Ասում է` քաղաքական հետապնդում է

12/11/2007

Գնահատելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ» կոնցեռնի ընկերություններում կատարվող հարկային ստուգումները, որոնց արդյունքում` մասնավորապես՝ «Բջնի» գործարանը հարկադիր պարապուրդի է մատնվել, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշել է, թե դա միանշանակ տեղի է ունենում Խաչատուր Սուքիասյանի համոզմունքների պատճառով: «Ուզում եմ նաեւ նշել Խաչատուր Սուքիասյանի արժանապատիվ կեցվածքը, որ նման հետապնդումներից հետո նա մնում է իր համոզմունքներին հավատարիմ: Դա նրան պատիվ է բերում»: Փաստելով, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում նույնպես հարկային ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերությունը հեռարձակեց առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը, Դեմիրճյանը նկատել է, որ սա եւս քաղաքական հետապնդում է: ՀԺԿ ղեկավարը նշել է, թե այդ գործելակերպն այս իշխանությունների համար օրինաչափ է: Նա ասել է նաեւ, որ, օրինակ, երբ ինքը նախագահի թեկնածու էր, հարկային ստուգումներ են անցկացվել «Մարս» գործարանում, որի տնօրենն է եղել ինքը: