Գործարարներն ասում են, թե իրենք ապաքաղաքականացված են

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հերմինե Նաղդալյան, ԱԺ պատգամավոր. «Գործարարը մի քաղաքականություն է ուզում. բիզնեսի քաղաքականությունը: Դա այն քաղաքականությունն է, որն ուղղված է պետության մեջ գործարարության աճի, զարգացման եւ դրա միջոցով նաեւ պետության զորացմանը: Դա մեր կրեդոն է, որ մենք ընտրել ենք 10-15 տարուց ի վեր: Գործարար մարդու համար մնացած բոլոր քաղաքականություններն անընդունելի են: Բոլոր տեսակի հեղափոխություններից գործարար մարդուն միայն մեկն է հարմար՝ գիտատեխնիկական հեղափոխությունը: Մնացած բոլոր պայմաններից գործարարին պետք է ամուր պետականություն, կայուն պետություն եւ ամուր, արդարացի օրենքներ: Ի պատիվ մեր իշխանությունների, կարող եմ ասել, որ նրանք վարում են հավասարը հավասարի քաղաքականություն: Իհարկե, լինում են նաեւ անակնկալներ, թեւքի մեջ թաքնված խաղաքարտեր, որ անպատեհ պահի հանվում են: Պետությանը պետք են կանխատեսելի գործարարներ, գործարարությանը պետք է կանխատեսելի կառավարություն»:

Արմեն Պողոսյան, «Սպառողների միություն» ՀԿ նախագահ. «Գործարարն իշխանություններին սերտաճած է, դրանք տարբեր օղակներ չեն, իրար մեջ են: Գործադիրը, օրենսդիրը եւ գործարար աշխարհը նույն խավն են եւ նույն շահերն են ներկայացնում, հետապնդում: Ուրիշ բան է, որ հասարակությունն այլ ինստիտուտներ ու էլեմենտներ պիտի ունենա դրանց դիմագրավելու: Ասենք, քաղաքացիական իրավունքների պաշտպանության ինչ-որ կառույցներ: Այդ ինստիտուտները մեզ մոտ թույլ են: Գործարարները բացի օրենքից ունեն տնտեսական հզորություն եւ մեծ-մեծ լծակներ իշխանական կառույցներում: Մյուս կողմը այդ բոլորից զուրկ է, միայն օրենք ունի, որն էլ թույլ ու սխեմատիկ ձեւով է ներկայացնում իր շահերը, կիրառական էլեմենտներով հստակ չէ: Իսկ տնտեսական եւ ստվերային հզորությունն անհամեմատելի ուժեղ են մեր ունեցած հասարակական կառույցների հզորությունների հետ»:

Ցոլվարդ Գեւորգյան, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ. «Երբեք չես կարող տարանջատել քաղաքականությունը տնտեսությունից: Գործարարներն իրենց քաղաքականությամբ միությունից դուրս են զբաղվում, միության մեջ զբաղվում են միայն տնտեսական կնճռոտ հարցերի լուծմամբ: Եվ նրանց երբեք թույլ չի տրվում պրեսինգ անել մեկը մյուսի նկատմամբ, եթե ունեն քաղաքական տարբեր հայացքներ: Համենայնդեպս, միության մեջ հավաքված մարդիկ համընդհանուր, համերկրային խնդիրների շուրջ են համախմբվում եւ ոչ թե նեղ-կուսակցական: Այս կամ այն կուսակցության անդամ գործարարը երբեք չի կարող վճռորոշ որոշում կայացնելու մեջ ճնշող դեր առանձնացնել իր կուսակցության համար: Նրանք համախմբվում են հարկային, մաքսային օրենքների կանոնակարգման շուրջ: Իսկ այդ օրենքները քաղաքական հենք չունեն, տնտեսական հենք ունեն»:

Արսեն Ղազարյան, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ. «Ապաքաղաքականացված, այնուամենայնիվ, քաղաքական պրոցեսներին մենք մասնակցում ենք մեր խոսքով, մեր կարծիքով, Ազգային ժողովում ներկայացրած մեր 48 գործարարների միջոցով, նաեւ՝ մեր որոշակի հայտարարություններով: Բայց ապաքաղաքականացված ենք այն առումով, որ մի ուղղության, մի կուսակցության շատ չենք ներկայացնում, ներկայացնում ենք միայն տնտեսական ոլորտը: Այս իմաստով մենք ունիկալ ենք, մեզ մոտ հավաքվում, քննարկում են տարբեր կուսակցությունների գաղափարախոսության տեր մարդիկ: Բայց դե սովորական քաղաքացին ապաքաղաքականացված չէ, գործարարն ինչպե՞ս ապաքաղաքականացված կլինի»: