Ռուսաստանը չպետք է միջամտի

12/11/2007

ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությունը: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: «Մենք ողջունում ենք վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ հանրաքվե անցկացնելու Վրաստանի նախագահի նախաձեռնությունը, ինչը նշանակում է Վրաստանի քաղաքական իրադրության լիցքաթափում ժողովրդավարական ճանապարհով»,- ասել է Բրայզան: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը «անհանգստացած է երկրում արտակարգ դրության հաստատումից եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի որոշակի սահմանափակումների կիրառումից»: «Վրաստանը մեր շատ նշանակալի բարեկամ երկիրն է, ուստի մեզ հուզում է այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում: Մենք գիտակցում ենք, թե որքան բարդ բան է ներկայացնում վրացական հասարակությունը, ինչն իր հերթին չի բացառում այն, որ կան մարդիկ, որոնք դրանից օգտվում են»,- նշել է Բրայզան: «Վրաստանում ներքին լուրջ լարվածություն կար, սակայն դա Վրաստանի ներքին գործն է, եւ Ռուսաստանը չպետք է միջամտի դրան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: «Մենք՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, պատրաստ ենք միաժամանակ երկխոսություն վարել բոլոր կողմերի հետ, թեեւ դա, իհարկե, կախված է վրացական կուսակցությունների ցանկությունից»,- հայտարարել է Մեթյու Բրայզան: