Ստուգումներն ավարտվել են

14/11/2007

Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) ավարտել է ստուգումները Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում, եւ ստուգման արդյունքներն ուղարկելու են Դատախազություն: Ըստ ՀՊԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի՝ երեկ տարածած հաղորդագրության, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող «Չապ» ՍՊԸ-ում իրականացվող՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում ՀՊԾ-ն հայտնաբերել է, որ 2005 թ. սեպտեմբերից մինչեւ 2007 թ. սեպտեմբեր ընկերությունը հեռուստատեսային գովազդային ծառայությունների մասով թաքցրել է իրացման շրջանառության իրական ծավալները՝ խուսափելով իրական հարկային պարտավորությունները բյուջեի նկատմամբ կատարելուց: Անցկացված ստուգման արդյունքում, ըստ հաղորդագրության, նշված ժամանակահատվածում ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 26 մլն դրամ. «Հարկային մարմինների ստուգման արդյունքում պարզվել է նաեւ, որ «Չապ» ընկերությունը առանց նման գործունեության համար օրենքով պահանջվող լիցենզիայի՝ 2000-2001, ինչպես նաեւ՝ 2003-2004 թվականներին, զբաղվել է «Բենգալյան կրակների» արտադրությամբ: Բացի այդ, Գյումրիում գործող մի քանի խանութներում կատարված ստուգումներով պարզվել է, որ նույն պիտակով «Բենգալյան կրակներ» են վաճառվել նաեւ 2006 թվականի դեկտեմբերին»: ՀՊԾ-ի հայտնաբերած խախտումը կապված է ընկերության կողմից Գյումրիի Վազգեն Սարգսյան 6 ա հասցեի հարեւանությամբ գտնվող հեռուստաաշտարակի օգտագործման հետ: Ըստ ՀՊԾ-ի, հեռուստաաշտարակը չի պատկանում կամ չի վարձակալված ընկերության կողմից: «Չապ» ընկերության հիմնադիր նախագահ Վահան Խաչատրյանը պնդում է, որ ՀՊԾ-ի հաղորդագրությունում հիմնականում «սուտ ու սխալ բաներ են գրված»: Հիշեցնենք, որ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին «ԳԱԼԱ»-ն ամբողջությամբ եթեր հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: