ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հայտարարել է, որ իր հրամանով անցկացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ. հարուցված քր.գործը, որը բացակայում էր ՀՀ Գլխավոր դատախազության արխիվից, 1996թ. նոյեմբերի 6-ին հանձնվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«ՀՀ գլխավոր դատախազի ներկայիս աշխատակազմի ղեկավարը, որի ծառայակազմում է գտնվում արխիվը, ստորագրել է գրություն, որում նա խնդրել է Լ. Տեր-Պետրոսյանին՝ գործը վերադարձնել Դատախազություն: Քր.գործերն օրենքով արգելված է քննող մարմնից հանձնել մեկ այլ մարմնի, նույնիսկ հանրապետության նախագահն օրենքով իրավունք չունի քր.գործերը պահանջել եւ իր մոտ պահել: 1996թ. տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում, քանզի քր.գործերը չեն կարող պահվել մեկ այլ մարմնի արխիվներում, առավել եւս` մասնավոր արխիվներում: Կարծում եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանն այնքան խոհեմ կգտնվի, որ գործը կվերադարձնի Դատախազություն»,- երեկ ասել է Ա. Հովսեփյանը: Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի այս հայտարարությունը` ասելով, որ «Ղարաբաղ կոմիտեի» գործն իսկապես իր մոտ է: «1995 կամ 1996թթ. իմ խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը «Ղարաբաղ կոմիտեի» գործի հատորներն ուղարկել է Նախագահի նստավայր եւ համապատասխան ձեւակերպմամբ հանձնել նրա աշխատակազմին։ Դա արվել է՝ 1998թ. Ղարաբաղյան շարժման տասնամյա տարեդարձի առթիվ բացվելիք թանգարանում ի պահ դրվելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը տեղափոխվել են իմ անձնական արխիվ եւ մինչ այժմ պահվել ամբողջական վիճակում։ Արտավազդ Գեւորգյանին հաջորդած գլխավոր դատախազներից ոչ մեկը «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը վերադարձնելու խնդրանքով կամ պահանջով ինձ չի դիմել։ Այսօր էլ գտնում եմ, որ այդ նյութերը պահելու ամենահարմար տեղը Ղարաբաղյան շարժման թանգարանն է, որը վաղ թե ուշ պետք է բացվի։ Սակայն եթե կա որեւէ անհրաժեշտություն, ես պատրաստ եմ դրանք անմիջապես վերադարձնել Դատախազության արխիվ»։
Հ.Գ. Ի դեպ, երեկ Ա. Հովսեփյանն ասել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի վերաբերյալ հոկտեմբերի վերջին իրենցից որոշ տեղեկություններ էր խնդրել «Իրավունք» թերթը, եւ հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ այն արխիվում չէ: