար մրցակցության ծավալմանը: Մրցակցության պակաս է զգացվում հատկապես մեծ պահանջարկ ունեցող ապրանքների շուկայում` հիմնականում այն պատճառով, որ որոշ մենաշնորհներ վերահսկում են լայն սպառման ապրանքների ներկրումը»,- ասված է ՎԶԵԲ-ի զեկույցում, որտեղ փաստվում է նաեւ, որ նախորդ երեք տարիներին Հայաստանում կաշառակերության ընկալման համաթիվն աճել է: Անդրադառնալով 2006 թ., ինչպես նաեւ՝ այս տարվա առաջին վեց ամիսներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներին՝ զեկույցն արձանագրում է, որ այդ աճի շարժիչ ուժը երկրում թափ առած լայնածավալ շինարարությունն է, որը հիմնականում իրականացվում է արտասահմանից փոխանցվող գումարների միջոցով: Փոխարենը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում լճացում է նկատվում: «Ընդհանուր առմամբ, մեծ պահանջարկ ունեցող ապրանքների շուկան շարունակում է մնալ սահմանափակ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ չունենալու պատճառով: Սա գործարարության զարգացման հիմնական խոչընդոտներից է, ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ հայկական ապրանքները զրկվում են լայն շուկա դուրս գալու հնարավորությունից, տրանսպորտային ծախսերն էլ թանկանում են, այլեւ այն պատճառով, որ ավելանում է կախվածությունն արտոնյալ պայմաններով գումարներ տրամադրող դոնորներից ու միջազգային ֆինանսական կառույցներից»,- նշված է զեկույցում, որտեղ արձանագրված է նաեւ, որ ի տարբերություն անցումային շրջանում գտնվող այլ պետությունների՝ Հայաստանում աշխատավարձերը շարունակում են մնալ ցածր, միեւնույն ժամանակ, շարունակում է մտահոգության տեղիք տալ հարկահավաքման ցածր մակարդակը: