Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական, չորրորդ համագումարը: Զուտ որպես միջոցառում՝ համագումարը կայացավ. ներկա էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչապետները, կառավարության անդամներ, Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքը կարդաց անձամբ Արմեն Գեւորգյանը եւ այդպես շարունակ: Սակայն բովանդակային առումով Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարը չէր տարբերվում նմանատիպ այլ միջոցառումներից: Իսկ երեկվա համագումարը կարող էր միանգամայն այլ հունով ընթանալ, եթե հաշվի առնենք հատկապես հարկային վարչարարության վերջին խստացումներից հետո գործարարների շրջանում ստեղծված վիճակը: Ինչպես հայտնի է, այս տարեսկզբին գործարարների եւ հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների հետ ունեցած Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո հիմնականում մանր ու միջին գործարարները ենթարկվեցին Հարկային տեսչության աշխատակիցների «արշավին», որի հետեւանքները զգալի են մինչ այսօր: Այդ իմաստով, Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարը լավ առիթ էր նման խնդիրների մասին խոսելու եւ գործարարների շահերը պաշտպանելու համար: Սակայն քանի որ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը կազմված է հիմնականում գործարար «էլիտայի» ներկայացուցիչներից, որոնք Հարկայինի հետ, կարելի է ասել, խնդիրներ չունեն, երեկվա համագումարի ընթացքում իշխանությունների հասցեին «թթու» խոսքեր չհնչեցին: Ավելին՝ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր ելույթում մի քանի անգամ ընդգծեց կառավարության հետ իրենց համագործակցության մասին: Իհարկե, առանց կոնկրետ անուններ նշելու՝ Արսեն Ղազարյանը խոսեց առանձին գործարարների հովանավորչության, կոռուպցիայի եւ այլ նման երեւույթների մասին, սակայն նրա ելույթն ու համագումարի ողջ ընթացքն, ընդհանուր առմամբ, «իշխանամետ» էր: Ավելին՝ Արսեն Ղազարյանը հայտարարեց, թե Արդյունաբերողների եւ գործարարների միությունը կառուցողական ընդդիմության կարգավիճակ կարող է ունենալ, քանի որ, չնայած ապաքաղաքական կառույց է, սակայն չի կարող անտարբեր լինել քաղաքական երեւույթների նկատմամբ: Այս տեսակետը, իհարկե, լավագույնս հաստատվեց անցած տարի, երբ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից հետո Արդյունաբերողների եւ գործարարների միությունը հայտարարություն ընդունեց, որով կոչ էր անում չսասանել երկրի ներքաղաքական կայունությունը: Իհարկե, Արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներից ոմանք մեր թղթակցին ասել են, թե չեն կարծում, որ կառույցը քաղաքականացված է, սակայն բոլորն էլ գիտեն, թե Հայաստանում որ գործարարն ում հովանավորությունն է վայելում եւ ինչ կլինի նրա հետ, եթե նա իշխանություններին ոչ հաճո որեւէ բան ասի: