Խորդանոցի նման մրից սեւացած 4 պատի մեջ ծվարած երեխաներից ոմանք քնած են, իսկ մի քանիսն էլ ոտաբոբիկ վազվզում են ժանգոտ վառարանի շուրջը: 6 տարեկան Հայկը նման չէ քույրերին ու եղբայրներին, որոնց հայացքներում դաջվել է թախիծն, ու նրանցից ոչ մեկի աչքերում մանկության նշույլ չկա: Չարաճճի ժպիտով ասում է՝ «Գիտե՞ս, ես երազանք ունեմ»: «Հա՞, ի՞նչ երազանք»,- հարցնում եմ: «Ես պիտի գնամ ծառայելու: Իմ երազանքը զինվոր դառնալն ա: Հիմա փոքր եմ, ես հաց շատ եմ սիրում, պիտի շատ ուտեմ, որ պինդ տղա դառնամ ու գնամ ծառայելու»,- մեծավարի ասում է նա: Հայկը Գայանեի ու Արթուրի յոթ երեխաներից մեկն է, ով խաղալիքների ու շքեղ մեքենաների մասին երազանքների փոխարեն՝ երազում է զինվոր դառնալ ու հայրենիք պաշտպանել: Չնայած, որ այս փոքրիկն իր մանկությունը հաղթահարում է քաղցի ու ցրտի պայմաններում, այդուհանդերձ նրա ներաշխարհը շշմելու աստիճան խորն է: Ասում է՝ «Գիտե՞ս, ես դպրոցական կոստյում-շալվար ունեմ, բայց չեմ սիրում էդ շորերը: Ես զինվորական համազգեստ եմ սիրում ու երազում եմ, որ Տիկոյիս նման ես էլ հագնեմ էդ շորերից ու ավտոմատով կռվեմ»: Տիկոն Հայկի մեծ եղբայրն է, ով, արդեն 5 ամիս է, Ղափանում անցկացնում է իր զինվորական ծառայությունը: Գայանեն պատմում է, որ ավագ որդին՝ Տիգրանը, տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, երկու անգամ հիվանդանոցում բուժվել է, սակայն զինվորական ծառայության անցնելիս բժշկական հանձնաժողովը նրան ծառայության համար պիտանի է համարել:
«Էդքան հնարավորություն մեզ որտեղի՞ց, որ գնանք, իմանանք երեխու առողջական վիճակի մասին: Ահավոր ծանր վիճակում ենք ապրում, երեխաներս հաճախ սոված են քնում»,- պատմում է Գայանեն, ում խոսքերը տվյալ պարագայում ավելորդ ու «աղքատիկ» են աչքիդ տեսածի համեմատ: Յոթ երեխաների ծնողները գործազուրկ են, որովհետեւ մայրը փոքրիկներին է խնամում, իսկ Արթուրն, արդեն քանի ամիս է, չի աշխատում, որովհետեւ վարորդական իրավունքի փաստաթղթերը գտնվում են «փոսի ԳԱԻ-ում»: Արթուրը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է եւ առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողնաշարի ծռվածություն, շագանակագեղձի բորբոքում: Ծանր աշխատանք չի կարողանում կատարել: Տաքսի ծառայությունում աշխատելու ժամանակ խախտում է կատարել ու տուգանքն ի վիճակի չի եղել վճարել. «Հիմա էդ տուգանքի վրա էլի տուգանք ա ավելացել, մի քանի ամիս ա, չի կարում պրավան վերցնի, որ կարողանա նորից աշխատել: 200.000-ից ավելի տուգանք ա»,- ասում է Գայանեն, ով խոսելու հետ մեկտեղ` ձեռքն ընկածը լցնում է վառարանը, որ տան ցուրտը մի քիչ կոտրվի: Հայկն ու Համիկը 6 տարեկան զույգեր են ու, արդեն քանի օր է, դպրոց չեն գնում: Առաջին դասարանցի այս երեխաներն ամաչում են դպրոց գնալ, որովհետեւ լուսանկարվելու եւ վկայական տալու համար յուրաքանչյուր աշակերտից 2000 դրամ են պահանջում: Գայանեն նեղսրտած ասում է՝ «Ախր որտեղի՞ց ես 4000 դրամ տամ, երբ երեխաներս սոված են քնում: Խանութների պարտքերի ցուցակն արդեն էնքան ա կուտակվել, որ չեմ պատկերացնում, թե ոնց ենք տալու: Չգնացին դպրոց, ամաչում են, ես էլ եմ ամաչում, որովհետեւ կանգնում, բոլոր ծնողների մոտ խայտառակ են անում՝ գրքի, ֆոնդի, վինետկի փող բեր, հավաքարարի, դասատուի, էլ չգիտենք գլուխներս որ պատին խփենք»: Յոթերորդ դասարանցի Էդգարին մայրը ստիպված տեղափոխել է դժվար դաստիարակվող երեխաների կրթահամալիր, որովհետեւ այնտեղ դասագրքերն անվճար են տրվում: Էդգարն ամեն օր դպրոցից տուն վերադառնալուն պես սկսում է լաց լինել, ծնողներին նախատել, որ իրեն ստիպում են դժվար դաստիարակվող երեխաների հետ ուսում ստանալ: «Ի՞նչ անենք, ախր, ուրեմն՝ ընդհանրապես չպիտի ուղարկենք դպրոց, որովհետեւ չենք կարա գրքերի, ֆոնդի համար վճարենք: Խեղճ երեխեն տուն ա մտնում ու սկսում ա իրան կոտորելով լաց լինել, գոռալ, թե՝ ես էդ դպրոց ոտք չեմ դնելու, բայց էլի գնում ա, ճարն ի՞նչ ա: Ինքը խելոք, նորմալ երեխա ա, բայց դժվար դաստիարակվող, փողոցներից բերած երեխեքի միջավայրում իրան հոգեբանորեն շատ վատ ա զգում: Լացացնելով, կռվելով ուղարկում ենք»,- պատմում է Էդգարի մայրը, ով ծանր ապրումների մեջ է, որ աղքատության պատճառով երեխաներին միջնակարգ կրթությամբ անգամ չեն կարողանում ապահովել: Արթուրն ու Գայանեն յոթ երեխաների գոյությունը պաշտպանում են «Փարոսից» ստացած 43.000 դրամ նպաստով: Բազմազավակ այս ընտանիքը «Հույսի ավան» թաղամասում բնակարան ստանալու համար հերթագրված է, սակայն արդեն երեք տարի է՝ նրանց հորդորում են սպասել, բայց ոչ մի ռեալ բան չեն խոստանում: Վարդաշենի 6-րդ փողոցի հանրակացարանի նրանց սենյակում մթնոլորտն ու պայմաններն անտանելի են: Կոմունալ պայմաններն ընդհանուր են, ու դժվար է պատկերացնել, թե մանկահասակ երեխաների տարրական հիգիենիկ պայմաններն ինչպես են լուծում: Հայկը շատ նրբանկատ երեխա է, մոր տխրությունը նկատելով՝ մոտենում է նրան ու սկսում է քնքշորեն մխիթարել՝ «Մա՛մ, կտեսնես, մենք զինվոր կդառնանք ու կգնանք կռվելու, դու չմտածես, որ դպրոց չենք կարում գնանք, մենք լավ զինվոր կդառնանք ու քեզ կպաշտպանենք: Հետո բանակից կգանք, կաշխատենք ու հաց կառնենք: Մենակ, թե դու մի տխրի»: Հետո Հայկը սկսում է եղբայրներին ու քույրերին հարցաքննել, թե նրանցից ո՞վ է պատրաստ իր հետ զինվորական ծառայության մեկնելու: Ասում եմ՝ «Ախր, շատ ես շտապում, դեռ փոքր ես»: Պատասխանում է՝ «Հա, բայց կմեծանամ, քիչ ա մնացել: Գիտե՞ս, ես թուրքերին չեմ սպանելու, ես մենակ չար մարդկանց եմ սպանելու: Հիմա մարդիկ շատ չար են, մեր հարեւաններն էլ են շատ չար, իրանց վրա էլ կկրակեմ, որ ինձ ծաղրում, բան են ասում: Կտեսնե՛ս, ես նենց կանեմ, որ չար մարդիկ մեռնեն ու կյանքը լավանա»: