Նախագահի արտահերթ ընտրություններ

12/11/2007

Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլիին մեղադրել է երկրի պետական իշխանության սահմանադրական մարմինների տապալմանն ուղղված

դավադրության մեջ: Երեկ տարածած հաղորդագրության մեջ Վրաստանի Դատախազությունը տեղեկացրել է, թե «տվյալ հարցով կանցկացվեն օրենքով նախատեսված ընթացակարգային բոլոր միջոցառումները»: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ՝ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում՝ հարցաքննության նպատակով վրաց մեծահարուստի ներկայությունն ապահովելու համար: Ըստ հաղորդագրությունների, Պատարկացիշվիլին այժմ Լոնդոնում է: Հիշեցնենք, որ Սահակաշվիլին որոշել էր բավարարել ընդդիմության պահանջները: Արդյունքում՝ մոտ 2 ամսից՝ հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ, որին մտադիր է մասնակցել նաեւ Մ.Սահակաշվիլին: Ըստ Վրաստանի Սահմանադրության, Սահակաշվիլին ընտրություններից 45 օր առաջ պետք է հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցի ԱԺ խոսնակ Նինո Բուրջանաձեին: Սահակաշվիլին բավարարել է նաեւ ընդդիմության մյուս պահանջը՝ ապրիլին խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարությունը պարզելու համար համաժողովրդական հարցում կազմակերպելու մասին: Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է միասնական թեկնածուով: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ընդդիմության առաջնորդներից երկուսը լքել են Վրաստանի տարածքը: Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին եւ «Ազատություն» կուսակցության ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդի Կոնստանտին Գամսախուրդիան հեռացել են Վրաստանից՝ խուսափելով իրենց դեմ հարուցված քրեական գործից: Նրանց հեռանալու մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իշխանական կուսակցության պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին: Նաթելաշվիլու, Կոնստանտին Գամսախուրդիայի եւ նրա փոքր եղբոր՝ Ցոտնե Գամսախուրդիայի դեմ Վրաստանի իրավապահները հարուցել են քրեական գործ՝ նրանց մեղադրելով ՌԴ հատուկ ծառայությունների հետ գործակցելու եւ ՌԴ-ի օգտին լրտեսելու համար: