Ադրբեջանի շախմատի հավաքականի առաջատար շախմատիստներից մեկը՝ Թեմուր Ռաջաբովը, «APA Sport» լրատվամիջոցին տված հարցազրույցում բավական անկեղծ արտահայտել է իր զգացմունքները հայերի նկատմամբ։ Եվրոպայի թիմային առաջնության ավարտից հետո նա խոստովանել է, որ իրենք ատում են հայերին։ «Չեմ ժխտի, որ մենք շատ լարված էինք։ Անկախ նրանից, թե որտեղ ենք հանդիպում, թշնամին մնում է թշնամի։ Մենք բոլորս ատելության զգացում ունենք նրանց նկատմամբ»,- ասել է Ռաջաբովը՝ խոսելով 8-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2։ Ադրբեջանցու կարծիքով, իրենք կարող էին հաղթել. «Իհարկե, մենք հաղթելու շանս ունեինք, սակայն իրավիճակը զգալիորեն փոխվեց։ Վլադիմիր Հակոբյանն ինձ ոչ-ոքի առաջարկեց, երբ Շահրիար Մամեդյարովն ու Ռաուֆ Մամեդովն արդեն ոչ-ոքիով էին ավարտել իրենց հանդիպումները։ Ես ոչ-ոքին չընդունեցի, որովհետեւ այդ պահին Վուգար Գաշիմովը շատ վատ դիրք ուներ։ Նա պարտվեց, այնպես որ, ես պետք է հաղթեի Հակոբյանին, ինչն ինձ հաջողվեց»։ Հիշեցնենք, որ վերջնական արդյունքներով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը՝ ետեւում թողնելով ադրբեջանցիներին։ Միգուցե նաեւ սրանով է պայմանավորված երիտասարդի ատելությունը, որը մեզ միայն ձեռնտու է. զգացմունքայնությունն ազդում է խաղի որակի վրա։