2008թ. փետրվարի 19-ին նշանակված նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր հաստատված ժամանակացույցի, կսկսվեն նոյեմբերի 21-ին եւ կավարտվեն դեկտեմբերի 6-ին: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: ՀՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Գործող ԸՕ-ով` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները եւ քաղաքացիները` նախաձեռնող խմբի միջոցով: Սակայն օրերս ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ԸՕ փոփոխություններով` առաջադրման կարգը փոփոխվում է. թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահվում է միայն կուսակցություններին եւ քաղաքացիներին` ինքնառաջադրման կարգով: Հիշեցնենք, որ մինչ օրս առաջադրման մասին հայտարարել է 3 թեկնածու. հոկտեմբերի 4-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության 4-րդ համագումարն առաջադրել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի թեկնածությունը: Հոկտեմբերի 7-ին ԱԺՄ խորհուրդը որոշում է կայացրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու մասին, իսկ հոկտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Այսօր կհրավիրվի ՀՀԿ 11-րդ համագումարը, որի օրակարգային հարցերից է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: