Երկու խմբավորումներ

12/11/2007

Նոյեմբերի 9-ին ռուսական լրատվամիջոցներից մի քանիսը տարածել են տարբեր տեղեկություններ, թե վերջին ամիսներին Մոսկվայում գործել են անչափահասների առնվազն երկու կազմակերպված խմբավորումներ, որոնք հարձակման են ենթարկել «ոչ սլավոնական» արտաքինով անձանց: Նախ՝ «Վրեմյա Նովոստեյ» հրատարակությունն էր հաղորդել, որ միայն այն հանգստյան օրերին, երբ սպանվել էր յակուտ շախմատիստ Սերգեյ Նիկոլաեւը, եւ ծեծվել՝ ուզբեկ դռնապան Ռուստամ Գուլիմովը, ազգայնականների զոհ է դարձել Ասիայից կամ հարավային այլ շրջաններից եկած 27 մարդ: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը ավելի ուշ, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, թե Մոսկվայում նախօրեին ձերբակալվել է եւս երկու մարդ, ովքեր մեղադրվում են 2006 թվականից մինչեւ 2007 թվականի ապրիլ կատարած 25 հարձակման եւ սպանության համար, որոնց ընթացքում 17 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Այդպիսով, ձերբակալվածների թիվը հասել է չորսի: Առաջին երկուսին իրավապահները ձերբակալել էին 2007 թվականի ապրիլին, հայաստանցի Կարեն Ամբարյանի սպանության գործով: Միեւնույն ժամանակ, ՌԴ Դատախազության Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչ Միխայիլ Իոնկինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում չի հաստատել ազգայնական հողի վրա սպանությունների գործով երկու նոր անձանց ձերբակալման մասին տեղեկությունը: Իոնկինը հրաժարվել է հայտնել քննության մանրամասներ, չնշելով նաեւ սպանությունների դրդապատճառների մասին որեւէ բան: