Կա ընդդիմության համախմբման հասարակական պահանջ, եւ ակնհայտ է, որ այսօր համախմբման ամենամեծ ներուժն ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ արդեն իսկ մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպություններ ու մտավորականներ հայտարարել են առաջին նախագահին աջակցելու մասին, եւ աջակցողների շարքն էլ ընդլայնվելու միտում ունի: Երեկ «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով՝ առաջին նախագահը «վերաիմաստավորել է իր անցած ուղին»: Փաստելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ արդեն ձեւավորվել է ընդդիմադիր լուրջ բեւեռ, ՀԺԿ ղեկավարը նշեց, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է առաջին նախագահի ու իշխանական հիմնական թեկնածուի միջեւ: Ս. Դեմիրճյանի խոսքերով՝ այսօր որեւէ թեկնածու միայնակ ընտրություններին մասնակցելու դեպքում հաղթելու հնարավորություն չունի, ուստի, եթե ընտրապայքարի մեջ մտնողների նպատակը հաղթելն է, ապա պետք է համախմբվել: «Մենք անհրաժեշտ ենք համարել եւ անհրաժեշտ ենք համարում ընդդիմադիր ուժեղ բեւեռի ձեւավորումը, եւ մեր ջանքերն ուղղված են եղել եւ ուղղված են դրան: Այդ իսկ պատճառով, ես անձամբ հակված չեմ այս անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Անհրաժեշտ է ուժեղ բեւեռի ձեւավորում, եւ լուրջ ու պատասխանատու քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ, մասնակցելով առանձին, որեւէ շանս չունեն, եթե, իհարկե, նպատակը հաղթելն է: Կոնկրետ մեր նպատակը հաղթելն է, իրական փոփոխությունների հասնելն է»,- նշեց նա: Ըստ նրա, ՀԺԿ-ն մինչեւ այս ամսվա վերջը հրավիրվելիք վարչության նիստում առաջիկա ընտրությունների հետ կապված վերջնական որոշում կկայացնի: Պատասխանելով հարցին, թե եթե որոշ ընդդիմադիրներ չմիանան առաջին նախագահին, դա ավելի շատ կլինի ի վնաս առաջին նախագահի՞, թե՞ ի օգուտ իշխանության թեկնածուի, Ս. Դեմիրճյանը նկատեց. «Բնականաբար դրանից շահում է իշխանությունը: Ակնհայտ է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»:
ՀԺԿ նախագահը երեկ խոսեց նաեւ սոցհարցումների մասին, մասնավորապես՝ բրիտանական «Քոմրես» կազմակերպության կողմից հայաստանցի ոչ անհայտ սոցիոլոգների միջոցով իրականացրած հարցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ համաձայն այդ հարցման տվյալների՝ Սերժ Սարգսյանն ունի շատ բարձր վարկանիշ, եւ ընդդիմադիրի համարում ունեցող 2-3 գործիչների վարկանիշն էլ ավելի բարձր է, քան առաջին նախագահինը: Ստեփան Դեմիրճյանը նախ նկատեց, որ այդ հարցման արդյունքները համահունչ են Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե կան 2-3 ընդդիմադիր թեկնածուներ, ովքեր առաջին նախագահից ավելի բարձր վարկանիշ ունեն, ապա նկատեց. «Այդ հարցումներին լուրջ մարդը լուրջ վերաբերվել չի կարող»: «Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն աճի միտում ունի: Դա ցույց տվեց նաեւ վերջերս կայացած հանրահավաքը: Այդ հարցումներով մանիպուլյացիաներ են արվում, արհեստական վարկանիշներ են բարձրացվում եւ այլն: Այդ ամեն ինչն անցել ենք: Նորություն չէ»,- շարունակեց նա: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ընդդիմության ոչ հեռավոր անցյալի հայտնի լիդերների փոխարեն՝ հասարակությունը ներկայումս իրավիճակի փոփոխության հույսն այսօր կապում է Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Այս փաստը ՀԺԿ ղեկավարն այսպես է բացատրում. «Հասարակությունը պահանջում է ուժերի համախմբում, եւ այսօր համախմբելու ամենամեծ հնարավորությունն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Ի դեպ, ՀԺԿ առաջնորդը երեկ նաեւ խոսեց ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման տարիների մասին: Ս. Դեմիրճյանը փաստեց, որ այն ժամանակ պատերազմ էր, հասարակարգ էր փոխվում, երկրաշարժ էր եղել, կային օբյեկտիվ դժվարություններ եւ այլն: «Կրկնում եմ, օբյեկտիվ դժվարություններ կային, բայց, ի վերջո, այդ տարիներին մենք հաղթել ենք պատերազմում, եւ այն ժամանակ նախագահ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ չի կարելի այն, ինչ եղել է բացասական, բարդել մեկ մարդու վրա, իսկ դրականը վերագրել՝ ում ասես, բայց ոչ իրեն»,- նշեց նա: Փաստելով, որ օբյեկտիվ դժվարությունների հետ զուգահեռ՝ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք եղել են նաեւ սխալներ, Ս. Դեմիրճյանը մասնավորապես ասաց, որ այդ տարիներին սխալներ են եղել կադրային քաղաքականության մեջ, եղել են կամայականությունների դրսեւորումներ, որոշ մարդիկ ձախողել են իրենց ստանձնած գործը, բայց պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն: «Ի վերջո, երբ հանրագումարի ենք բերում, այդ ծանր տարիներին մենք հաղթել ենք պատերազմ, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը: