Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2008թ. փետրվարի 19-ին, որը հայտարարվել է նաեւ ոչ աշխատանքային օր: Այդ ամսաթիվը երեկ պաշտոնապես հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: «ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ լիազորված եմ հայտնել, որ հանրապետության նախագահի ընտրությունները, համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, տեղի կունենան 2008 թվականի փետրվարի 19-ին»,- ասել է Գարեգին Ազարյանը: Նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը ԿԸՀ-ն կընդունի նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերը, իսկ նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 20-ը: Նախագահի ընտրության քարոզարշավը կանցկացվի հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ը: Հեռուստաընկերությունները եթերային մեկ րոպեի արժեքը պետք է հրապարակեն մինչեւ նոյեմբերի 19-ը:
Փաստորեն, ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն փետրվարի 20-ին՝
Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի օրը: Այսինքն՝ ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում ժողովուրդը փողոց դուրս գալու միանգամից երկու պատճառ է ունենալու: