ՀՀԿ համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առանձնահատուկ է լինելու նախընտրական շրջանում իր գործելաոճը, ասել է.
«Ոչ, ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մեր նպատակն է լինելու հայ ժողովրդին, առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներին, բացատրել մեր ծրագրերի իմաստը, նրանց ցույց տալու Հայաստանի ապագայի մեր տեսլականը: Ուրիշ որեւէ առանձնահատկություն, գոնե այսօր, մեզ համար գոյություն չունի»: Ս. Սարգսյանը համագումարի ելույթում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե պետք է կազմաքանդել ստեղծված համակարգը, հայտարարեց, թե պետությունը կազմաքանդելու յուրաքանչյուր փորձ կանխվելու է: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ նկատի ուներ՝ «կանխել» ասելով, եւ արդյո՞ք խոսքը բռնության մասին է, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ես առաջին հերթին նկատի ունեի քաղաքական կողմը, թե չէ, ինչպես դուք եք ասում, եթե նրանք ինչ-որ բան փորձեն անել, դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք կզբաղվեն: Դա կուսակցության գործը չէ»: Ս. Սարգսյանը բացառում է նաեւ գունավոր հեղափոխության հավանականությունը Հայաստանում` ասելով, թե ինքը մի քանի տարի առաջ էլ է հայտարարել, որ այդպիսի բան Հայաստանում բացառված է: «Մենք վաղուց բոլոր հեղափոխություններն արդեն արել ենք»,- հայտարարել է ՀՀԿ նախագահը:
Դիտարկմանն ի պատասխան, թե ի տարբերություն իրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուսանողների հետ հանդիպմանն իր անցած ճանապարհի մասին դրական է խոսել, Ս. Սարգսյանն ասաց. «Եթե դուք բավարար եք համարում այն, որ նա մոգոնում է ինչ-որ փաստեր, որ իբր ես արտաքսված եմ եղել որեւէ տեղ, եթե դուք դրական եք համարում այն, որ նա ասում է` իմ ունակությունները սահմանափակ են, եթե դուք դրական եք համարում այն, որ նա անձնական վիրավորանքներ է հասցնում, դա ձեր խնդիրն է արդեն, իմ խնդիրը չէ: Իսկ իմ ելույթի մեջ կես բառ անգամ անձնական որեւէ բան չկար»: Անդրադառնալով «Լոս Անջելես թայմսին» տված հարցազրույցի արձագանքներին, Ս. Սարգսյանն ասաց. «Ես ինչ ասելու էի, ասել եմ «Լոս Անջելես թայմսի» խմբագրակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ եւ ասել եմ ողջ ճշմարտությունը: Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, եւ եթե որեւէ մեկն ուզում է այնտեղ ինչ-որ բան գտնել, շատ պետք է չարչարվի: Այն, ինչ հիմա փորձում են ներկայացնել հանրությանը, տարրական չիմացության արդյունք է: Փորձում են ներկայացնել, իբր ես ասել եմ` Ղարաբաղի խնդիրը կրոնական հիմք ունի, եւ մենք կրոնների պատերազմ ենք մղում: Դա զավեշտական է, որովհետեւ ես երբեք այդպես ոչ մտածել եմ, նամանավանդ, ոչ էլ արտահայտվել: Ես ուղղակի ասել եմ, որ, այո, այս պայքարում կրոնական գործոնը տեղ ունի: Միշտ եմ ասել, ես սա առաջին անգամ չեմ ասել: Եթե տեղ չունի, ապա ինչո՞ւ են ոչնչացվում մեր պատմական հուշարձանները, ինչո՞ւ են ոչնչացվում խաչքարները, եւ եթե տեղ չունի, ապա ինչո՞ւ են հայ լինելու համար մարդկանց սպանել, եթե տեղ չունի, ապա ինչո՞ւ են հայ լինելու համար մարդկանց խարույկների վրա վառել: Եվ, ընդ որում, ոչ միայն նախորդ դարասկզբին, այլ նաեւ՝ նախորդ դարավերջին: Անշուշտ, եթե որեւէ մեկը հայտարարում է, որ այստեղ կրոնական պատկանելությունը, հավատամքը տեղ չունի, դա իր խնդիրն է: Բայց իր բարդույթը, իր պրոբլեմը նա չպիտի փորձեր իմ վզին փաթաթել»:
Ի դեպ, Ս. Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե նախագահական ընտրություններին հաղթելու է նա, ով ուժեղ եւ հավատարիմ թիմ ունի: Հարցին, թե ինչպիսին է իր թիմը, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ուժեղ: Մեր թիմը հավատում է գաղափարին: Գիտեք, անձնական հավատարմությունը երկրորդական ենք համարում: Անձնական հավատարմությունը մեծ նշանակություն ունի ընտանեկան, ընկերական հարաբերություններում, բայց քաղաքականության մեջ կարեւոր է, որ մարդ իր կաշին չփոխի, որ մարդ չփորձի մշտապես իր անբարոյական քայլերն արդարացնել՝ ասելով, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Ես չեմ համարում, որ մարդ կարող է քաղաքականությունում լինել անբարոյական, իսկ կենցաղում` բարոյական: Այդպիսի բան չի լինում: Այո, մեր թիմն ուժեղ է, ուժեղ է իր գաղափարներով, ուժեղ է իր անցած ճանապարհով: Մեր թիմի ուժը նա է, որ ունի շատ լավ պատկերացում, թե ինչպիսի երկիր կարելի է դարձնել Հայաստանը, եւ մենք այդպես վարվելու ենք»: