Նրանք՝ ներքոստորագրյալները

12/11/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Բոլոր ժամանակներում էլ աշխարհի հզորները ցանկացել են իրենց շրջապատել գրագետ, գիտության կամ արվեստի բնագավառի փայլուն դեմքերով: Արվեստի, գիտության մարդիկ էլ կա՛մ համակրել են իշխանություններին, կա՛մ ընդդիմացել: Ընդ որում, երկու դեպքում էլ մասնավորապե՛ս արվեստի մարդիկ իրենց համակրանքը կամ դժգոհությունն արտահայտել են իրենց ստեղծագործություններով: Հայտնի են բազում դեպքեր: Օրինակ, Ներոնի մտերիմ բարեկամներից էր բանաստեղծ Վերգիլիոսը (նա, ում հետ Դանթեն հետագայում «ուղեւորվեց» Դրախտ, Դժոխք ու Քավարան` իր «Աստվածային կատակերգությունում»): Ունենալով տարաձայնություններ կեսարի հետ, Վերգիլիոսը, ժամանակակից լեզվով ասած` կոմպրոմիսներ չփնտրեց եւ կանխազգալով, որ փոքրոգի կեսարը որոշել է սպանել նաեւ իրեն, բանաստեղծը նախընտրեց կյանքին հրաժեշտ տալ ինքնասպանության միջոցով: Ըստ Հենրիկ Սենկեւիչի` Վերգիլիոսը կազմակերպեց մեծ խնջույք եւ խնջույքի վերջում կտրելով երակները` մահացավ: Սակայն պատմությանը իշխանությունների նկատմամբ անհամաձայնության շատ ավելի գրագետ ձեւեր էլ են հայտնի: Օրինակ` ինկվիզիցիայի դեմ իր դժգոհությունն իսպանացի նկարիչ Գոյան արտահայտում էր ինկվիզիցիան իր նկարներում ծաղրելու միջոցով: Արդյունքում ծնվեցին մեծարժեք կտավներ:

Երաժշտության ասպարեզում էլ բազում չտեսնված գործեր են գրվել` շնորհիվ կոմպոզիտորների քաղաքացիական դիրքորոշման: Բերենք հայտնի օրինակներից մեկը. Բեթհովենը հիացած էր Նապոլեոնով եւ նրա հետ մեծ հույսեր էր կապում: Ի նշան իր վստահության եւ համակրանքի` կոմպոզիտորը նրան ձոնեց իր երրորդ սիմֆոնիան: Սակայն Նապոլեոնի` կայսր հռչակվելուց հետո, Բեթհովենը, խիստ հիասթափված ու դառնացած, պատռեց սիմֆոնիայի տիտղոսաթերթը, եւ նրա երրորդ սիմֆոնիան կրում է «Հերոսական» անվանումը:

Հայ իրականության մեջ եւս Նալբանդյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Փարաջանովի եւ շատ այլոց օրինակները ցույց են տալիս, որ արվեստագետը, մտավորականն իր քաղաքացիական դիրքորոշումը, անհամաձայնությունը կամ համակրանքը գործող կարգերի դեմ արտահայտում է իր իսկ տաղանդի միջոցով` ստեղծելով մնայուն գործեր:

Հայ ժամանակակից մտավորականության պատմությունը խիստ աղքատիկ է նման կարգի դրվագներով եւ արվեստագետներով: Վերջին 15 տարիների տարեգրությունը վկայում է, որ գործող իշխանություններից դժգոհ կամ գոհ արվեստագետները, ռեժիսորները, գրողները, նկարիչները, կոմպոզիտորներն իրենց վերաբերմունքը հայտնում են ոչ թե իրենց աշխատասիրություններով, որոնց ծանոթանալիս` մարդիկ հնարավորություն կունենան հասկանալ թե՛ արվեստագետի տաղանդի աստիճանն ու ասելիքի խորությունը, թե՛ ընկալել նրա դիրքորոշումը` հասարակական երեւույթների նկատմամբ: Սակայն նման օրինակներ չունենք: Փոխարենն ընտրությունից ընտրություն ինչ-որ մեկի գլխում ծագում է կաղապարված բովանդակությամբ մի տեքստ, ուր «ներքոստորագրյալները» նշում են այն արժանիքները, որն ունեն իշխանությունները` հանձին իրենց նախընտրած թեկնածուի, եւ որոնցից զուրկ են նրա մրցակիցները: Նույն կերպ են վարվում նաեւ ընդդիմության թեկնածուների կողմնակիցները: Վերջերս ԵՊՀ-ում կազմակերպվեց ցերեկույթ, ուր դասախոսները հանդես եկան ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Հասկանալի է, որ պարոն Տեր-Պետրոսյանն էլ իր արժանիքները հրապարակայնորեն գնահատողների պակաս չունի. նրան գնահատողներն էլ հրապարակում են իրենց կոչ-հայտարարությունները: Այս խիստ քաղաքականացված մթնոլորտում, ի վերջո, յուրաքանչյուրը մոռանում է իր հիմնական աշխատանքը` ստանձնելով քաղաքական գործիչների փաստաբանների կամ մեղադրյալների անիմաստ գործը: Արվեստի, գիտության մարդկանց հիացմունքը, խանդավառությունը կամ ընդգծված հակակրանքը մասնավորապես նախագահի հայտնի թեկնածուների հանդեպ ավելի շատ խանգարում է հասարակությանը` ճիշտ կողմնորոշվել: Հատկապես՝ եթե «ներքոստորագրյալները» որեւէ գործնական գնահատական չեն տվել երեւույթներին:

Մինչ օրս այդպես էլ չգերազանցված մնաց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի քայլը: Նա, որպես իր քաղաքացիական անհնազանդության դրսեւորում, չցանկացավ ընդունել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն հանձնված շքա-նշանն ու այն վերադարձրեց: Բանաստեղծուհին, սակայն, չսահմանափակվեց իր քաղաքացիական դիրքորոշումն այդկերպ արտահայտելով. նա նաեւ իր բանաստեղծություններով անդրադարձավ մեր ժամանակներին:

Ժամանակակից արվեստագետների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ վերջիններիս տաղանդի չափից, քանի որ տաղանդավոր մարդն` անկախ իր քաղաքական դիրքորոշումից, հասարակական հետաքրքրություն է առաջացնում եւ, իր կամքից անկախ` իր ընտրությամբ կարողանում է կողմնորոշել նաեւ հասարակության որոշ մասին: Հայաստանում այսօր նման հեղինակավոր արվեստագետներ չկան, որոնց պաշտպանությունն այս կամ այն թեկնածուի օգտին կարողանա գոնե մի քանի տասնյակ մարդու հակել դեպի իրենց նախապատվելի թեկնածուն: Մեր արվեստագետների պասիվությունը, չափից ավելի քաղաքականացված լինելն ու որոշ դեպքերում` ապաշնորհությունը նրանց ազդեցությունն ու դերը թե՛ արվեստի ոլորտում, թե՛ հասարակական կյանքում նեղացրել է այնքան, որ այսօր նրանց առաքելությունը նույն հաջողությամբ կարող են կատարել հասարակությանը ծիծաղեցնող երիտասարդները: Նրանք, ովքեր կարողանում են անմիտ ու գռեհիկ հումորով դահլիճից ծիծաղ կորզել: Էստաֆետն այժմ նրանցն է: