Ներքին օգտագործման համար

12/11/2007

Մեր տեղեկություններով` նախագահի հնարավոր ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսը մտադիր են առաջիկայում ներքին օգտագործման համար սոցհարցումներ պատվիրել: Մեր աղբյուրների հավաստմամբ` շատերին հունից հանել են բրիտանական սոցիոլոգիական «Քոմրես» հեղինակավոր կազմակերպության կողմից վերջերս հրապարակած սոցհարցման տվյալները, որոնց անճշտության հավանականությունն, ըստ կազմակերպության տնօրենի` 2,2% է: Հիշեցնենք, որ ըստ «Քոմրեսի» տվյալների` գրեթե բոլոր առումներով առավելությունը տրվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե ընտրությունը լիներ առաջիկա կիրակի օրը, հարցվածների 38%-ը պատասխանել է՝ Սերժ Սարգսյանի: Երկրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ 13%-ով, Արթուր Բաղդասարյանը նրան զիջում է ընդամենը 1%-ով: Արտաշես Գեղամյանը 4-րդն է՝ 8%-ով, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 5-րդը՝ 6%-ով: Այնուհետեւ Վազգեն Մանուկյանն է՝ 5%, իսկ Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Կարապետիչը ու Վահան Հովհաննիսյանը՝ 4-ական % են ստացել: Ի դեպ, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արմեն Ռուստամյանը զբաղեցրել են վերջին 3 տեղը` 1-ական %-ով: